Խոսակցությունը կամաց-կամաց լռեց։ Կալանավորներն սկսեցին նիրհել, քորելով իրենց թևատակերը, կրծքերն ու փորերը, ուր սպիտաղեկենի մեջ ավելի շատ է ոջիլ լինում։ Նրանք քնել էին ոջլոտ վերմակները գլխներին քաշած, որպեսզի լամպի լույսը չխանգարեր։
Ժամը վեցին Շվեյկին կանչեցին ու հրամայեցին գնալ գրասենյակ։
– Գրասենյակի դռան ձախ կողմը թքաման կա։ Մեջը ծխախոտի մնացուկներ են լինում,– սովորեցնում էր Շվեյկին մի կալանավոր։– Իսկ երկրորդ հարկում մեկն էլ կա։ Սանդուղքը ավլում են իննին, այնպես որ հիմա այնտեղ բան-ման կճարվի։
Սակայն Շվեյկը նրանց հույսերը չարդարացրեց։ Նա այլևս չվերադարձավ «տասնվեցերորդ» խուցը։ Այդ առթիվ տասնինը փոխանավորներ ամեն տեսակ դատողություններ ու ենթադրություններ էին անում։
Մի պեպենոտ աշխարհազորային, որ շատ անզուսպ երևակայություն ուներ, ասաց, թե Շվեյկը կրակել է իր վաշտապետի վրա և այսօր նրան տարել են Մոտոլի հրապարակը՝ գնդակահարելու։
Շվեյկը ֆելդկուրատի սպասյակ
I
Այնուհետև Շվեյկի ոդիսականը ծավալվում է հրացաններին սվիններ հագցրած այն երկու զինվորների պատվավոր ուղեկցությամբ, որոնք նրան պիտի տանեին ֆելդկուրատի մոտ։
Այդ երկու զինվորները փոխադարձաբար լրացնում էին մեկմեկու. մեկը նիհար էր ու լողլող, մյուսն, ընդհակառակը, կոլոտ ու չաղ։ Լողլողը աջ ոտից էր կաղում, կոլոտը՝ ձախ։ Երկուսն էլ ծառայում էին թիկունքում, քանզի պատերազմից առաջ զինվորական ծառայությունից բոլորովին ազատված էին։
Երկուսն էլ լուրջ տեսքով դոփում էին սալարկը և մերթ ընդ մերթ նայում Շվեյկին, որը քայլում էր նրանց արանքում և ժամանակ առ ժամանակ սրան-նրան պատիվ տալիս։ Նրա քաղաքացիական հագուստը կայազորի բանտի պահեստում անհետացել էր այն զինվորական գլխարկի հետ միասին, որով նա գնացել էր պատերազմ։ Բանտից ազատելիս նրան մի հին մունդիր էին տվել որն, հավանաբար, առաջ պատկանելիս էր եղել Շվեյկից մի գլուխ բարձր ու ցմփոր մի աժդահայի։
Շվեյկի հագած շալվարի մեջ կտեղավորվեր ևս երեք Շվեյկ։ Ոտքերից գրեթե մինչև վիզն հասնող շալվարի անհամար փոթերն ակամա գրավում էին ավարա մարդկանց ուշադրությունը։ Վիթխարի, կեղտոտ ու ճարպակալած, արմունկները կարկատած գիմնաստյորական Շվեյկի վրա տարուբերվում էր բանջարանոցային խրտվիլակին հագցրած կապայի նման։ Շալվարը կախ էր ընկած կլոունի շալվարի պես։ Համազգեստային գլխարկը, որը նույնպես փոխս էին գցել կայազորի բանտում, իջել էր մինչև ականջները։
Ավարաների ծաղրախոսություններին Շվեյկը պատասխանում էր մեղմ ժպիտով և իր բարի աչքերի քնքշալից ու ջերմ հայացքով։
Եվ այդպես նրանք մոտենում էին Կառլինին, ուր ապրում էր ֆելդկուրատը։ Առաջինը Շվեյկի հետ խոսեց կոլոտ հաստլիկը։ Այդ պահին նրանք անցնում էին Մալա Սարանայի սյունաշարի տակով։
— Ո՞րտեղացի ես,— հարցրեց նրան հաստլիկը։
— Պրագացի։
— Դու հո մեզնից չե՞ս փախչի։
Խոսակցությանը խառնվեց լողլողը։ Կա մի զարմանալի օրենք. եթե կոլոտ հաստլիկները մեծավմասամբ բարեհոգի լավատեսներ են, ապա նիհար ու լողլող մարդիկ, ընդհակառակը, հոռետես են լինում։ Այդ օրենքի բերումով լողլողը կոլոտին ասաց.
— Որ կարենա, կփախչի։
— Իսկ ինչի՞ պիտի փախչի,— պատասխանեց կոլոտ հաստլիկը։— Առանց այն էլ ազատ է, կայազորի բանտում չի։ Հրես ծրար եմ տանում։
— Իսկ այդ ծրարի մեջ ի՞նչ կա ֆելդկուրատի համար։
— Չգիտեմ։
— Տեսնո՞ւմ ես, չգիտես, բայց խոսում ես…
Նրանք Կառլի կամուրջն անցան միանգամայն լուռ։ Բայց Կառլի փողոցում կոլոտ հաստլիկը նորից սկսեց խոսել Շվեյկի հետ.
— Չգիտե՞ս ինչի համար ենք քեզ տանում ֆելդկուրատի մոտ։
— Խոստովանության համար,— անփույթ պատասխանեց Շվեյկը։— Վաղն ինձ պիտի կախեն։ Միշտ այդպես են անում։ Դա անում են, ինչպես ասում են, հոգու հանգստության համար։
— Իսկ քեզ ինչի՞ պիտի… էն իք անեն,— զգուշաբար հարցրեց լողլողը, մինչ հաստլիկը կարեկցաբար նայում էր Շվեյկին։
Երկու ուղեկցորդներն էլ գյուղացի արհեստավորներ էին, ընտանիքավոր մարդիկ։
— Չգիտեմ,— պատասխանեց Շվեյկը բարեհոգաբար ժպտալով։— Ես ոչինչ չգիտեմ։ Երևի ճակատիս այդպես է գրված։
— Նշանակում է վատ աստղի տակ ես ծնվել,— գիտակ մարդու տոնով և կարեկցանքով ասաց կոլոտը։— Մեր Յասենի գյուղում, Յոզեֆովի մոտ, դեռ պրուսական պատերազմի ժամանակ, ճիշտ այդպես մեկին կախեցին։ Եկան մարդուն տանելու, ոչինչ չասացին ու Յոզեֆովում կախեցին։
— Ես կարծում եմ,— հոռետեսորեն ասաց լողլողը,— որ հենց այնպես, առանց պատճառի, մարդ չեն կախում։ Մի պատճառ պիտի լինի։ Այդպիսի բաները հենց այնպես չեն անում։
— Խաղաղ ժամանակ,— ասաց Շվեյկը,– գուցե այդպես է, իսկ պատերազմի ժամանակ մի մարդը հաշիվ չի։ Նա պետք է ընկնի կռվի դաշտում և կամ տանը կախաղան հանվի։ Երկուսն էլ մի բան է։
— Լսիր, դու հո քաղաքական չե՞ս,— հարցրեց լողլողը, որի տոնից նկատելի էր, որ սկսել է Շվեյկին կարեկցել։
— Քաղաքական եմ, այն էլ շատ թունդ,— ժպտաց Շվեյկը։
— Վայ թե ազգային սոցիալիստ ես։
Բայց այստեղ իր հերթին զգուշավոր դարձավ կոլոտը և միջամուխ եղավ խոսակցությանը.
— Իսկ դա մեր ի՞նչ գործն է,— ասաց նա։— Եվ հետո, տե՛ս, չորս կողմը լիքը մարդ է ու բոլորը մեզ են նայում։ Եթե գոնե կարողանայինք մի նրբանցքում սվինները հանել, որ էն իքը… Էսպես աչքի չընկնեինք։ Դու հո չե՞ս ճղի։ Թե չէ, գիտես էլի, մեր հերը կանիծեն։ Ճիշտ չե՞մ ասում, Տոնիկ,— դիմեց նա լողլողին։
Վերջինս կամաց պատասխանեց.
— Սվիններն, իհարկե, կարող էինք հանել։ Ինչքան չլինի, մերոնցից է։— Նա դադարել էր հոռետես լինելուց և արդեն սրտանց կարեկցում էր Շվեյկին։
Այնժամ նրանք մի հարմար բակամուտք գտան, այնտեղ հրացանների սվինները հանեցին, և հաստլիկը Շվեյկին թույլ ավեց, որ իր կողքից քայլի։
— Վայ թե ծխել ես ուզում, հը՞,— հարցրեց նա։– Ո՞վ գիտի…