Ճաշից հետո մի ինչ-որ զինվոր եկավ նստեց նրանց սեղանի մոտ և առաջարկեց հինգ կրոնով նրանց համար ֆլեգմոն ու արյան վարակում սարքել։
Ենթամաշկային ներարկման շպրիցը,— ասաց նա,— մոտն է, և նա կարող է նրանց ոտքի կամ ձեռքի մեջ նավթ ներարկել[32]
։ Դրանից հետո մարդ կարող է պառկել երկու ամսից ոչ պակաս, իսկ եթե վերքին փսլինք քսի՝ ամբողջ կես տարի, կարող է պատահել նաև, որ զինվորական ծառայությունից բոլորովին ազատվի։Լողլողը, որ հավասարակշռությունն իսպառ կորցրել էր, այդ զինվորի հետ գնաց արտաքնոց՝ ոտքի մաշկի տակ նավթ ներարկելու։
Երբ օրն իրիկնանալու վրա էր, Շվեյկը առաջարկ մտցրեց ճանապարհ ընկնել դեպի ֆելդկուրատի տունը։ Բայց կոլոտ հաստլիկը նրան համոզում էր էլի մնալ։ Լողլողն էլ իր հերթին այն կարծիքին էր, թե ֆելդկուրատը կարող է սպասել։ Սակայն «Կուկլիկը» Շվեյկին արդեն ձանձրացրել էր, և նա սկսեց սպառնալ, թե մենակ կգնա։
Վերջապես ճանապարհ ընկան, սակայն դրա համար Շվեյկն ստիպված էր խոստանալ, թե մի տեղ էլ դադար կառնեն։
Կանգ առան «Ֆլորենցիայի» հետևում գտնվող փոքրիկ սրճարանում, որտեղ հաստլիկը զվարճությունը շարունակելու համար ծախեց իր արծաթե ժամացույցը։
Այդտեղից սկսած Շվեյկն արդեն ինքն էր թևանցուկ տանում իր ուղեկցորդներին։ Դա նրանից մեծ ջանքեր պահանջեց։ Ուղեկցորդների ոտքերը շարունակ ծալվում էին, և նրանց սիրտն անվերջ ուզում էր դարձյալ որևէ տեղ մտնել։ Մազ էր մնացել, որ կոլոտ հաստլիկը կորցներ ֆելդկուրատին հասցեագրված ծրարը, և Շվեյկը ստիպված էր ծրարն ինքը տանել։ Ամեն անգամ, երբ դիմացից որևէ սպա կամ ենթասպա էր գալիս, Շվեյկը պետք է նախազգուշացներ նրանց։ Ի վերջո գերմարդկային ջանքերով նրան հաջողվեց ուղեկցորդներին քարշ տալ մինչև Կառլի փողոցը, ուր բնակվում էր ֆելդկուրատը։ Նա իր ձեռքով սվինները հագցրեց ուղեկցորդների հրացաններին, և, նրանց կողատակերից բզելով, աշխատում էր այնպես անել, որ նրանք տանեն իրեն, այլ ոչ թե ինքը՝ նրանց։
Երկրորդ հարկում, որտեղ դռան վրա փակցված էր «Օտտո Կաց — ֆելդկուրատ» այցետոմսը, նրանց առաջ դուռը բացեց մի զինվոր։ Հարևան սենյակից մարդկանց ձայներ, շշերի ու գավաթներին զնգզնգոցն էր լսվում։
— Wir… melden… gehorsam… Herr… Feldkurat,— դժվարությամբ ասաց լողլողը, պատիվ տալով զինվորին,— ein… Paket… und ein Mann gebracht[33]
.— Մտեք,— ասաց զինվորը։— Էդ որտե՞ղ եք էդպես կոնծել… Պարոն ֆելդկուրատն էլ է…— Եվ զինվորը թքեց։
Զինվորը ծրարը տարավ։ Եկածները նրան երկար սպասեցին նախասրահում, մինչև որ, վերջապես, դուռը բացվեց, և ֆելդկուրատը չէ թէ մտավ, այլ ռումբի պես ներս ընկավ՝ հագին մեն մի ժիլետ և սիգարը ձեռքին։
— Ուրեմն դուք արդեն այստեղ եք,— ասաց նա, դիմելով Շվեյկին։— Հա՛, ձեզ բերել են… հը՛մ… Լուցկի չունե՞ք։
— Բնավ ոչ, պարոն ֆելդկուրատ,— պատասխանեց Շվեյկը։
— Իսկ… Իսկ ինչո՞ւ լուցկի չունեք։ Ամեն մի զինվոր պետք է լուցկի ունենա ծխախոտը վառելու համար։ Լուցկի չունեցող զինվորը հանդիսանում է… հանդիսանում է… Դե՞հ…
— Համարձակվում եմ զեկուցել, հանդիսանում է լուցկի չունեցող,— հուշեց Շվեյկը։
— Միանգամայն ճիշտ է, հանդիսանում է լուցկի չունեցող և չի կարող ոչ ոքի ծխախոտը վառել։ Դա առաջին։ Իսկ հիմա դառնանք երկրորդին։ Ձեր ոտքերից հոտ գալի՞ս է։
— Բնավ ոչ, հոտ չի գալիս։
— Այդպես։ Դա երկրորդը։ Իսկ հիմա երրորդը։ Օղի՞ խմո՞ւմ եք։
— Բնավ ոչ, օղի չեմ խմում, միայն ռոմ։
— Շատ գեղեցիկ։ Հապա նայեցեք այս զինվորին։ Ես սրան մի օրով խնդրել եմ պորուչիկ Ֆելդգուբերից, նրա սպասյակն է։ Սա ոչինչ չի խմում, չտեսնված չը… չը… չխմող մարդ է, դրա համար էլ կմեկնի երթային վաշտի հետ։ Որ… որովհետև ինձ այդպիսի մարդ պետք չի։ Սա սպասյակ չի, այլ կով։ Կովն էլ է միայն ջուր խմում և ցուլի պես մզզում։
— Դու չը… չը… չխմող ես,— դիմեց նա զինվորին։— Չը… չը… չե՞ս ամաչում, հիմմմար։ Շատ որ համը հանես, ռեխդ կջարդեմ։
Այստեղ ֆելդկուրատը իր ուշադրությունը դարձրեց Շվեյկի ուղեկցորդների վրա, որոնք, չնայած որ ամեն կերպ աշխատում էին ուղիղ կանգնել, շարունակ օրորվում էին, իզուր ջանալով հենվել իրենց հրացաններին։
— Դուք հար… հարբած եք,— ասաց ֆելդկուրատը։— Դուք խմել եք ձեր պաշտոնական պարտականությունները կատարելու ժամանակ։ Դրա համար ես ձեզ նըս… նստեցնել կտամ, Շվե՛յկ, հրացաններն առեք դրանց ձեռքից, իրենց տարեք խոհանոց և հսկեցեք, մինչև որ պարեկը գա տանելու։ Ես հի… մմա կզանգահարեմ զորանոց։
Եվ այդպես, Նապոլեոնի այն խոսքը, թե՝ «Պատերազմի ժամանակ իրադրությունր ամեն ակնթարթ փոխվում է», այստեղ կատարելապես հաստատվեց, առավոտյան ուղեկցորդներն էին սվինների ներքո տանում Շվեյկին և վախենում, որ նա կարող է իրենց ձեռքից փախչել, սակայն այնպես պատահեց, որ ոչ թե նրանք Շվեյկին, այլ Շվեյկն ինքը նրանց բերեց-հասցրեց նշանակված վայրը և ի վերջո հենց նրան էլ վիճակվեց հսկել նրանց վրա։ Զինվորները միանգամից գլխի չընկան, թե բանն ինչպես է շուռ եկել, բայց երբ, խոհանոցում նստած, տեսան Շվեյկին, որը սվինավոր հրացանը ձեռքին կանգնած էր դռան մոտ, ամեն ինչ հասկացան։
— Մի բան լիներ խմեի,— հառաչեց կոլոտ լավատեսը։
Բայց լողլողին վերստին համակել էր հոռետեսությունը։ Նա ասաց, թե այդ ամենը ստոր դավաճանություն է, և սկսեց բարձրաձայն մեղադրել Շվեյկին, թե նրա մեղքով են այդ վիճակի մեջ ընկել։ Նա ամոթանք տվեց նրան, հիշեցնելով, թե ինչպես նա նրանց խոստացել էր, որ վաղն իրեն կկախեն, մինչդեռ հիմա պարզվում է, որ խոստովանությունը, ինչպես և կախաղանը, փչոց է եղել։
Շվեյկն անխոս գնում-գալիս էր դռան մոտ։
— Էշ էինք,– մղկտաց լողլողը։
Լսելով այդ բոլոր մեղադրանքները։ Շվեյկը ասաց.