«Պատերազմի վարումը պահանջում է Ավստրո-Հունգարական միապետության բնակչության բոլոր խավերի համատեղ ջանքեր։ Եթե մենք ցանկանում ենք ապահովել մեր պետության անվտանգությունը, ապա բոլոր ազգերը պետք է զորավիգ լինեն իրար։ Մեր ապագայի երաշխիքը գտնվում է մի ժողովրդի կողմից մյուսին հարգելու մեջ։ Մեր քաջարի մարտիկների վիթխարի զոհերը ռազմաճակատներում, որտեղ նրանք անդադրում առաջ են շարժվում, հնարավոր չէին լինի, եթե թիկունքը, մեր փառապանծ բանակների այդ տնտեսական ու քաղաքական զարկերակը, միաձույլ չլիներ, եթե մեր բանակների թիկունքում գլուխ բարձրացնեին այնպիսի տարրեր, որոնք խարխլում են մեր պետության միասնությունը, իրենց չարանենգ ագիտացիայով սասանում պետականորեն միասնականի հեղինակությունը և պառակտում մտցնում մեր միապետության ժողովուրդների համերաշխության մեջ։ Այս պատմական րոպեներին մենք չենք կարող լռությամբ նայել մի բուռ մարդկանց, որոնք տեղական նացիոնալիզմի նկատառումներից ելնելով՝ փորձում են խանգարել մեր միապետության բոլոր ժողովուրդների համերաշխ աշխատանքը, որ նրանք կատարում են արդարացիորեն պատժելու համար այն սրիկաներին, որոնք առանց որևէ պատճառի հարձակվեցին մեր հայրենիքի վրա, որպեսզի նրանից խլեն բոլոր կուլտուրական արժեքներն ու քաղաքակրթության նվաճումները։ Մենք չենք կարող լռությամբ անցնել վատառողջ հոգեբանության տեր այն անձանց նողկալի արարքների կողքով, որոնց միակ նպատակն է խորտակել մեր ժողովուրդների միահամուռությունը։ Մենք արդեն բազմիցս մեր ընթերցողների ուշադրությունը հրավիրել ենք այն հանգամանքի վրա, որ զինվորական իշխանությունները ստիպված են ամենախիստ միջոցների դիմելու չեխական գնդերում գտնվող առանձին անձանց նկատմամբ, որոնք, արհամարհելով իրենց գնդերի փառապանծ տրադիցիաները, մեր հունգարական քաղաքներում իրենց անկարգություններով ատելություն են հարուցում ամբողջ չեխ ժողովրդի դեմ, որը ամբողջովին վերցրած ոչ մի մեղք չունի և որը միշտ հաստատ կանգնած է եղել ի պաշտպանություն մեր կայսրության շահերի, մի բան, որին որպես ապացույց կարող են ծառայել չեխերի միջից հանդես եկած մի շարք նշանավոր զորավարներ։ Հիշենք միայն փառապանծ ֆելդմարշալ Ռադեցկուն և Ավստրո-Հունգարական պետության մյուս պաշտպաններին։ Այդ պայծառ անձնավորություններին հակադրվում են չեխ ժողովրդի տականքներից ելած մի խումբ սրիկաններ, որոնք ազտվեցին համաշխարհային պատերազմից, որպեսզի որպես կամավորներ մտնեն բանակ, նպատակ ունենալով գժտություն առաջացնել միապետության ժողովուրդների միջև, դրանով հագուրդ տալով իրենց ստոր բնազդներին։ Մենք արդեն ընթերցողների ուշադրությունը հրավիրել ենք այն դեբոշիրության վրա, որ ցուցաբերել է Դեբրեցինի N գունդը, որի անկարգությունները դատապարտվել են Բուդապեշտի պառլամենտում, մի գունդ, որի դրոշակը հետագայում ռազմաճակատում … (ջնջված է ցենզուրայի կողմից)։ Ո՞ւմ խղճի վրա է ծանրացած այդ խայտառակությունը… (ջնջված է ցենզուրայի կողմից)։ Ո՞վ է չեխ զինվորներին դրդել… (ջնջված է ցենզուրայի կողմից)։ Թե մինչև ո՞ւր է հասել եկվոր տարրի հանդգնությունը մեր հայրենի հունգարական հողում, շատ լավ ցույց է տալիս Կիրալուհիդա քաղաքում, Լիտավայի ափին գտնվող հունգարական «կղզյակում» տեղի ունեցած միջադեպը։ Ի՞նչ ազգության էին պատկանում Լիտավայի Մոստ քաղաքի մոտ գտնվող զինվորական ճամբարի այն զինվորները, որոնք հարձակվել են տեղիս առևտրական Դյուլյու Կակոնի վրա և ծեծել նրան։ Իշխանությունների պարտքն է հետաքննել այդ ոճրագործությունը և դիվիզիայի հրամանատարությունում, որն անկասկած արդեն զբաղվում է այդ գործով, պարզել, թե հունգարական թագավորության հպատակների դեմ ուղղված այդ անլուր հալածանքի մեջ ի՞նչ դեր է կատարում պորուչիկ Լուկաշը, որի անունը քաղաքում կապվում է վերջին օրերի իրադարձությունների հետ, ինչպես մեզ հաղորդեց, մեր տեղական թղթակիցը, որն արդեն հարուստ նյութ է հավաքել ներկա պատասխանատու մոմենտին պարզապես աղաղակող այդ գործի առթիվ։ «Պեստեր Լլոյդ»-ի ընթերցողներն անկասկած հետաքրքրությամբ կհետևեն հետաքննության ընթացքին, և մենք չենք հապաղի նրանց մոտիկից ծանոթացնել բացառիկ նշանակություն ունեցող այդ իրագարձություններին։ Միաժամանակ մենք սպասում ենք Կիրալուհիդայում հունգարական բնակչության դեմ կատարված այդ հանցագործություններին վերաբերող պաշտոնական հաղորդագրությունների։ Մենք չենք տարակուսում, որ Բուդապեշտի պառլամենտն ինքը կզբաղվի այդ գործով, որպեսզի, վերջապես, բոլորի համար պարզ դառնա, որ հունգարական թագավորության միջով ռազմաճակատ գնացող չեխ զինվորները չեն համարձակվի սուրբ Ստեֆանի երկիրն համարել իրենց կողմից վարձակալված մի երկիր։ Եթե այդ ազգությանը պատկանող որոշ անձնավորություններ, որոնք Կիրալուհիդայում այնպես վա՜ռ կերպով ցուցահանեցին Ավստրո-Հունգարական միապետության բոլոր ժողովուրդների «համերաշխությունը», դեռ հիմա էլ հաշվի չեն առնում սիտուացիան, ապա մենք նրանց խորհուրդ կտայինք հանդարտվել, քանզի պատերազմական ժամանակի պայմաններում գնդակը, կախաղանի օղակը, դատարանն ու սվինը նրանց կստիպեն հնազանդվել մեր ընդհանուր հայրենիքի բարձր շահերին»։
— Ո՞վ է ստորագրել այդ հոդվածի տակ, պարոն պորուչիկ։
— Խմբագիր և դեպուտատ Բելա Բարաբաշը, պարոն գնդապետ։
— Հի՜ն սրիկա է։ Բայց նախքան «Պեստեր Լլոյդում» լույս տեսնելը, այդ հոդվածը տպագրվել է «Պեշտի Խիրլապ»-ում։ Հիմա կարդացեք ինձ համար «Շոպրոնի Նապլո» թերթում տպագրված հունգարերեն հոդվածի պաշտոնական թարգմանությունը։