Читаем Քաջարի զինվոր Շվեյկի արկածները полностью

Այդպիսով, պարեկը երկուսին էլ քարշ է տալիս-տանում։ Նրանք նստում են մինչև առավոտ, սպասելով սարսափելի վախմիստրին, որն այդ միջոցին շրջանց ճանապարհով հասնում է Բոիշչեի «Թասի մոտ» պանդոկը, արթնացնում ավագ վախմիստր Հուբիչկային, անուշի կապելով նրան ամեն ինչ պատմում և գլխի գցում, որ եթե նա լեզուն իրեն չքաշի՝ կարող է մեծ գործ բացվել։

Պորուչիկ Լուկաշն, ըստ երևույթին, այդ խոսակցությունից հոգնել էր։ Ցանկանալով հասնել առաջապահին, նա ձին վարգով քշելուց առաջ Շվեյկին ասաց.

— Եթե մտադիր եք մինչև երեկո խոսել, ապա այդ զբաղմունքը ժամը ժամի վրա ավելի ու ավելի տխմար կդառնա։

— Պարո՛ն օբեր-լեյտենանտ,— հեռացող պորուչիկի հետևից ձայն տվեց Շվեյկը,— չե՞ք ուզում իմանալ, թե դա ինչով վերջացավ։

Պորուչիկ Լուկաշը քառարշավ առաջ սլացավ։

Պոդպորուչիկ Դուբն այնքան էր ապաքինվել, որ կարողացավ սանիտարական սայլակից ցած իջնել, վաշտի ամբողջ շտաբն հավաքեց իր շուրջը և, կարծես կիսարթուն, սկսեց խրատել։ Նա հավաքվածներին դիմեց մի չափազանց երկար ճառով, որը նրանց ավելի ծանր էր թվում, քան հանդերձանքն ու հրացանը։

Դա զանազան խրատների մի փունջ էր։ Նա սկսեց այսպես․

— Պարոն սպաների նկատմամբ զինվորների տածած սերը հնարավոր է դարձնում կատարել անհավատալի զոհաբերություններ, բայց բոլորովին էլ պարտադիր չէ, որ այդ սերը լինի բնատուր։ Նույնիսկ ընդհակառակը, եթե զինվորը բնատուր սեր չունի, ապա հարկավոր է հարկադրել, որ ունենա։ Քաղաքացիական կյանքում հարկադրական սերը, ասենք, դպրոցականի սերը ուսուցչական անձնակազմի նկատմամբ, տևում է այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի այդ սերն հարուցող արտաքին ազդակը։ Զինվորական ծառայության մեջ մենք տեսնում ենք ճիշտ հակառակը, քանի որ սպան իրավունք չունի թույլ տալու ոչ իրեն, ոչ էլ զինվորին, որ որևէ չափով նվազի այդ սերը, որը զինվորին կապում է իր պետի հետ։ Դա սովորական սեր չէ, դա, իսկապես ասած, հարգանք է, վախ և կարգապահություն։

Շվեյկն այդ ամբողջ ժամանակ քայլում էր սանիտարական սայլակի ձախ կողքից, և քանի դեռ պոդպորուչիկ Դուբը խոսում էր՝ գլուխը դարձրել էր դեպի նրա կողմը, կատարելով «աջ հավասարում»։

Պոդպորուչիկ Դուբը սկզբում այդ բանը չնկատեց և շարունակեց իր ճառը․

— Այդ կարգապահությունը և հնազանդվելու պարտականությունը, սպայի նկատմամբ զինվորի տածած պարտադիր սերը կարելի է արտահայտել շատ կարճ։ Քանի որ զինվորի և սպայի հարաբերությունները բարդ չեն․ մեկը հնազանդվում է, մյուսը՝ հնազանդեցնում։ Մենք արդեն վաղուց գրքերից գիտենք ռազմական արվեստը, գիտենք, որ զինվորական լակոնիզմը, զինվորական պարզությունը այն առաքինություններն են, որ պետք է յուրացնի իր պետին կամա թե ակամա սիրող զինվորը։ Պետը նրա աչքին պետք է լինի անսասան և զորեղ կամքի մեծագույն, ավարտուն, բյուրեղացած տիպար։

Եվ միայն հիմա պոդպորուչիկ Դուբը նկատեց, որ Շվեյկն աննդհատ նրան է նայում և «աջ հավասարում» կատարում։ Դա նրա համար շատ տհաճ էր, քանի որ հանկարծ զգաց, որ իր ճառի մեջ խճճվել է և չի կարողանում դուրս գալ պետի նկատմամբ զինվորի տածած սիրո արխից, և այդ պատճառով Շվեյկի վրա գոռաց․

— Ի՞նչ ես աչքերդ վրաս չռել նոր դարբաս տեսած ոչխարի պես։

— Ես դա անում եմ համաձայն ձեր հրամանի, համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ։ Մի անգամ դուք ինքներդ բարեհաճեցիք իմ ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ երբ դուք խոսում եք՝ ես պարտավոր եմ աչքս չկտրել ձեր բերանից։ Քանի որ ամեն մի զինվոր պարտավոր է պետի հրամանները սրբորեն կատարել և իր ամբողջ կյանքում հիշել, ապա ստիպված էի այդպես վարվել։

— Ուրի՛շ կողմ նայիր,— գոռաց պոդպորուչիկ Դուբը,— և չհամարձակվես ինձ նայել, հիմար։ Գիտես, որ ես այդ բանը չեմ սիրում և տխմար ռեխդ տանել չեմ կարողանում։ Ես դեռ քո մերը կլացացնեմ։

Շվեյկը «ձախ հավասարում» կատարեց և, կարծես քարանալով, շարունակեց քայլել պոդպորուչիկ Դուբի կողքից։

Պոդպորուչիկ Դուբը չդիմացավ.

— Այդ ո՞ւր ես նայում, երբ քեզ հետ խոսում եմ։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ձեր հրամանի համաձայն ես «ձախ հավասարում» կատարեցի։

— Ա՜խ,— հառաչեց պոդպորուչիկ Դուբը,— իսկական պատիժ ես իմ գլխին։ Ուղիղ առջևդ նայիր և մտածիր. «Ես այնպիսի հիմար մարդ եմ, որ կորցնելու բան չունեմ»։ Հասկացա՞ր։

Շվեյկն իր առջևը նայելով՝ ասաց.

― Թույլ տվեք հարցնել, պարոն օբեր-լեյտենանտ, արդյոք պարտավո՞ր եմ այդ հարցին պատասխանել։

— Ինչպե՞ս ես համարձակվում,— բղավեց պոդպորուչիկ Դուբը։— Ինչպե՞ս ես ինձ հետ խոսում։ Ի՞նչ նկատի ունեիր այդ ասելիս։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, նկատի ունեի կայարաններից մեկում ձեր տված այն հրամանը, թե ես առհասարակ չպետք է պատասխանեմ, եթե նույնիսկ ձեր խոսքը վերջացրած լինեք։

— Ուրեմն ինձնից վախենո՜ւմ ես,— ուրախացավ պոդպորուչիկ Դուբը։— Բայց ինձ դեռ լավ չճանաչեցիր։ Իմացած եղիր, որ քեզ նմանները չեն առաջս դողացել։ Ես ավելի թունդ ղոչիներ եմ խեղճացրել։ Լռիր և ետևից քայլիր, որ քեզ չտեսնեմ։

Շվեյկը ետ մնաց և միացավ սանիտարներին։ Այստեղ նա հարմարորեն տեղավորվեց երկանիվ սայլակի մեջ և այդպես էլ հասավ դադարքի վայրը, որտեղ վերջապես բոլորը սուպ ստացան և արժանացան չարաբաստիկ կովի մսին։

— Այդ կովին առնվազն երկու շաբաթ պետք է թթու դնեին, իսկ եթե ոչ կովին, ապա գոնե նրան գնողներին,— ասաց Շվեյկը։

Բրիգադից սրարշավ մի հանձնակատար եկավ, բերելով տասնմեկերորդ վաշտին ուղղված մի նոր հրաման, թե մարշրուտը փոխված է. պետք է գնալ Ֆելդշտայն, Վորալիչեն ու Սամբորը շրջանցել, քանի որ Սամբորում վաշտը տեղավորել հնարավոր չէ, որովհետև այնտեղ արդեն երկու պոզնանյան գնդեր կան։

Պորուչիկ Լուկաշը կարգադրեց, որ ավագ գրագիր Վանեկը և Շվեյկը Ֆելդշտայնում վաշտի համար օթևաններ գտնեն։

Перейти на страницу:

Похожие книги

Вор
Вор

Леонид Леонов — один из выдающихся русских писателей, действительный член Академии паук СССР, Герой Социалистического Труда, лауреат Ленинской премии. Романы «Соть», «Скутаревский», «Русский лес», «Дорога на океан» вошли в золотой фонд русской литературы. Роман «Вор» написан в 1927 году, в новой редакции Л. Леонона роман появился в 1959 году. В психологическом романе «Вор», воссоздана атмосфера нэпа, облик московской окраины 20-х годов, показан быт мещанства, уголовников, циркачей. Повествуя о судьбе бывшего красного командира Дмитрия Векшина, писатель ставит многие важные проблемы пореволюционной русской жизни.

Виктор Александрович Потиевский , Леонид Максимович Леонов , Меган Уэйлин Тернер , Михаил Васильев , Роннат , Яна Егорова

Фантастика / Проза / Классическая проза / Малые литературные формы прозы: рассказы, эссе, новеллы, феерия / Романы