Մի սրճարանատիրոջ կին պորուչիկի մոտ ապրել էր ուղիղ երկու շաբաթ, մինչև որ ամուսինը եկել էր նրան տանելու, և այդ ժամանակամիջոցում նա պորուչիկի համար ասեղնագործել էր մի շատ սիրուն սփռոցիկ, մոնոգրամներով զարդարել էր նրա ամբողջ սպիտակեղենը և, թերևս, հյուսեր-ավարտեր նաև պատի գորգը, եթե միայն ամուսինը այդ իդիլիային վերջ չտար։
Մի ուրիշ դամա, որին երեք շաբաթ հետո ծնողները եկել էին տանելու, ցանկացել էր պորուչիկի ննջարանը կանացիք բուդուարի վերածել և ամենուր զանազան մանր-մունր զարդարանքներ ու վազաներ էր շարել, իսկ անկողնու գլխավերևում կախել էր պահապան հրեշտակի պատկերը։
Կնոջ ձեռքը, որի ներկայությունն զգացվում էր ննջարանի և ճաշասենյակի բոլոր անկյուններում, մուտք էր գործել և խոհանոց, որտեղ կարելի էր տեսնել ամենաբազմատեսակ խոհանոցային պիտույքներ — փառահեղ նվերը մի ֆաբրիկատիրոջ կնոջ, որն իր սիրուց բացի նրա տունը բերել էր բանջարեղեն ու կաղամբ կոտորելու մեքենա, բուլկի կտրելու սարք, լյարդի քերոց, կաթսաներ, թավաներ, տապակներ, քափքաշներ և աստված գիտե թե էլ ինչ։
Սակայն մի շաբաթ հետո նա թողել-գնացել էր, քանզի չէր կարողացել հաշտվել այն մտքի հետ, որ Լուկաշը իրենից բացի քսանի չափ այլ սիրուհիներ ունի, մի հանգամանք, որ, անկասկած, անդրադարձել էր այդ մունդիրավոր ցեղական որձ շան կատարողանակության վրա։
Պորուչիկ Լուկաշը լայն նամակագրություն ուներ, պահում էր մի ալբոմ իր սիրուհիների լուսանկարների համար, ստեղծել էր զանազան մասունքների մի հավաքածու, քանզի վերջին երկու տարում սկսել էր հակում ցուցաբերել դեպի ֆետիշիզմը։ Նա ուներ մի քանի այլատեսակ կանացի կախակապեր, չորս զույգ նրբին, ասեղնագործ վարտիք, երեք թափանցիկ, շատ բարակ կանացի շապիկ, բատիստե շորեր և, վերջապես, մի կորսետ և մի քանի զույգ գուլպա։
— Այսօր ես հերթապահ եմ,— ասաց պորուչիկը Շվեյկին,— տուն կգամ միայն գիշերը։ Բնակարանը կարգի բերեք։ Իմ վերջին սպասյակը իր ծուլության համար այսօր երթային վաշտի հետ մեկնեց ռազմաճակատ։
Դեղձանիկին և անգորական կատվին վերաբերվող կարգադրություններն անելուց հետո նա գնաց, չզլանալով դուրս գալուց առաջ մի անգամ ևս մի քանի խոսք ասել ազնվության և կարգ ու կանոնի մասին։
Նրա գնալուց հետո Շվեյկն ամբողջ բնակարանը խստագույնս կարգի բերեց, այնպես որ, երբ գիշերը պորուչիկը տուն եկավ, նա ամենայն իրավամբ կարող էր զեկուցել․
― Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ամեն ինչ կարգին է։ Միայն թե կատուն անվայել բան արեց՝ կերավ ձեր դեղձանիկին։
— Ինչպե՞ս,― որոտաց պորուչիկը։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ահա թե ինչպես։ Ես վաղուց գիտեի, որ կատուները դեղձանիկներին չեն սիրում և նեղություն են, տալիս։ Դրա համար էլ որոշեցի նրանց ծանոթացնել և, եթե այնպես պատահի, որ այդ անպիտանը որևէ օյին խաղա, այնպես դնգստել, որ մինչև մեռնելը չմոռանա, թե դեղձանիկների հետ ինչպես պետք է վարվել։ Ես կենդանիներին շատ եմ սիրում։ Մեր շենքում ապրող գլխարկագործն այդ ձևով վերջ ի վերջո կարողացավ իր կատվին վարժեցնել։ Սկզբում կատուն կերավ նրա երեք դեղձանիկներին, իսկ հիմա այլևս ոչ մեկին չի լափում, և դեղձանիկը կարող է նույնիսկ նստել նրա վրա։ Ես էլ ցանկացա փորձել, դեղձանիկին հանեցի վանդակից և թույլ տվի, որ կատուն նրան հոտոտի, իսկ այդ այլանդակը, մինչև ես ուշքի կգայի, կծեց դեղձանիկի գլուխը։ Աստված վկա, ես նրանից այդպիսի ստորություն չէի սպասում։ Եթե, պարոն պորուչիկ, մեջտեղը ճնճղուկ լիներ, բան չէի ասի, բայց, ախր, դա այնպիսի հիանալի դեղձանիկ էր, Հարցի դեղձանիկ։ Եվ այն էլ ինչպե՜ս ագահաբար էր խժռում, փետուրներն էլ հետը, և դեռ բավականությունից գռմռում։ Նրանք, այդ կատուները, ինչպես ասում են, ոչ մի երաժշտական կրթություն չեն ստացել և դեղձանիկի երգը տանել չեն կարողանում, որովհետև դրանից բան չեն հասկանում… Ես կատվին ինչպես պետքն է հայհոյեցի, բայց, աստված չանի, մատով իսկ չկպա, այլ սպասեցի ձեր գալուն, որ տեսնեմ, թե գործին ինչ վճիռ կտաք և թե այս քոսոտ այլանդակի հետ ինչպես պետք է վարվել։
Այդ պատմությունն անելիս Շվեյկն այնպես բարեսրտորեն էր նայում պորուչիկի աչքերին, որ վերջինս նրան մոտեցած լինելով որոշակի խիստ մտադրությամբ, հետ քաշվեց, նստեց բազկաթոռին ու հարցրեց.
— Լսեցեք, Շվեյկ, իսկապե՞ս դուք այդքան աստծու դմբլո եք։
— Ճիշտ այդպես, պարոն օբեր-լեյտենանտ,— հանդիսավորապես պատասխանեց Շվեյկը։— Դեռ փոքրուց բախտս չի բերում։ Ես միշտ ուզում եմ որևէ բան շտկել, որպեսզի ամեն ինչ չավ լինի, և դրանից երբեք ոչինչ դուրս չի գալիս, բացի ինձ և ուրիշներին անախորժություններ պատճաոելուց: Ես միայն ուզում էի նրանց ծանոթացնել, որ իրար ընտելանային։ Ես ի՞նչ մեղավոր եմ, որ նա դեղձանիկին լափեց և դրանով էլ ամեն մի ծանոթության վերջացավ։ Սրանից մի քանի տարի առաջ «Շտուպարտների մոտ» հյուրանոցում կատուն նույնիսկ թութակին լափեց այն բանի համար, որ նրան չարացնում էր ու կատվավարի մլավում… Համա թե դիմացկուն են այդ կատուները։ Եթե հրամայեք, պարոն օբեր-լեյտենանտ, որ նրան սատկացնեմ, ստիպված պետք է լինեմ դռների արանքում ճզմել, թե չէ բան դուրս չի գա։
Եվ Շվեյկն ամենաանմեղ մարդու տեսքով և իր անուշիկ, բարեմիտ ժպիտով սկսեց պորուչիկին պատմել, թե ինչպես են մահապատժի ենթարկում կատուներին։ Նրա այդ պատմությունը կենդանիներին հովանավորող ընկերությանը, հավանաբար, գժանոց կհասցներ։
Շվեյկը դրսևորեց այնպիսի գիտելիքներ, որ պորուչիկ Լուկաշն իր զայրույթը մոռանալով՝ հարցրեց.
— Դուք կարողանո՞ւմ եք կենդանիների հետ վարվել, սիրո՞ւմ եք նրանց։