Պորուչիկ Լուկաշը սկսեց կարդալ հոդվածը, որն հեղինակը մեծ ջանասիրությամբ զարդարել էր այսպիսի արտահայտություններով. «Պետական իմաստության թելադրանք», «պետական կարգուկանոն» և «մարդկային այլասերություն», «ցեխին հավասարեցված մարդկային արժանապատվություն ու զգացմունք», «մարդակերների խրախճանք», «հասարակության լավագույն ներկայացուցիչների ջարդ», «մամլյուկների ոհմակ», «անդրկուլիսյան մեքենայություններ»։ Այնուհետև ամեն ինչ ներկայացված էր այն ոգով, որ իբր մաջարներն իրենց հայրենի երկրում հալածված են ավելի, քան մնացած բոլոր ազգությունները։ Կարծես բանն այնպես է եղել, որ եկել են չեխ զինվորները, գետին գլորել խմբագրին, իրենց կոշիկներով հարվածներ տեղացել նրա փորին, իսկ նա, այդ դժբախտը, ցավից գռռացել է, և ինչ-որ մեկը սղագրել է այդ ամենը։
«Մի շարք լրջագույն փաստերի մասին,— նվնվում էր Շոպրոն քաղաքի «Շոպրոնի Նապլո» թերթը,— մեզ մոտ խոհեմաբար լռում են և ոչինչ չեն գրում։ Յուրաքանչյուր ոք գիտե, թե ինչ է չեխ զինվորը հունգարիայում և ինչպիսին է նա ռազմաճակատում։ Մեզ բոլորիս հայտնի է, թե ինչեր են անում չեխերը, ինչպիսի տրամադրություններ կան չեխերի շրջանում և դրա մեջ ում մատն է խառը։ Ճիշտ է, իշխանությունների զգոնությունը զբաղված է առաջնահերթ կարևորություն ունեցող այլ գործերով, բայց և այնպես այն պետք է ինչպես հարկն է զուգակցված լինի ընդհանուր հսկողությանը, որպեսզի այլևս չկրկնվի այն, ինչին մենք օրերս ականատես եղանք Կիրալուհիդայում։ Երեկվա մեր հոդվածից ցենզուրան տասնհինգ տեղ ջնջել էր։ Մեզ մնում է ոչ այլ ինչ, եթե ոչ հայտարարել, որ տեխնիկական պատճառներով մենք այսօր ևս հնարավորություն չունենք լայնորեն լուսաբանելու Կիրալուհիդայի իրադարձությունները։ Մեր կողմից ուղարկված թղթակիցը տեղում համոզվել է, որ իշխանությունները եռանդով սկսել են զբաղվել այդ գործով և հետաքննությունը վարում են արագ տեմպով։ Մեզ զարմացնում է միայն այն, որ այդ խոշտանգման որոշ մասնակիցներ մինչև հիմա ձերբակալված չեն։ Դա առանձնապես վերաբերվում է այն պարոնի, որը, մեր լսելով, անպատիժ ապրում է ճամբարում և մինչև հիմա կրում իր «թութակային գնդի» լամբակները։ Նրա ազգանունը երեք օր առաջ հիշատակվել է «Պեստեր Լլոյդ» և «Պեշտի Նապլո» թերթերում։ Դա տխրահռչակ չեխ շովինիստ Լուկաշն է, որի սանձարձակ արարքների մասին Կիրալուհիդայի շրջանի դեպուտատ Գետա Շավանը հարցապնդում կանի»։
— Այդպիսի սիրալիր տոնով, պարոն պորուչիկ,— ասաց գնդապետ Շրեդերը,— ձեր մասին գրում են Կիրալուհիդայում հրապարակվող շաբաթաթերթը և Պրեսբուրգի թերթերը։ Բայց, կարծում եմ, դա ձեզ արդեն չի հետաքրքրի, քանի որ բոլորն էլ նույն երգն են երգում։ Քաղաքական տեսակետից դա հեշտ, է բացատրել, քանի որ ավստրիացիներս, գերմանացի թե չեխ, այսպես թե այնպես հունգարացիներին հակառակ ենք… Դուք ինձ հասկանում եք, պարոն պորուչիկ։ Դրա մեջ նկատելի է մի որոշակի տենդենց։ Ձեզ ամենից ավելի կարող է հետաքրքրել «Կոմարնոի իրիկնաթերթ»-ի հոդվածը, որի մեջ պնդում են, թե դուք փորձել եք տիկին Կակոնին բռնաբարել ուղղակի ճաշասենյակում, ճաշի ժամանակ, նրա ամուսնու աչքի առաջ, որին, թրով սպառնալով, հարկադրել եք երեսսրբիչով փակել կնոջ բերանը, որ չճչա։ Դա ձեզ վերաբերվող ամենավերջին լուրն է, պարոն պորուչիկ։
Գնդապետը քմծիծաղ տվեց և շարունակեց.
— Իշխանություններն իրենց պարտքը չեն կատարել։ Տեղիս թերթերի նախնական ցենզուրան ևս հունգարացիների ձեռքին է։ Նրանք մեզ հետ ինչպես ուզում վարվում են։ Մեր սպան անպաշտպան է հունգարացի ոչ զինվորական անպատկառ ժուռնալիստի վիրավորանքների հանդեպ։ Եվ միայն մեր վճռական դեմարշից, բայց գուցե և մեր դիվիզիական դատարանի հեռագրից հետո Բուդապեշտի պետական դատախազությունը համապատասխան քայլերի է դիմել հիշյալ բոլոր խմբագրություններում աշխատող որոշ անձանց ձերբակալելու համար։ Ամենից շատ կհատուցի «Կոմարնոի իրիկնաթերթ»-ի խմբագիրը, որը մինչև մահ ու գերեզման չի մոռանա իր «Իրիկնաթերթը»։ Դիվիզիական դատարանը հանձնարարել է ինձ, որպես ձեր պետի, հարցաքննել ձեզ և միաժամանակ ինձ է ուղարկել հետաքննության նյութերը։ Ամեն ինչ լավ կվերջանար, եթե չլիներ ձեր այդ չարաբաստիկ Շվեյկը։ Նրա հետ գտնվում է ինչ-որ սակրավոր Վոդիչկա։ Երբ ծեծկռտոցից հետո նրան բերել են հաուպտվախտ, մոտը գտել են այն նամակը, որ դուք ուղարկել էիք տիկին Կակոնին։ Եվ ձեր այդ Շվեյկը հարցաքննության ժամանակ պնդել է, թե այդ նամակը ձերը չէ, թե դա ինքն է գրել, իսկ երբ ձեռագրերը համեմատելու համար նրան հրամայել են նամակն արտագրել, նա ձեր նամակը ծամել և կուլ է տվել։ Այդ ժամանակ գնդի գրասենյակից դիվիզիական դատարանին ուղարկվել են ձեր զեկուցագրերը՝ Շվեյկի ձեռագրի հետ համեմատելու համար, և ահա ձեզ արդյունքները։
Գնդապետը թերթեց թղթերը և պորուչիկ Լուկաշին, ցույց տվեց հետևյալ տեղը.
«Մեղադրյալ Շվեյկը հրաժարվեց գրել իրեն թելադրված նախադասությունները, ասելով, թե գիշերը գրելը մոռացել է»։