Հետո կարծես փորի ցավերը մեղմանում են, և նա իր գումարտակի հետ ցցապատնեշի վրայով փախչում է քաղաքից, ընդառաջ գնալով փառքին ու հաղթանակին, և տեսնում է, թե ինչպես պորուչիկ Լուկաշը կուրծքը դեմ է անում ֆրանսիացի դրագունի թրին, որպեսզի կասեցնի նրա՝ Բիգլերի, ազատագրված Լինցի պաշտպանի վրա ուղղված հարվածը։
Պորուչիկ Լուկաշը մեռնում է նրա ոտքերի տակ, գոչելով․
― Ein Mann wie Sie, Herr Oberst, ist nötiger als ein nichtsnutziger Oberleutnant![45]
Լինցի զգացված պաշտպանը դեմքը շրջում է մեռնողից, բայց այդ ժամանակ կարտեչը դիպչում է նրա հետույքի թշին։ Բիգլերը մեքենայաբար շոշափում է շալվարը և ձեռքի վրա ինչ-որ լպրծուն բան զգում։ Սա բղավում է․
— Սանիտարներ, սանիտարներ,— և ձիուց վայր է ընկնում։
Բատցերն ու Մատուշիչը բարձրացրին նստարանի վրայից ցած գլորված Բիգլերին։ Ապա Մատուշիչը գնաց կապիտան Սագների մոտ ու զեկուցեց, թե կադետ Բիգլերի հետ ինչ-որ վատ բան է կատարվում։
― Դա կոնյակից չի լինի,— ասաց նա։— Ավելի շուտ՝ խոլերա է։ Կադետ Բիգլերը բոլոր կայարաններում ջուր էր խմում։ Մոշոնում ես տեսա, թե նա ինչպես․․․
— Խոլերան միանգամից չի բռնի, Մատուշիչ։ Ասացեք բժշկին,— նա կողքի կուպեում է,— թող նրան նայի։
Գումարտակին կցված էր «պատերազմական ժամանակի բժիշկ», հավերժական ուսանող-բժիշկ ու կորպորանտ Վելֆերը։ Նա սիրում էր խմել ու կռիվներ սարքել, բայց բժշկությունը գիտեր իր հինգ մատի պես։ Բժշկական ֆակուլտետների դասախոսություններ էր լսել Ավստրո-Հունգարիայի զանազան համալսարանական քաղաքներում, պրակտիկա էր անցել ամենատարբեր տեսակի հիվանդանոցներում, բայց դոկտորի կոչում չուներ այն հասարակ պատճառով, որ իր հանգուցյալ հորեղբոր կտակի համաձայն ուսանող Ֆրիդրիխ Վելֆերին ամենամյա թոշակ էին վճարում մինչև բժշկագիտության դոկտորի աստիճան ստանալը։ Այդ թոշակը գրեթե չորս անգամ ավելի էր հիվանդանոցում աշխատող ասիստենտի ռոճիկից։ Եվ բժշկական գիտությունների թենածու Ֆրիդրիխ Վելֆերը բարեխղճորեն ձգտում էր ըստ հնարավորին երկարաձգել բժշկական գիտությունների դոկտորի կոչում ստանալը։
Քիչ էր մնում ժառանգները խելագարվեին, նրան ապուշ էին հռչակում, փորձեր էին անում ամուսնացնել որևէ հարուստ հարսնացուի հետ, միայն թե կարողանային նրանից ազատվել։ Մոտավորապես տասներկու կորպորանտային ընկերությունների անդամ, բժշկագիտության թեկնածու Ֆրիդրիխ Վելֆերը ժառանգներին տրաքացնելու համար Վիեննայում, Լայպցիգում, Բեռլինում հրատարակել էր բավական կարգին ոտանավորների մի քանի ժողովածուներ, տպագրվում էր․ «Simplicissimus»-ի մեջ և հանգիստ շարունակում սովորել, կարծես ոչինչ չէր պատահել։
Բայց ահա պայթեց պատերազմը և նենգաբար նրան հարվածեց թիկունքից։ «Lachende Lieder»[46]
, «Krug und Wissenschaft»[47], «Märchen und Parabeln»[48] գրքերի հեղինակ բանաստեղծին առանց մի այլևայլության բանակ տարան, իսկ ժառանգներից մեկը ամեն ջանք գորձադրեց, որ անհոգ Ֆրիդրիխ Վելֆերը ստանա «պատերազմական ժամանակի բժշկի» աստիճան։ Վելֆերը դոկտորական քննություն բռնեց։ Նրան առաջարկել էին մի շարք գրավոր հարցեր, որոնց պատասխանները պարտավոր էր ուղարկել։ Բոլոր հարցերին նա տվեց միևնույն ստերիոտիպ պատասխանը․ «Lecken Sie mir Arsch!»[49]։ Երեք օր հետո գնդապետը հանդիսավոր կերպով հայտարարեց, թե Ֆրիդրիխ Վելֆերը ստացել է բժշկագիտության դոկտորի դիպլոմ, թե նա վաղուց էր արժանի դոկտորի կոչման և, որպես շտաբի ավագ բժիշկ, աշխատանքի է նշանակված պահեստայինների հոսպիտալում, թե հիմա ծառայության մեջ արագ առաջ գնալն իրենից է կախված, թե հայտնի է, իհարկե, որ Ֆրիդրիխ Վելֆերը զանազան քաղաքներում մենամարտել է սպաների հետ, բայց հիմա պատերազմական ժամնակներ են և այդ ամենը մոռացության է տրված։Բանաստեղծությունների «Թաս և գիտություն» ժողովածուի հեղինակը պռոշը կծեց ու գնաց ծառայելու։ Երբ պարզվեց, որ նա զինվորների նկատմամբ չափազանց ներողամիտ է և նրանց ըստ հնարավորին երկար է պահում հիվանդանոցում,— մինչդեռ այն ժամանակվա լոզունգն էր՝ «հիվանդանոցում վեր ընկնելն ու սատկելը, կամ խրամատում վեր ընկնելն ու սատկելը մի բան է»,— դոկտոր Վելֆերին տասներեքերորդ երթային գումարտակի հետ ուղարկեցին ռազմաճակատ։
Կադրային սպաները նրան համարում էին ոչ լիարժեք պահեստի սպա, պահեստի սպաներն ևս, չցանկանալով ավելի խորացնել իրենց և կադրայինների միջև ընկած անդունդը, նրան բանի տեղ չէին դնում և հետը ընկերություն չէին անում։
Կապիտան Սագներն, իհարկե, իրեն շատ ավելի բարձր էր համարում բժշկագիտության նախկին թեկնածուից, որն իր երկարամյա ուսումնառության ընթացքում շատ սպաներ էր կտրատել։ Երբ Վելֆերը, այդ «պատերազմական ժամանակի բժիշկը», անցավ Սագների մոտով, վերջինս նույնիսկ չնայեց նրան և շարունակեց պորուչիկ Լուկաշի հետ խոսել դատարկ-մատարկ բաների մասին, թե, օրինակ, Բուդապեշտի մոտերքում դդում են աճեցնում։ Այդ առթիվ պորուչիկ Լուկաշը հիշեց, թե ինչպես կադետական դպրոցի երրորդ դասարանում սովորելիս նա իր «քաղաքացիական» ընկերների հետ եղել է Սլովակիայում։ Մի անգամ նրանք գնացել են մի սլովակ ավետարանական պաստորի մոտ։ Պաստորը նրանց հյուրասիրել է դդումի գարնիրով համեմած տապակած խոզի մսով։ Հետո նրանց բաժակները գինի է լցրել ու ասել․ «Դդումն ու խոզունք գինի են ուզում»— մի բան, որից Լուկաշը խիստ նեղացել է։
― Մենք Բուդապեշտը գրեթե չենք տեսնի,— ափսոսանքով ասաց կապիտան Սագները։ Ըստ մարշրուտի մենք միայն երկու ժամ ենք կանգնելու այստեղ։
― Կարծում եմ, գնացքը կվերակազմեն,— պատասխանեց պորուչիկ Լուկաշը։– Մեզ կքշեն Transport-Militärbahnhof[50]
տեսակավորման կայարանը։Նրանց մոտեցավ «պատերազմական ժամանակի դոկտոր» Վերլֆերը։