Читаем Քաջարի զինվոր Շվեյկի արկածները полностью

— Ամենից լավն այն է,— ասաց Շվեյկը,— որ մարդ ապուշ ձևանա։ Երբ ես նստած էի կայազորի բանտում, այնտեղ մեզ հետ մի շատ խելոք ու կրթված մարդ կար, առևտրական դպրոցի դասատու։ Նա դասալքել էր ռազմի դաշտից, այնպես որ ուզում էին նույնիսկ աղմկալից դատավարություն սարքել և, մյուսներին վախեցնելու համար, դատապարտել ու կախել։ Բայց նա շատ հասարակ ձևով այդ պատմությունից դուրս պրծավ։ Սկսեց ձևանալ, թե տառապում է ժառանգական ծանր հիվանդությամբ, և բժշկական քննության ժամանակ շտաբի բժշկին ասաց, թե ինքը բնավ չի դասալքել, այլ պարզապես դեռ պատանի հասակից սիրում է ճամփորդել, և շարունակ որևէ հեռավոր տեղ գնալու պահանջ է զգում։ Մի անգամ, ասում է, արթնացել է Համբուրգում, իսկ մի ուրիշ անգամ՝ Լոնդոնում, ինքն էլ չիմանալով, թե ինչպես է ընկել այնտեղ։ Հայրն եղել է ալկոհոլիկ և նրա ծնվելուց քիչ առաջ ինքնասպանություն է գործել, մայրն եղել է պոռնիկ, շարունակ հարբած, և մեռել է սպիտակ ջերմախտից։ Փոքր քույրը խեղդվել է, մեծն իրեն գցել գնացքի տակ, եղբայրը ցած է նետվել Վիշեգրադիի երկաթուղային կամուրջից։ Պապը սպանել է կնոջը, ինքն իր վրա նավթ լցրել ու վառվել։ Մյուս տատը քարշ է եկել գնչուների հետ և բանտում լուցկիներով ինքն իրեն թունավորել է։ Մորաքրոջ տղան մի քանի անգամ դատվել է հրկիզման համար և Կարտոուզիում ապակու կտորով կտրել է իր քներակը։ Հորեղբոր աղջիկը Վիեննայում ցած է նետվել վեցերորդ հարկից։ Նրա դաստիարակությանը ոչ ոք չի հետևել և նա մինչև տասը տարեկան դառնալը խոսել չի կարողացել, որովհետև մի անգամ, երբ նրան, տակավին վեց ամսական, սեղանի վրա բարուրել են և սենյակից ինչ-որ տեղ գնացել, կատուն սեղանի վրայից նրան ցած է գցել, և նա ընկնելիս գլուխը խփել է հատակին։ Հիմա պարբերաբար սաստիկ գլխացավ է ունենում, և այդ պահերին չի գիտակցում, թե ինչ է անում, և հենց այդպիսի դրության մեջ էլ ռազմաճակատից գնացել է Պրագա և ուշքի եկել միայն այն բանից հետո, երբ զինվորական ոստիկանությունը նրան ձերբակալել է «Ֆլեկների մոտ» գարեջրատանը։ Պետք էր տեսնել, թե ինչպես շտապով նրան ազատեցին զինվորական ծառայությունից։ Եվ նրա հետ միևնույն խցում նստած հինգ զինվորները ի դեպ ամենայնի մի կտոր թղթի վրա գրեցին.

Հայրը ալկոհոլիկ։ Մայրը պոռնիկ։


I քույրը (խեղդվել է)։


II քույրը (գնացք)։


Եղբայրը (կամրջից)։


Պապը (կնոջը, նավթ, հրկիզում)։


Տատը (գնչուներ, լուցկիներ) և այլն։

Բայց երբ նրանցից մեկը սկսեց այդ ամենը պատմել շտաբի բժշկին, ապա, դեռ մորաքրոջ տղային չհասած, շտաբի բժիշկը նրան ընդհատեց, քանի որ դա արդեն երրորդ դեպքն էր, և ասաց․ «Իսկ քո հորեղբոր աղջիկը Վիեննայում ցած է նետվել վեցերորդ հարկից, քո դաստիարակությանը, լոդրի մեկը, ոչ ոք չի հետևել․ բայց քեզ կալանավորական վաշտերում կվերադաստիարակենք։ Նրան տարան բանտ, ձեռներն ու ոտները իրար կապեցին, և միանգամից չքացան և՛ վատ դաստիարակությունը, և՛ ալկոհոլիկ հայրը, և պոռնիկ մայրը, և նա գերադասեց կամովին ռազմաճակատ գնալ։

— Ներկայումս,— ասաց հոժարականը,— զինվորական ծառայության մեջ ծանր ժառանգականությանն այլևս ոչ ոք չի հավատում, այլապես ստիպված պիտի լինեին բոլոր գլխավոր շտաբները գժանոց ուղարկել։

Երկաթապատ դռան մեջ ճռնչաց բանալին, և ներս մտավ պրոֆոսը։

— Հետևակային Շվեյկ և սակրավոր Վոդիչկա, ներկայանալ պարոն աուդիտորին։

Երկուսն էլ վեր կացան, և Վոդիչկան դիմեց Շվեյկին․

— Ա՛յ քեզ սրիկաներ, ամեն աստծու օր հարցաքննություն, բայց ոչ մի արդյունք։ Երևի ավելի լավ կլիներ, գրո՛ղը տանի, մեզ դատապարտեին և անվերջ հոգիներս չհանեին։ Ամբողջ օրն անգործ ընկած ենք այստեղ, իսկ այդ մաջար գյադա-գյուդաները չորս կողմը զվռնում են…

Հարցաքննության գնալով դիվիզիական դատարանի գրասենյակը, որ տեղավորված էր մյուս կողմում, նույնպես բարաքի մեջ, սակրավոր Վոդիչկան Շվեյկի հետ քննարկում էր այն հարցը, թե վերջապես, ե՞րբ պիտի կանգնեն իսկական դատարանի առաջ։

— Միայն հարցաքննություն ու հարցաքննություն,— բարկությունից իրեն ուտում էր Վոդիչկան,— գոնե այդ բոլորից մի օգուտ լիներ։ Մի բոլ թուղթ կմրոտեն, մարդ բանտի մեջ կփտի ու իսկական դատարանի երես չի տեսնի։ Ճիշտն ասա, նրանց տված ճաշը ուտել կլինի՞։ Իսկ նրանց այն կաղամբն ու ցրտատար կարտոֆի՞լը։ Գրո՛ղը տանի, կյանքումս այսպիսի ապուշ համաշխարհային պատերազմ չեմ տեսել։ Ես այդ ամենը բոլորովին ուրիշ կերպ էի պատկերացնում։

― Իսկ ես գոհ եմ,— ասաց Շվեյկը։— Դեռևս մի քանի տարի առաջ, երբ իսկական զինվորական ծառայության մեջ էի, մեր ֆելդֆեբել Սոլպերան մեզ ասում էր. «Զինվորական ծառայության մեջ յուրաքանչյուր ոք պետք է իմանա իր պարտականությունները»։ Եվ պատահում էր, որ այդ ասելիս այնպես էր հասցնում ռեխիդ, որ երբեք չէիք մոռանա։ Կամ երբ հանգուցյալ օբեր-լեյտենանտ Կվայզերը գալիս էր հրացանները ստուգելու, ամեն անգամ մեր գլխին դասախոսություն էր կարդում, թե զինվորն իրավունք չունի իր զգացմունքներին ազատություն տալու, զինվորները, ասում էր նա, անասուններ են, պետությունը նրանց կերակրում, սուրճ է խմեցնում, ծխախոտ է տալիս, և դրա համար նրանք պետք է եզան պես օրն ի բուն տքնեն։

Սակրավոր Վոդիչկան փոքր-ինչ միտք արեց և ապա ասաց.

— Երբ գաս աուդիտորի մոտ, Շվեյկ, լավ կլինի չփչես, այլ կրկնես անցած հարցաքննության ժամանակ ասածդ, որպեսզի ես անհարմար դրության մեջ չընկնեմ։ Գլխավորն այն է, որ դու ինքդ տեսել ես, թե մաջարներն ինչպես հարձակվեցին ինձ վրա։ Չէ՞ որ, ինչ էլ որ լինի, մենք այդ ամենը միասին ենք արել։

Перейти на страницу:

Похожие книги

Вор
Вор

Леонид Леонов — один из выдающихся русских писателей, действительный член Академии паук СССР, Герой Социалистического Труда, лауреат Ленинской премии. Романы «Соть», «Скутаревский», «Русский лес», «Дорога на океан» вошли в золотой фонд русской литературы. Роман «Вор» написан в 1927 году, в новой редакции Л. Леонона роман появился в 1959 году. В психологическом романе «Вор», воссоздана атмосфера нэпа, облик московской окраины 20-х годов, показан быт мещанства, уголовников, циркачей. Повествуя о судьбе бывшего красного командира Дмитрия Векшина, писатель ставит многие важные проблемы пореволюционной русской жизни.

Виктор Александрович Потиевский , Леонид Максимович Леонов , Меган Уэйлин Тернер , Михаил Васильев , Роннат , Яна Егорова

Фантастика / Проза / Классическая проза / Малые литературные формы прозы: рассказы, эссе, новеллы, феерия / Романы