― Մի անգամ բռնել էինք մի այդպիսի այլանդակ մաջարի կոկորդից։ Պաուսդորֆում էր, ուր մենք, սակրավորներս, գնացել էինք խմելու։ Ուզում էի գոտիով հասցնել գանգին։ Մութ էր, քանի որ գործը սկսելիս լամպի վրա մի շիշ շպրտեցինք։ Իսկ նա հանկարծ գոռում է. «Տոնդա, ախր էդ ես եմ, Պուրկրաբեկը, Տասնվեցերորդ պահեստի գնդից»։ Քիչ էր մնում սխալմունք պատահեր։ Բայց դրա վախարեն մենք այդ մաջար խեղկատակների հախից եկանք Նեզիդերյան լճի մոտ, ուր գնացել էինք սրանից մի երեք շաբաթ առաջ։ Լճի մոտ գտնվող գյուղակում բնակավորված է չգիտեմ ո՛ր հունվեդական գնդի գնդացրային զորախումբը, իսկ մենք պատահմունքի բերումով մտանք այն պանդոկը, որտեղ նրանք դիվոտածի պես պարում էին իրենց չարդաշը և կոկորդները պատռելով ոռնում իրենց «Uram, uram, Tiró uram»-ը կամ «Lanŏk, lanŏk, lanŏk a faluba»[71]
-ը։ Նստեցինք նրանց դեմ-դիմաց։ Մեր զինվորական գոտիները դրինք սեղանի վրա, մեր առաջ, և մեր մեջ ասում ենք. «Սպասեցեք, շա՛ն որդիներ, մենք ձեզ «լանոկ» ցույց կտանք»։ Իսկ մերոնցից մեկը, Մեյստրշիկը, որն այնպիսի բռունցք ունի, որ Սպիտակ սարը քեզ օրինակ, հենց այդ ժամանակ ասաց, թե դուրս կգա պարելու և այդ շրջմոլիկներից որևէ մեկի քթի տակից կխլի նրա աղջկան։ Իսկ աղջիկները ուզածիդ պես մեծաքամակ, մեծասրունք, մեծազդր ու մեծաչյա։ Այդ սրիկա մաջարների ամուր գրկելուց ու հուպ տալուց երևում էր, որ նրանց ծծերը գնդակների պես պինդ են ու լիքը։ Մեր Մեյստրշիկն, ուրեմն, թռավ-մտավ պարաշրջանի մեջ և, ա՛ռ քեզ, մի հոնվեդից խլեց ամենասիրուն աղջկան։ Հոնվեդն սկսեց ինչ-որ բան փնթփնթալ, իսկ Մեյսերշիկն այնպես հասցրեց նրա ռեխին, որ նա գետին գլորվեց։ Մենք առանց երկար մտածելու վերցրինք մեր գոտիները, փաթաթեցինք ձեռքներիս, որպեսզի սվինները չկորցնենք, նետվեցինք ամենախիտ տեղը, իսկ ես տղերքին ձայն տվի. «Մեղավոր թե անմեղ, բոլորին անխտիր տվեք ինչքան ուժ ունեք»։ Եվ գործն, ախպե՛րս, առաջ գնաց ուզածիդ պես։ Մաջարներն սկսեցին լուսամուտներից դուրս նետվել։ Մենք բռնում էինք նրանց ոտներից ու նորից ներս քաշում դահլիճ։ Բոլորն էլ մի լավ կերան։ Տանուտերն ու ժանդարմն ուզում էին խառնվել այդ գործին, բայց նրանց ճաշն էլ լավ եփեցինք։ Պանդոկապետին էլ թունդ դնքստեցինք, որովհետև սկսել էր գերմաներեն հայհոյել, թե իբր ամբողջ երեկույթը փչացրինք։ Դրանից հետո գնացինք, որ գյուղում բռնենք մեր ձեռքից փախածներին ու թաքնվածներին էլ։ Նրանց ենթասպաներից մեկին գտանք գյուղի ծայրին գտնվող կալվածքի ձեղնահարկերից մեկում, խոտի դեզի մեջ թաքնված։ Նրա տեղը մեզ ասել էր իր աղջիկը, որովհետև նա պանդոկում ուրիշ աղջկա հետ էր պարել։ Այդ աղջիկը մինչև ականջները սիրահարվել էր մեր Մեյստրշիկի վրա և նրա հետ գնաց Կիրալուհիդայի կողմը, որտեղ ճանապարհին խոտանոցներ կան։ Այնտեղ աղջիկը Մեյստրշիկին քարշ էր տվել մի խոտանոց, իսկ հետո հինգ կրոն պահանջել, իսկ Մեյստրշիկն էլ հասցրել էր նրա ռեխին։ Մեյստրշիկը մեզ հասավ ճամբարի մոտ և ասաց, որ առաջ կարծում էր, թե մաջարուհիները կրքոտ են, իսկ այդ խոզը պառկել էր գերանի պես և միայն անդադար ինչ-որ բան էր բլբլացնում։— Կարճ ասած, մաջարները խուժան մարդիկ են,— ավարտեց հին սակրավոր Վոդիչկան իր պատմությունը, որի առթիվ Շվեյկն ասաց․
— Ամեն մաջար մեղավոր չէ, որ ինքը մաջար է։
— Ինչպե՞ս թե մեղավոր չէ,— տաքացավ Վոդիչկան։— Նրանցից ամեն մեկն էլ մեղավոր է դրա համար։ Բա՜ն ասաց։ Թող մի դու ընկնեիր այն փորձանքի մեջ, որի մեջ ես ընկա դասընթացներին գնալուս առաջին օրը։ Այդ օրը ճաշից հետո մեզ նախիրի պես քշեցին-մտցրին դպրոց և մի ինչ-որ դանդալոշ սկսեց գրատախտակի վրա գծել ու մեզ բացատրել, թե բլինդաժն ինչ է, ինչպես են շինում նրա հիմքը և ինչպես կատարում չափումները։ «Իսկ վաղն առավոտյան, ասում է, եթե մեկն ու մեկն այդ բոլորը գծագրած չլինի իմ բացատրածի պես, կհրամայեմ կապել ու նստեցնել»։— «Գրո՜ղը տանի, մտածում եմ, իսկապես ասած, ինչի՞ համար ես ռազմաճակատում մտա այդ դասընթացները. ռազմաճակատից ճղելո՞ւ թե նրա համար, որ երեկոները դպրոցականի պես տետրի մեջ մատիտով գծագրեմ։ Կատաղությունս այնպես եկավ, ախպե՛րս, որ ասել չի լինի։ Չէի կարողանում նայել այն ապուշին, որ մեզ բացատրում էր։ Որ թողնեին, կատաղությունից ամեն ինչ ջարդուխուրդ կանեի։ Նույնիսկ իրիկվա սուրճին չսպասեցի, շտապեցի գնալ Կիրալուհիդա և բարկությունից միայն այն էի մտածում, թե քաղաքում մի խաղաղ գինետուն գտնեմ, այնտեղ մի լավ հարբեմ, ծեծկռտվեմ, դեբոշ սարքեմ, մեկնումեկի քիթումռութին հասցնեմ և թեթևացած սրտով տուն գնամ։ Բայց մարդս որոշում է, աստված տնօրինում։ Գետափին, այգիների մեջ, մի այդպիսի, իսկապես հարմար գինետուն գտա։ Այնտեղ այնպես խաղաղ էր, որ եկեղեցին քեզ օրինակ, ասես ամեն ինչ ստեղծված էր սկանդալի համար։ Միայն երկու հոգի կային նստած, իրար հետ խոսում էին մաջարերեն։ Դա ինձ ավելի կատաղեցրեց, և ես հարբեցի ավելի շուտ և ավելի թունդ, քան ուզում էի, և հարբածությունից նույնիսկ չնկատեցի, որ դրա կողքին մի ուրիշ գինետուն էլ կա, որտեղ, մինչև որ ես կլիցքավորվեի, մի ութ հուսար էր հավաքվել։ Հենց դրանք էլ հարձակվեցին վրաս, երբ այն առաջին երկուսի ռեխներին հասցրի։ Սրիկա հուսարները, ախպե՛րս, ինձ այնպես ջարդեցին և այնպես քշեցին բոլոր այգիների միջով, որ մինչև առավոտ չկարողացա տուն ընկնել, իսկ երբ վերջապես տեղ հասա, ինձ անմիջապես լազարեթ ուղարկեցին։ Այնտեղ խաբեցի, թե աղյուսի հորի մեջ եմ ընկել, և մի ամբողջ շաբաթ ինձ փաթաթում էին թաց սավանի մեջ, մինչև որ մեջքս լավացավ։ Չէի ցանկանա, ախպե՛րս, որ այդպիսի սրիկաների ձեռքն ընկնես։ Բա դրանք մարդ ե՞ն, իսկական անասուններ են։