Читаем Քաջարի զինվոր Շվեյկի արկածները полностью

— Թանկագի՛ն ընկերներ,— գոչեց հոժարականը, որը եռանդով ինչ-որ նշումներ էր անում,― չկա չարիք առանց բարիքի։ Կարմիր խաչի այդ պայթեցված, կիսաայրված և ուղեթմբից ցած գլորված գնացքն ապագայում մեր գումարտակի փառապանծ պատմությունը կհարստացնի մի նոր հերոսական սխրագործությամբ։ Պատկերացրեք, որ ահա այսպես, ինչպես ես արդեն նշել եմ, մոտավորապես սեպտեմբերի 16֊ին մեր գումարտակի ամեն մի վաշտից մի քանի հասարակ զինվորներ կապրալի հրամանատարությամբ հանձն կառնեն պայթեցնել թշնամու զրահագնացքը, որը մեզ գնդակոծում և խանգարում է գետն անցնել։ Գյուղացու շորեր հագած, նրանք արիաբար կկատարեն իրենց առաջադրանքը։

— Այս ի՞նչ բան է,— զարմացավ հոժարականը, նայելով իր տետրին,― ինչպե՞ս է այստեղ ընկել մեր պան Վանեկը։

— Լսեցե՛ք, պարոն ավագ գրագիր,— դիմեց նա Վանեկին, թե ինչպիսի հոյակապ գլուխ է նվիրված ձեզ գումարտակի պատմության մեջ։ Դուք, կարծեմ, մի տեղ արդեն հիշատակվել եք, բայց սա անշուշտ ավելի լավ է ու ավելի վառ։

Եվ հոժարականը պաթետիկ տոնով կարդաց․

— «Ավագ գրագիր Վանեկի հերոսական մահը։ Թշնամու զրահագնացքը պայթեցնելու խիզախ սխրագործությունը կատարելու ցանկություն հայտնեց, ի թիվս այլոց, նաև ավագ գրագիր Վանեկը։ Դրա համար նա, ինչպես և մյուսները, զգեստափոխվեց, գյուղացու շորեր հագավ։ Տեղի ունեցած պայթյունից նա ուշագնաց եղավ, իսկ երբ ուշքի եկավ, տեսավ, որ շրջապատված է թշնամիներով, որոնք նրան անմիջապես տարան իրենց դիվիզիայի շտաբը, որտեղ նա, մահվան աչքերին նայելով, հրաժարվեց որևէ ցուցմունք տալ մեր զորքի դասավորության և ուժերի մասին։ Քանի որ Վանեկին գտել էին զգեստափոխված, ապա նրան, իբրև լրտեսի, դատապարտեցին կախաղանի, որպեսզի պատիժը, նկատի ունենալով նրա բարձր աստիճանը, փոխարինվեց գնդակահարությամբ։

Դատավճիռն անհապաղ ի կատար ածվեց գերեզմանատան պատի մոտ։ Քաջարի ավագ գրագիր Վանեկը խնդրեց, որ իր աչքերը չկապեն։ Այն հարցին, թե ի՛նչ է իր վերջին ցանկությունը, նա պատասխանեց․ «Բանագնացի միջոցով իմ գումարտակին հաղորդեցեք իմ վերջին ողջույնը։ Հաղորդեցեք, որ մեռնում եմ հաստատ հավատալով, որ մեր գումարտակը կշարունակի իր հաղթական ճանապարհը։ Հետո հաղորդեցեք կապիտան Սագներին, որ համաձայն բրիգադին տրված վերջին հրամանի՝ պահածոյի բաժինն ավելանում է մինչև երկու և կես տուփ»։

Այդպես մեռավ մեր ավագ գրագիր Վանեկը, իր վերջին ֆրազով խուճապահար անելով թշնամուն, որը կարծում էր, թե խանգարելով մեր գետանցը, մեզ կկտրի մատակարարման բազայից և դրանով սով և միաժամանակ բարոյալքություն կհարուցի մեր շարքերում։ Թե Վանեկը որքան հանգիստ էր նայում մահվան աչքերին, վկայում է այն փաստը, որ մահապատժից առաջ նա թշնամու շտաբի սպաների հետ թուղթ խաղաց։ «Իմ տարած փողը հանձնեցեք ռուսական Կարմիր Խաչին»,— ասաց նա, ուղիղ նայելով իր վրա պարզված հրացանների փողերին։ Այդ մեծահոգությունն ու ազնվությունը արտասվելու աստիճան հուզեցին մահապատժին ներկա գտնվող զինվորական բարձրաստիճան անձանց»։

— Կներեք, պարոն Վանեկ,— շարունակեց հոժարականը,— որ ես ինձ թույլ եմ տվել ձեր տարած փողը տնօրինել։ Սկզբում ես ուզում էի փողը հանձնել ավստրիական Կարմիր Խաչին, բայց վերջին հաշվով, մարդասիրության տեսակետից, դա միևնույն է, միայն թե փողը հանձնվի որևէ բարեգործական հիմնարկության։

— Մեր հանգուցյալը,— ասաց Շվեյկը,— կարող էր իր այդ տարած փողը հանձնել Պրագա քաղաքի «Սուպային հիմնարկությանը», բայց, դա, թերևս, ավելի լավ է, թե չէ քաղաքագլուխն այդ փողով իր նախաճաշի համար լյարդաթոքի երշիկ կառներ։

— Մեկ է, գողանում են ամեն տեղ,— ասաց հեռախոսավար Խոդոունսկին։

— Ամենից շատ գողանում են Կարմիր Խաչում,— չարացած ասաց խոհարար Յուրայդան։— Բրուկում ես մի ծանոթ խոհարար ունեի, որը լազարեթում ճաշ էր եփում գթության քույրերի համար։ Եվ նա ինձ պատմում էր, որ լազարեթի վարիչն ու ավագ քույրերը արկղերով մալագա ու շոկոլադ էին ուղարկում իրենց տները։ Ամեն բանում մեղավորը բախտն է, այսինքն նախասահմանությունը։ Ամեն մի մարդ իր անվերջանալի կյանքի ընթացքում անհամար վերափոխությունների է ենթարկվում և իր գործունեության մի որոշ շրջանում պետք է այս աշխարհում գող դառնա։ Անձամբ ես այդպիսի մի շրջան անցել եմ․․․

Օկուլտիստ խոհարարը իր պարկի միջից մի շիշ կոնյակ հանեց։

— Դուք այստեղ տեսնում եք,— ասաց նա, բացելով շիշը,— ասածիս անժխտելի ապացույցը։ Ես այս շիշը ճանապարհվելուց առաջ վերցրել եմ սպայական խոհանոցից։ Լավագույն մարկայի կոնյակ է և մեզ տրված էր լինցյան տորթի շաքարաշերտ պատրաստելու համար։ Բայց բախտի նախասահմանությամբ այդ կոնյակին վիճակված էր, որ ես նրան գողանամ, ինչպես որ ինձ էլ վիճակված էր, որ գող դառնամ։

— Վատ չէր լինի,— մեջ մտավ Շվեյկը,— եթե մեզ էլ վիճակված լիներ, ձեզ հանցակից դառնալ։ Համենայն դեպս, ես այդպի նախազգացում ունեմ։

Եվ բախտի կանխորոշումը կատարվեց։ Չնայած ավագ գրագիր Վանեկի բողոքներին, շիշը սկսեց շրջան գործել։ Վանեկը պնդում էր, թե կոնյակը պետք է խմել կաթսայիկով, հավասարապես բաժանելով։ Այդ մի շշին հինգ մարդ է ընկնում, իսկ քանի որ դա կենտ թիվ է, ապա շատ հեշտ կարող է պատահել, որ մեկը մի կում ավելի խմի, քան մյուսները։ Շվեյկը պաշտպանեց նրան, ասելով․

— Միանգամայն ճիշտ է, և եթե պան Վանեկն ուզում է, որ զույգ թիվ լինի, թող ինքը խմբից դուրս գա, որպեսզի ոչ մի թյուրիմացության ու վեճի տեղիք չտա։

Այնժամ Վանեկն իր նախագծից հրաժարվեց և մի այլ, մեծահոգի նախագիծ մտցրեց, խմել այնպիսի կարգով, որ հյուրասիրող Յուրայդան հնարավորություն ունենա երկու անգամ խմելու։ Դա բուռն բողոք հարուցեց, քանի որ Վանեկն արդեն մի անգամ, շիշը բացելիս կոնյակի համը տեսել էր։

Перейти на страницу:

Похожие книги

Вор
Вор

Леонид Леонов — один из выдающихся русских писателей, действительный член Академии паук СССР, Герой Социалистического Труда, лауреат Ленинской премии. Романы «Соть», «Скутаревский», «Русский лес», «Дорога на океан» вошли в золотой фонд русской литературы. Роман «Вор» написан в 1927 году, в новой редакции Л. Леонона роман появился в 1959 году. В психологическом романе «Вор», воссоздана атмосфера нэпа, облик московской окраины 20-х годов, показан быт мещанства, уголовников, циркачей. Повествуя о судьбе бывшего красного командира Дмитрия Векшина, писатель ставит многие важные проблемы пореволюционной русской жизни.

Виктор Александрович Потиевский , Леонид Максимович Леонов , Меган Уэйлин Тернер , Михаил Васильев , Роннат , Яна Егорова

Фантастика / Проза / Классическая проза / Малые литературные формы прозы: рассказы, эссе, новеллы, феерия / Романы