— Մենք անհանգստանալու պատճառ չունենք,— ասաց Շվեյկը,— վերջը լավ կինի։ Գլխավորն այն է, որ մարդ դատարանում երբեք ճշմարտությունը չասի։ Ով թույլ է տալիս, որ իրեն խաբեն և խոստովանում է, կորած է։ Խոստովանությունից երբեք լավ բան չի ստացվում։ Երբ ես աշխատում էի Մորավսկա Օստրավայում, այնտեղ մի այսպիսի դեպք պատահեց։ Մի հանքափոր երես առ երես, առանց վկաների, ծեծեց մի ինժեների։ Հանքափորին պաշտպանող փաստաբանը շարունակ նրան ասում էր, որ եթե ուզում է ոչինչ չանեն՝ թող իր մեղքը ժխտի, իսկ դատարանի նախագահը հայրաբար հորդորում էր, թե խոստովանությունը հանդիսանում է նրբացուցիչ դեպք հանցանաց։ Իսկ հանքափորը իր էշն է քշում, չի խոստովանում, և վերջ։ Եվ ահա նրան ազատեցին, որովհետև ապացուցեց իր այլուրեքությունը, թե իբր դեպքի օրը Բոնոյում է եղել․․․
— Հիսո՜ւս Քրիստոս,— գոռաց կատաղած Վոդիչկան,— էլ չեմ դիմանա։ Չեմ հասկանում ինչի համար ես այդ բոլորը պատմում։ Երեկ հարցաքննության ժամանակ մեզ հետ ճիշտ այդպիսի մի մարդ կար։ Աուդիտորը նրան հարցնում է, թե զինվորական ծառայությունից առաջ ինչ գործ է արել, իսկ նա, թե. «Քրիսի մոտ փչում էի», և այդպես ամբողջ կես ժամ, մինչև որ պարզվեց, որ Քրիս ազգանունով մի դարբնի մոտ փուքս է փչում։ Իսկ երբ հարցրին. «Ուրեմն, նրա աշկե՞րտն եք», պատասխանեց․ «Ճիշտ այդպես, նրա անունն է Ֆրանտա Հուբշի»։
Միջանցքում ոտնաձայներ հնչեցին, և լսվեց ժամապահի գոչը․ «Zuwachs»[90]
։— Մեր թիվն ավելանում է,— ուրախ բացականչեց Շվեյկը,— երևի ծխուկ կունենա պահած։
Դուռը բացվեց, և հրելով ներս գցեցին նույն այն հոժարականին, որ Բուդեյովիցիում Շվեյկի հետ բանտ էր նստել, իսկ հետո ուղարկվել վաշտերից մեկի խոհանոցը։
— Փա՜ռք քեզ, Հիսուս Քրիստոս,— ասաց նա ներս մտնելով, և Շվեյկը բոլորի փոխարեն նրան պատասխանեց.
— Հավիտյանս հավիտենից։ Ամե՛ն։
Հոժարականը գոհ տեսքով նայեց Շվեյկին, հետը բերած վերմակը գրեց գետնին և նստեց չեխական գաղութի մոտ։ Ապա, արձակելով ոտքերի փաթաթանները, հանեց դրանց մեջ վարպետորեն թաքցրած սիգարետները և սկսեց բաժանել նրանց։ Հետո կոշիկի միջից հանեց լուցկու տուփի ֆոսֆորապատ կողը և մի քանի լուցկի, որոնց գլխիկները խնամքով մեջտեղից հավասար կես էին արած, չրթացրեց, զգուշաբար վառեց իր սիգարետը, տվեց մյուսներն էլ վառեն և անտարբեր հայտարարեց.
— Ինձ մեղադրում են ապստամբություն բարձրացնելու մեջ։
— Դատա՛րկ բան է,— հանգստացրեց նրա ն Շվեյկը,— հե՛չ բան է։
— Իհարկե,— ասաց հոժարականը,— եթե մտադիր ենք պատերազմը շահել զանազան դատարանների միջոցով։ Եթե ուզում են ինձ անպայման դատի տալ, թող տան։ Վերջին հաշվով, մի ավելորդ դատավարություն ընդհանուր իրադրության մեջ ոչինչ չի փոխի։
— Իսկ դու ինչպե՞ս ես ապստամբություն բարձրացրել,— հարցրեց սակրավոր Վոդիչկան, համակրանքով նայելով հոժարականին։
— Հրաժարվեցի մաքրել հաուպտվախտի արտաքնոցները,— պատասխանեց հոժարականը։— Ինձ տարան ուղիղ գնդապետի մոտ։ Իսկ նա հայտնի խոզ է։ Սկսեց վրաս գոռալ, թե ես բանտարկված եմ գնդային զեկույցի հիման վրա, այդ պատճառով էլ սովորական կալանավոր եմ, որ նա առհասարակ զարմանում է, թե երկիրն ինչպես է ինձ պահում իր վրա և այդպիսի խայտառակությունից հետո դեռ շարունակում պտտվել, թե բանակի շարքերում հայտնվել է հոժարականի ուսաթելեր կրող մեկը, որն իրավունք ունի սպայի կոչում ստանալու, բայց իր արարքներով միայն կարող է պետերին նողկանք պատճառել։ Ես նրան պատասխանեցի, թե երկրի պտտվելը չի կարող խախտվել այն պատճառով, որ նրա վրա ինձ նման մի հոժարական է հայտնվել, և թե բնության օրենքներն ավելի զորավոր են, քան հոժարականի ուսաթելերը։ Կցանկանայի իմանալ, ասում եմ, թե ո՞վ կարող է ստիպել ինձ մաքրել այն արտաքնոցները, որոնք ես ինքս չեմ ապականել, թեև իրավունք ունեի այդ բանն անելու այն խոզային սնունդի պատճառով, որ մենք ստանում ենք գնդի խոհանոցից, որտեղ միայն փտած կաղամբ ու ոչխարի հոտած միս են տալիս։ Ես գնդապետին ասացի, որ ինձ փոքր-ինչ տարօրինակ է թվում նրա այն հարցը, թե ինչպես է երկիրը ինձ պահում իր վրա, իմ պատճառով, իհարկե, երկրաշարժ չի լինի։ Իմ ճառի ընթացքում նա միայն ատամներն էր կրճտացնում, ինչպես անում է մատակ ձին, երբ լեզվի տակ սառցակալած ճակնդեղ է ընկնում։ Իսկ հետո վրաս գոռաց. «Պիտի մաքրե՞ք արտաքնոցները թե ոչ»։ «Բնավ ոչ, չեմ մաքրի»։— «Գրո՛ղը տանի, դուք կմաքրեք ոչ թե մեկ, այլ հարյուր արտաքնոց»։— «Բնավ ոչ, չեմ մաքրի ո՛չ հարյուր, ո՛չ էլ մեկ արտաքնոց»։ Եվ այդպես անվերջ. «Կմաքրե՞ք արտաքնոցները»։— «Չեմ մաքրի արտաքնոցները»։ Մենք այդ արտաքնոցներն այնպես ենք փոխանցում իրար, որ կարծես Պավլա Մոուդրպայի մանկական գրքից քաղած զվարճասելուկ լիներ։ Գնդապետը խելագարի պես վազվզում էր գրասենյակում, ի վերջո նստեց ու ասաց․ «Լավ մտածեցեք, ապա թե ոչ՝ ապստամբություն բարձրացնելու համար ես ձեզ կհանձնեմ դիվիզիական դատարանին։ Չկարծեք, թե դուք առաջին հոժարականը կլինեք, որ գնդակահարվել է այս պատերազմի ժամանակ։ Սերբիայում մենք կախեցինք տասերորդ վաշտի երկու հոժարականների, իսկ ինններորդ վաշտից մեկին գառան պես գնդակահարեցինք։ Իսկ ինչի՞ համար։ Համառության համար։ Այն երկուսը, որոնց կախեցինք, հրաժարվել էին սվինահարել մի շաբացցի պարտիզանի կնոջն ու փոքրիկ տղային, իսկ իններորդ վաշտի հոժարականին գնդակահարեցինք նրա համար, որ հրաժարվեց հարձակման գնալ, պատճառաբանելով, թե իբր ոտքերն ուռել են և թե տափակաթաթություն ունի։ Հը՛, արտաքնոցները մաքրելո՞ւ եք թե ոչ»։ «Բնավ ոչ, չեմ մաքրի»։ Գնդապետը նայեց ինձ ու հարցրեց. «Լսեցեք, դուք հո սլավյանոֆի՞լ չեք»։ «Բնավ ոչ»։ Դրանից հետո ինձ տարան և հայտարարեցին, թե ես մեղադրվում եմ խռովության մեջ։