— Դա գայթակղության քար հանդիսացավ։ Պարոն օբեր-լեյտենանտ Շեբան հաջորդ օրը իր լողլող սպասյակին ուղարկում է մեր ռեստորանը։ Սպասյակը նրան մի պստլիկ կոլոնձ հավով փլավ է բերում, այնքան, ինչքան վեց շաբաթական երեխան կկեղտոտի բարուրի մեջ, երկու փոքր գդալ։ Այդ ժամանակ օբեր-լեյտենանտ Շեբան հարձակվում է նրա վրա, թե՝ կեսը կերել ես, իսկ նա մի գլուխ պնդում է, թե ինքը մեղք չունի։ Պարոն օբեր-լեյտենանտը մի լավ հասցնում է նրա ռեխին և ինձ օրինակ բերում, թե, տես, նա ինչպիսի բաժիններ է բերում պարոն օբեր-լեյտենանտ Լուկաշի համար։ Մյուս օրը այդ իզուր ծեծված զինվորը նորից է գնում ճաշ բերելու, ռեստորանում իմ մասին հարցուփորձ է անում, հետո գալիս ամեն ինչ պատմում իր պարոնին, սա էլ իր հերթին՝ իմ օբեր-լեյտենանտին։ Մի իրիկուն նստած եմ թերթը ձեռքիս ու կարդում եմ կռվի դաշտից թշնամու շտաբների տված հաղորդագրությունները։ Հանկարծ ներս է մտնում իմ օբեր-լեյտենանտը, երեսին գույն չկա, և միանգամից պահանջում է, որ ասեմ, թե ռեստորանից իմ հաշվին քանի՞ կրկնակի բաժին եմ առել։ Ասում է, թե ինքը ամեն ինչ գիտե և ժխտելն ինձ չի օգնի, թե վաղուց գիտեր, որ ես ապուշ եմ, բայց որ խելագար էլ եմ՝ իբր մտքովը չի անցել, թե ես իրեն այնպես եմ խայտառակել, որ հիմա իր միակ ցանկությունն է՝ գնդակահարել նախ ինձ, հետո իրեն։ «Պարոն օբեր-լեյտենանտ,— բացատրում եմ ես,— երբ դուք ինձ սպասյակ էիք վերցնում, առաջին իսկ օրն ասացիք, թե բոլոր սպասյակները չարագործներ և սրիկաներ են, իսկ քանի որ այդ ռեստորանում իսկապես շատ փոքր բաժիններ էին տալիս, դուք հիրավի կարող էիք կարծել, թե ես էլ բոլորի պես սրիկա եմ և լափել եմ ձեր․․․»։
— Ողորմա՜ծ աստված,— շշնջաց Բալոունը, կռացավ պորուչիկ լուկաշի ճամպրուկի վրա և վերջինիս հետ անհետացավ վագոնի խորքում։
― Հետո պորուչիկ Լուկաշը,— շարունակեց Շվեյկը,— սկսեց պրպտել իր բոլոր գրպանները, իսկ երբ ոչինչ չգտավ, ժիլետի գրպանից հանեց արծաթե ժամացույցը և տվեց ինձ։ Այնպե՜ս զգացված էր։ «Շվեյկ, ասում է, երբ ռոճիկս ստանամ՝ հաշիվ կազմեցեք, թե ձեզ որքան եմ պարտք։ Իսկ այս ժամացույցը ինձնից ձեզ նվեր։ Եվ մյուս անգամ ապուշ չլինեք»։ Մի անգամ մենք շատ նեղն էինք ընկել և ես ժամացույցը տարա լոմբարդ․․․
― Այդ ի՞նչ եք անում այդտեղ, Բալոուն,— հանկարծ ձայն տվեց ավագ գրագիր Վանեկը։
Անսպասելիությունից խեղճ Բալոունի խեղդահազը բռնեց։ Նա արդեն հասցրել էր բացել պորուչիկ Լուկաշի ճամպրուկը և բերանն էր խոթում նրա վերջին բուլկին։
* * *
Կայարանի մոտով, առանց կանգ առնելու, անցավ մի ուրիշ գինվորական գնացք, որ լեփ-լեցուն էր սերբիական ռազմաճակատ ուղարկվող դոյչմայստերներով։ Նրանք դեռ մինչև հիմա ուշքի չէին եկել Վիեննայում տեղի ունեցած խանդավառ ճանապարհումից և անդադրում բղավում էին․
Խիզախ իշխան Եվդենին
Խոստում տվեց արքային
Բելգրադն առնել, տալ նրան,
Արագ շինել մի կամուրջ,
Որ զորքերը մարտաշունչ
Դեպի կռիվ ընթանան․․․
Բեղերը կտրիչավարի ոլորած մի կապրալ, արմունկներով հենված բաց դռան առաջ նստած զինվորներին, որոնք թափահարում էին իրենք ոտքերը, դուրս էր կախվել վագոնից, չափ էր տալիս ու գոռում․
Կամուրջն արագ շինեցին,
Եվ գումակն ու այրուձին
Պղտոր Դանուբն անց կացան,
Զեմլինի մոտ ամրացան,
Որ քամուն տան սերբերին․․․
Նա հանկարծ հավասարակշռությունը կորցրեց, դուրս ընկավ վագոնից, թափով մեկ փորը խփեց սլաքի լծակին և մնաց նրա վրա, ինչպես քորոցի ծայրին ցցված։ Իսկ գնացքը շարունակում էր առաջ ընթանալև հետևի վագոններում սկսեցին մի ուրիշ երգ․
Կոմս Ռադեցկին մեծանուն
Երդվեց քշել թշնամուն
Լոմբարդիայից այն ավեր,
Վերոնայում անհամբեր
Նա սպասեց մինչև գան
Իր ուժերը օգնական․․․
Տխմար սլաքի ծայրին տնկված ռազմատենչ կապրալը մեռել էր։ Նրա մոտ արդեն պահակություն էր անում կայարանի պարետատան կազմի մեջ մտնող մի դեռահաս զինվորիկ, որն արտակարգ լրջությամբ էր կատարում իր պարտականությունը։ Նա կանգնել էր ձիգ, այնպիսի հաղթական տեսքով, որ կարծես ինքն էր կապրալին տնկել սլաքի վրա։
Դեռահաս զինվորը հունգարացի էր, և, երբ Իննսունմեկերորդ գնդի գումարտակի էշելոնից որևէ մեկը գալիս էր կապրալին նայելու, նա կայարանով մեկ բղավում էր․
― Nem szabad! Nem szabad! Komision militär nem szabad![25]
— Մեռավ պրծավ,— հառաչեց քաջարի զինվոր Շվեյկը, որ նույնպես հետաքրքրվողների մեջ էր։— Դա էլ իր առավելությունն ունի։ Թեև մարդու փորը երկաթ է մտել, այնուամենայնիվ բոլորը գիտեն, թե նա որտեղ է թաղված։ Ստիպված չեն լինի նրա գերեզմանը որոնել ռազմի բոլոր դաշտերում։ Շատ խնամքով է տնկվել,— գործիմաց մարդու պես ավելացրեց Շվեյկը, բոլոր կողմերից նայելով կապրալին։— Աղիքները մնացել են շալվարի մեջ․․․
— Nem szabad, nem szabad!,– բղավում էր հունգարացի դեռահաս զինվորը,— komision militär bahnhof, nem szabad!։
Հանկարծ Շվեյկի հետևից մի խիստ գոռոց լսվեց․
— Դուք այստեղ ի՞նչ եք անում։
Նրա առաջ կանգնած էր կադետ Բիգլերը։ Շվեյկը պատիվ տվեց։
— Համարձակվում եմ զեկուցել, նայում ենք հանգուցյալին, պարոն կադետ։
— Իսկ այդ ի՞նչ ագիտացիա եք մղում դուք այստեղ։ Ձեր ի՞նչ գործն է այս ամենը։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն կադետ,— արժանապատվորեն և հանգիստ պատասխանեց Շվեյկը,— ես ոչ մի տեղ ոչ մի ագիտացիա չեմ մղել։
Կադետի հետևում հնչեց զինվորների ծիծաղը, և առաջ եկավ ավագ գրագիր Վանեկը։
— Պարոն կադետ,― բացատրեց նա,— պարոն օբեր-լեյտենանտը հանձնակատար Շվեյկին ուղարկել է այստեղ, որպեսզի տեսնի ու նրան ասի, թե ինչ է պատահել։ Հենց նոր ես շտաբի վագոնումն էի։ Այնտեղ գումարտակի հրամանատարի կարգադրությամբ Մատուշիչը ձեզ է որոնում։ Դուք պետք է անհապաղ ներկայանաք պարոն կապիտան Սագներին։
Երբ մի րոպե հետո հնչեց գնացք նստելու ազդանշանը, բոլորը դիմեցին դեպի իրենց վագոնները։