— Ես, պարոն պորուչիկ, պարզապես ոչ մի կարևորության չեմ տալիս այն բանին, թե դիվիզիական դատարանում ինչ է ասել ձեր Շվեյկը կամ այդ սակրավորը։ Ե՛վ Շվեյկը, և՛ սակրավորը պնդում են, թե այդ ամենը տեղի է ունեցել մի անմեղ, բայց չհասկացված կատակի պատճառով, թե նրանք իրենք են հարձակման ենթարկվել քաղաքացիների կողմից և կռվել են պարզապես մունդիրի պատիվը պաշտպանած լինելու համար։ Հետաքննության ժամանակ պարզվել է, որ ձեր Շվեյկն առհասարակ լավ պտուղ է։ Այսպես, օրինակ, այն հարցին, թե ինչու չի խոստովանում, նա, համաձայն արձանագրության, պատասխանել է. «Ես հիմա նույն այն վիճակի մեջ եմ, որի մեջ մի անգամ ընկել էր նկարիչ Պանուշկայի ծառան կույս Մարիամի սրբապատկերների պատճառով։ Երբ նրան հարցաքննել էին այդ սրբապատկերների գործով, որ նա ցանկացել էր յուրացնել, ապա ոչինչ չէր գտել ասելու, քան միայն. «Ուզում եք փո՞րս պատռեմ, ի՞նչ է»։ Իհարկե, ես որպես գնդի հրամանատար, հոգացել եմ, որ դիվիզիական դատարանի անունից բոլոր թերթերին հերքում ուղարկվի տեղիս թերթերում տպված ստոր հոդվածների աոթիվ։ Այսօր այդ հերքումը կուղարկվի, և կարծում եմ, որ ես իմ կողմից ամեն ինչ արել եմ այդ քաղաքացի սրիկաների, այդ հունգարացի ստոր լրագրողների բարձրացրած աղմուկը լռեցնելու համար։ Կարծեմ, լավ եմ խմբագրել.
«Սույնով N դիվիզիայի դիվիզիական դատարանը և N գնդի շտաբը հայտնում են, որ տեղիս թերթում տպագրված այն հոդվածը, թե իբր N գնդի զինվորներն անկարգություններ են արել, բոլորովին չի համապատասխանում իրականությանը և հերյուրանք է առաջին տողից սկսած մինչև վերջինը, և որ հիշյալ թերթերի դեմ սկսված հետաքննությունը մեղավորներին խիստ պատժի կենթարկի»։
— Դիվիզիական դատարանը մեր գնդի շտաբին հասցեագրած իր գրության մեջ,— շարունակեց գնդապետը,― հանգում է այն եզրակացության, թե ըստ էության խոսքը վերաբերում է այն սիստեմատիկ հալածանքին, որ մղվում է Ցիսլայտանիայից Տրանսլայտանիա ժամանող զորամասերի դեմ։ Ըստ որում համեմատեցեք, թե որքան զորք է ուղարկված ռազմաճակատ մեր կազմից և որքան նրանց կողմից։ Ես ձեզ անկեղծորեն կասեմ, որ չեխ զինվորն շատ ավելի իմ սրտին մոտ է, քան այդ հունգարական խաժամուժը։ Բավական է հիշել միայն, թե ինչպես Բելգիայի մոտ հունգարացիները կրակ բացեցին մեր երկրորդ երթային գումարտակի վրա, որը, չիմանալով, որ իրենց վրա կրակում են հունգարացիները, սկսեց կրակի տակ առնել աջ թևում գտնվող դեյչմեյստերներին, իսկ դեյչմեյստերներն էլ նույնպես շփոթվեցին ու կրակ բացեցին իրենց կողքին գտնվող բոսնիական գնդի վրա։ Ա՜յ թե վիճակ էր, կասեմ ես ձեզ։ Հենց այդ ժամանակ ես ճաշի էի նստած բրիգադի շտաբում։ Նախորդ օրը մենք ստիպված էինք բավականանալ միայն վետչինայով և պահածոյի սուպով, իսկ այդ օրը մեզ համար պատրաստել էին հավի լավ բուլյոն, բրնձով համեմած ֆիլե և ռոմով հունցած բաբկաներ։ Հենց նախորդ օրը երեկոյան մենք ավանում մի սերբ պանդոկապետ էինք կախել, և մեր խոհարարները նրա նկուղում հին, երեսուն տարվա գինի էին գտել։ Կարող եք պատկերացնել, թե մենք բոլորս ինչպես էինք սպասում այդ ճաշին։ Բուլյոնն արդեն կերել-պրծել էինք և հենց նոր անցել հավին, երբ հանկարծ հրաձգություն, հետո թնդանոթաձգություն, և մեր հրետանին, գաղափար չունենալով, որ մեր զորամասերն են իրար վրա կրակում, սկսեց կրակ տեղալ մեր գծի վրա, և մի արկ ընկավ ուղիղ բրիգադի շտաբի մոտ։ Սերբերն, հավանաբար, կարծել էին, թե մեզ մոտ ապստամբություն է ծագել, և ահա բոլոր կողմերից սկսեցին մեզ հուպ տալ, իսկ հետո գետն անցնել։ Բրիգադային գեներալին հեռախոսի մոտ են կանչում, և դիվիզիայի պետը զարհուրելի աղմուկ է բարձրացնում, թե այդ ինչ խայտառակություն է տեղի ունենում բրիգադի մարտական տեղամասում։ Չէ՞ որ ինքը հենց նոր բանակի շտաբից հրաման է ստացել, որ սերբերի ձախ թևի դիրքերի վրա հարձակումը պետք է սկսել գիշերվա ժամը երկուսն անց երեսունհինգ րոպեին, իսկ մենք ռեզերվ ենք և պարտավոր ենք անհապաղ կրակը դադարեցնել։ Բայց այդպիսի սիտուացիայի մեջ հեշտ է ասել, «Feuer einstellen!»[86]
։ Բրիգադի հեռախոսակայանը հայտնում է, թե չի կարողանում կապվել ոչ մի տեղի հետ, բացի Յոթանասունհինգերորդ գնդի շտաբից, որը հաղորդում է, թե մոտակա դիվիզիայի շտաբից հրաման է ստացել «auchalten!»[87], թե չի կարողանում կապվել մեր դիվիզիայի հետ, թե սերբերը գրավել են 212, 226 և 327 բարձունքները, պահանջվում է կապը վերականգնելու համար ուղարկել մի գումարտակ և անհրաժեշտ է կանոնավորել հեռախոսային կապը մեր դիվիզիայի հետ։ Փորձում ենք կապվել դիվիզիայի հետ, բայց կապ չկա, քանի որ սերբերը հենց նոր երկու թևերից անցել են մեր թիկունքը և մեր կենտրոնը սեղմել մի եռանկյունու մեջ, ուր գտնվում են և՛ հետևակը, և՛ հրետանին, գումակն ու ամբողջ ավտոշարասյունը, պարենային խանութն ու դաշտային լազարեթը։ Երկու օր ես թամբից ցած չիջա, իսկ դիվիզիայի հրամանատարը գերի ընկավ, ինչպես և մեր բրիգադի հրամանատարը։ Իսկ այդ ամենի պատճառը մաջարներն, էին, որ կրակ էին բացել մեր երկրորդ երթային գումարտակի վրա։ Ինքնին հասկանալի է, որ իրենց մեղքն ամբողջովին մեր գնդի վրա բարդեցին։Գնդապետը թքեց։
— Դուք հիմա ինքներդ համոզվեցիք, պարոն պորուչիկ, թե նրանք ինչպես վարպետորեն օգտագործեցին ձեր Կիրալուհիդայի արկածները։
Պորոլչիկը շփոթված հազաց։
— Պարոն պորուչիկ,— մտերմավարի դիմեց նրան գնդապետը,― ասացեք ձեռքը խղճի վրա դրած, քանի՞ անգամ եք պառկել տիկին Կակոնի հետ։
Գնդապետ Շրեդերն այսօր շատ լավ տրամադրության մեջ էր։