Վանեկը, Շվեյկի կողքից քայլելով, ասաց․
― Երբ շատ մարդ է հավաքվում, աշխատեցեք քիչ ճամարտակել։ Կարող եք փորձանքի մեջ ընկնել։ Քանի որ այդ կապրալը դոյչմայստեր է, ապա կարող են կարծել, թե դուք նրա մահվան համար ուրախացել եք։ Չէ՞ որ Բիգլերը մոլի չեխակեր է։
— Բայց ես ոչինչ չէի ասում,— առարկեց Շվեյկը ամեն մի կասկած բացառող տոնով,— բացի այն բանից, որ կապրալը խնամքով է տնկվել և աղիքները մնացել են շալվարի մեջ, նա կարող էր․․․
— Ավելի լավ կլինի այս խոսակցությանը վերջ տանք, Շվեյկ։— Եվ ավագ գրագիր Վանեկը թքեց։
– Ախր չէ՞ որ մեկ է,— չէր սսկվում Շվեյկը,— թե աղիքներդ որտեղ դուրս կթափվեն հանուն կայսեր, այստե՞ղ թե այնտեղ։ Նա իր պարտքը կատարեց․․․ Նա կարող էր․․․
― Նայեցեք, Շվեյկ,— ընդհատեց նրան Վանեկը,— գումարտակի հանձնակատար Մատուշիչը նորից դեպի շտաբի վագոնն է սլանում։ Զարմանում եմ, թե ինչպես բոյով մեկ չփռվեց ռելսերի վրա։
Դրանից քիչ առաջ կապիտան Սագների և ջանասեր կադետ Բիգլերի միջև տեղի ունեցավ մի այսպիսի խիստ խոսակցության․
— Ես զարմացած եմ, կադետ Բիգլեր,— սկսեց կապիտան Սագները։— Ինչու դուք ինձ անհապաղ չեք զեկուցել, որ զինվորներին չեն տվել հարյուրհիսանական գրամ հունգարական երշիկը։ Հիմա ես ստիպված եմ ինքս գնալ և պարզել, թե ինչու են զինվորները պահեստից դատարկ ձեռքով հետ գալիս։ Պարոն սպաներն էլ ի՛նչ ասես արժեն, կարծես նրանց համար հրամանը հրաման չէ։ Չէ՞ որ ես պարզ և որոշ ասացի․ «Դեպի պահեստը երթային զորասյունով, վաշտ առ վաշտ»։ Դա կնշանակե, որ եթե դուք պահեստում ոչինչ չեք ստացել, ապա պետք է վերադառնաք դարձյալ երթային զորասյունով, վաշտ առ վաշտ։ Ես ձեզ, կադետ Բիգլեր, հրամայեցի կարգ պահպանել, իսկ դուք ամեն ինչ ինքնահոսի թողիք։ Ուրախացել էիք, որ այլևս հարկ չկա երշիկի բաժինները հաշվել, և հանգիստ թողել-գնացել էիք նայելու,— ես դա լուսամուտից տեսնում էի,— դոյչմայստերների շամփրված կապրալին։ Իսկ երբ ես հրամայեցի ձեզ կանչել, ազատություն տվիք ձեր կադետային երևակայությանը և ամեն տեսակ հիմարություններ դուրս տվիք, թե, իբր, գնացել էի համոզվելու, արդյոք շամփրված կապրալի մոտ որևէ ագիտացիա չի՞ մղվում․․․
— Համարձակվում եմ զեկուցել, տասնմեկերորդ գնդի հանձնակատար Շվեյկը․․․
— Գլուխս մի տանեք ձեր այդ Շվեյկով,— բղավեց կապիտան Սագները։— Չկարծեք, կադետ Բիգլեր, որ ձեզ այստեղ կհաջողվի պորուչիկ Լուկաշի դեմ ինտրիգներ սարքել։ Շվեյկին մենք էինք ուղարկել այնտեղ․․․ Այնպես եք նայում ինձ, որ կարծես ձեր նկատմամբ մանրախնդրության եմ անում։ Այո․․․ ես մանրախնդրություն եմ անում, կադետ Բիգլեր․․․ Եթե դուք չեք հարգում ձեր պետին, ջանում եք նրան արատավորել, ապա ես ձեզ այնպես գործի կդնեմ, որ դուք, կադետ Բիգլեր, Ռաբ կայարանը երկար հիշեք։ Միայն թողնեն պարծենաք ձեր տեսական գիտելիքներով․․․ Սպասեցեք, հենց որ ռազմաճակատ հասնենք․․․ Այն ժամանակ ես ձեզ սպայական հետախուզության կուղարկեմ լարափակոցների այն կողմը․․․ Իսկ այդ ինչպե՞ս եք զեկուցում։ Ասենք, ես չլսեցի էլ ձեր զեկույցը, երբ ներս մտաք․․․ Նույնիսկ տեսականորեն, կադետ Բիգլեր․․․
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն կապիտան, որ հարյուր հիսուն գրամ հունգարական երշիկի փոխարեն զինվորները ստացան երկուական բացիկ։ Ահավասիկ, պարոն կապիտան[26]
․․․Բիգլերը գումարտակի հրամանատարին հանձնեց երկու բացիկ, որ հրատարակել էր Վիեննայի զինվորական արխիվը, որի պետն էր հետևազորի գեներալ Վոյնովիչը։ Բացիկի մի երեսին նկարված էր ռուս զինվոր՝ մի մորուքավոր մուժիկ, որին գրկել էր մի կմախք։ Ծաղրանկարի տակ գրված էր․ «Der Tag, an dem das perfide Rußland krepieren wird, wird ein Tag der Erlösung für ganze unsere Monarchie sein.»[27]
։ Մյուս բացիկը պատրաստված էր գերմանական կայսրությունում։ Դա գերմանացիների նվերն էր ավստրո-հունգարական մարտիկներին։ Բացիկի վերևում տպված էր․ «Viribus unitis»[28], տակը զետեղված էր մի նկար՝ սըր Գրեյը՝ կախաղանի վրա, որի տակ ուրախ-ուրախ պատիվ էին տալիս ավստրիացի և գերմանացի զինվորները։ Նկարի տակ տպագրված էր մի ոտանավոր Գրեյնցի «Երկաթե բռունցք» գրքից (ուրախ քառյակներ մեր թշնամիների մասին)։ Գերմանական թերթերը նշում էին, թե Գրեյնցի ոտանավորները ձաղկող են, լի անխարդախ հումորով և չգերազանցված սրամտությամբ։ Ահա կախաղանի տակ զետեղված ոտանավորի թարգմանությունը․ԳՐԵՅԸ
Բարձունքի վրա կախաղան հանված,
Ճոճվում է Էդվարդ Գրեյն անաստված․
Պետք էր ավելի շուտ կախել նրան,
Բայց մի հանգամանք խանգարեց դրան․—
Ոչ մի սեգ կաղնի չուզեց իր ճյուղին
Օրորել նրան՝ Հիսուս Քրիստոսին դավաճանողին,
Եվ անասունն այդ ճոճվում է, ավա՜ղ,
Ֆրանսիացիների հանրապետական կաղամախից կախ։
Կապիտան Սագները դեռ մինչև վերջ չէր կարդացել «անխարդախ հումորով ու չգերազանցված սրամտությամբ» լի այդ տողերը, երբ վազեվազ շտաբի վագոն մտավ գումարտակի հանձնակատար Մատուշիչը։
Նրան կապիտան Սագներն ուղարկել էր կայարանի պարետանոցին կից հեռագրատունը՝ իմանալու, թե արդյոք որևէ հրաման չկա՞, և նա բերել էր բրիգադից արված մի հեռագիր։ Վերծանման բանալիին դիմելու հարկ չեղավ։ Հեռագիրը ծածկագրված չէր և բարբառում էր․ Rasch abkochen, dann Vormarsch nach Sokal[29]
։Կապիտան Սագները մտահոգ օրորեց գլուխը։
— Համարձակվում եմ զեկուցել,— ասաց Մատուշիչը,— կայարանի պարետը հրամայեց ձեզ խնդրել, որ անձամբ գնաք իր մոտ բանակցելու։ Ստացված է ևս մի հեռագիր։
Փոքր-ինչ հետո կայարանի պարետի և կապիտան Սագների միջև տեղի ունեցավ մի հույժ գաղտնի խոսակցություն։