Եվ հիրավի, հենց այն ընդունելությունը, որ Շվեյկին ցույց տվին գժանոցում, երբ նրան մարզային քրեական դատարանից քննության էին բերել, գերազանցեց նրա բոլոր սպասելիքները։ Նախ և առաջ Շվեյկին ոտից գլուխ մերկացրին, հետո մի խալաթ տվին և տարան լողանալու, մտերմաբար բռնելով թևերի տակից, ըստ որում սանիտարներից մեկը նրան զվարճացնում էր հրեական անեկդոտներով։ Լողարանում նրան ընկղմեցին տաք ջրով լի վաննայի մեջ, ապա այնտեղից հանեցին ու դրին սառը դուշի տակ։ Այդ բանը կրկնեցին երեք անգամ, ապա հարցրին՝ դո՞ւր եկավ թե ոչ։ Շվեյկը պատասխանեց, թե դա ավելի լավ է արվում, քան Կառլի կամրջի մոտ գտնվող բաղնիքներում, և թե ինքը լողանալ շատ է սիրում։ «Եթե դուք ինձ կատարելապես երջանկացրած լինելու համար եղունգներս կտրեք ու մազերս էլ խուզեք, ապա ավելին երազել անկարելի է»,– ասաց նա անուշիկ ժպիտով։ Նրա ցանկությունը կատարեցին։ Ապա Շվեյկին սպունգով մի լավ շփեցին, փաթաթեցին սավանի մեջ ու տարան առաջին բաժանմունք՝ անկողին դնելու։ Այնտեղ նրան պառկեցրին, վերմակով ծածկեցին ու խնդրեցին քնել։
Շվեյկը հիմա էլ սիրով է հիշում այդ պահը․
– Պատկերացրեք, ինձ տարա՜ն, տարա՜ն ուղիղ մինչև անկողինը։ Ես մի ոչ երկրային երանության մեջ էի։
Անկողնու մեջ Շվեյկը քնեց երանելի քնով։ Հետո նրան արթնացրին և մի գավաթ կաթ ու բուլկի առաջարկեցին։ Բուլկին նախապես մանր-մանր կտրատել էին, և մինչ սանիտարներից մեկը բռնել էր Շվեյկի երկու ձեռքերը, մյուսը բուլկու կտորները թաթախում էր կաթի մեջ ու նրան կերակրում, ինչպես խմորագնդիկներով կերակրում են սագերին։
Այնուհետև բռնեցին Շվեյկի թևերի տակից ու տարան արտաքնոց, որտեղ նրան խնդրեցին բավարարություն տալ իր ֆիզիոլոգիական մեծ ու փոքր պահանջներին։
Այդ հրաշալի րոպեի մասին Շվեյկը պատմում է զմայլանքով։ Մենք չենք համարձակվում կրկնել նրա այն պատմությունը, թե հետո ինչ արին իրեն։ Մեջ կբերենք միայն մի նախադասություն․ «Այդ Ժամանակ նրանցից մեկը ինձ պուպուզ էր բռնել»,– մտաբերում էր Շվեյկը։
Այնուհետև նրան հետ բերին, պառկեցրին անկողնու մեջ և նորից խնդրեցին քնել։ Մի որոշ ժամանակից հետո նրան արթնացրին ու տարան բուժազննման կաբինետ, որտեղ Շվեյկը, բոլորովին մերկ կանգնած երկու բժիշկների առաջ, հիշեց զինվորապարհակի փառավոր ժամանակը, և ակամա բերանից թռավ.
– Tauglich![2]
։– Ի՞նչ եք ասում,– հարցրեց բժիշկներից մեկը։– Արեք հինգ քայլ առաջ և հինգ քայլ հետ։
Շվեյկը արեց տասը քայլ։
– Իսկ չէ՞ որ ես ձեզ ասացի, հինգ քայլ անեք,– ասաց բժիշկը։
– Մի երկու քայլ ավելի անելն ինձ համար նեղություն չի։
Դրանից հետո բժիշկները պահանջեցին, որ Շվեյկը նստի աթոռի վրա, և նրանցից մեկը մի քանի անգամ թխկացրեց նրա ծնկանը, ապա դարձավ ու մյուսին ասաց, թե ռեֆլեքսները միանգամայն նորմալ են, իսկ վերջինս գլուխն օրորեց ու սկսեց ինքը թխկացնել ծնկանը, մինչ առաջինը բացում էր Շվեյկի կոպերը և բիբերը զննում։ Այնուհետև նրանք շարժվեցին դեպի սեղանը և մի քանի լատիներեն ֆրազներ փոխանակեցին։
– Լսեցեք, դուք երգել գիտե՞ք,– հարցրեց Շվեյկին բժիշկներից մեկը։– Չէի՞ք կարող, արդյոք, մեզ համար մի բան երգել։
– Աչքիս վրա,– պատասխանեց Շվեյկը։– Թեև ես ձայն ու երաժշտական լսողություն չունեմ, բայց ձեզ համար կփորձեմ երգել, քանի որ սիրտներդ զվարճանալ է ուզում։
Եվ Շվեյկը զլեց.
Հե՛յ, վանական դու ջահել,
Ի՞նչ ես գլուխդ կախել,
Եվ ինչո՞ւ ես դու ծածուկ
Թափում երկու ջերմ արցունք։
– Մնացածը չգիտեմ,– ընդհատեց Շվեյկը։– Եթե ուզում եք, ձեզ համար կերգեմ այս․
Ա՜խ, հոգիս է մղկտում,
Քո կարոտն է իմ սրտում.
Դուրս գամ, նստեմ տան շեմքին,
Նայեմ, նայեմ ճամփեքին։
Ա՜խ, ո՞ւր ես դու, իմ սիրած…
– Էլի մնացածը չգիտեմ,– հառաչեց Շվեյկը։– Գիտեմ նաև «Ո՞ւր է հայրենիքն իմ» երգի առաջին տողը և հետո «Վինդիշգրեցն ու այլ քաջեր իսկական առավոտը վաղ կռվի դուրս եկան» երգը, նաև մի քանի ռազմական երգեր, ինչպես, օրինակ, «Պահպանիր, տե՛ր, թագավորին», «Մենք գնում էինք ուղիղ Յարսմեր» և «Հազարապատիկ ողջունում ենք քեզ»․․․
Երկու բժիշկներն իրար նայեցին, և նրանցից մեկը Շվեյկին հարցրեց.
– Երբևէ քննե՞լ են ձեր հոգեկան վիճակը։
– Զինվորական ծառայությանս ժամանակ,– հանդիսավորապես և հպարտ-հպարտ պատասխանեց Շվեյկը։– Պարոն զինվորական բժիշկներն ինձ պաշտոնապես կատարյալ ապուշ համարեցին։
– Ինձ թվում է, դուք սիմուլյանտ եք,– գոռաց Շվեյկի վրա մյուս բժիշկը։
– Բոլորովին էլ սիմուլյանտ չեմ, պարոնայք,– սկսեց պաշտպանվել Շվեյկը։– Ես ամենաիսկական ապուշ եմ։ Կարող եք տեղեկանալ Չեշսկի Բուդեյնովիցիի 91-րդ գնդի գրասենյակից կամ Կառլինի Պահեստայինների վարչությունից։
Ավագ բժիշկը ձեռքն անհուսորեն թափ տվեց և, Շվեյկին մատնացույց անելով, սանիտարներին ասաց.
– Այս մարդուն վերադարձրեք իր հագուստը և իրեն հանձնեք առաջին միջանցքում գտնվող երրորդ բաժանմունքին։ Հետո ձեզնից մեկը թող վերադառնա ու բոլոր փաստաթղթերը տանի գրասենյակ։ Եվ այնտեղ ասացեք, որ չձգձգեն, որպեսզի սա մեր վզին երկար չնստի։
Բժիշկները մի անգամ էլ մի զայրալից հայացք նետեցին Շվեյկի վրա, որը քաղաքավարի հետ-հետ էր գնում դեպի դուռը։ Սանիտարներից մեկի այն դիտողությանը, թե նա այդ ի՞նչ հիմարություն է անում, Շվեյկը պատասխանեց.
– Ախր ես հագնված չեմ, բոլորովին մերկ եմ, դրա համար էլ չեմ ուզում պաներին ցույց տված լինել այն, որի պատճառով կարող են կարծել, թե ես անկիրթ կամ անպատկառ մարդ եմ։