Ամբողջ ճանապարհին խելառածի պես էինք, իսկ ես չէի կարողանում նույնիսկ խաչի տուզը նշմարել։ Մեկ էլ հանկարծ հրաման տվին, թե դուրս թափվել։ Նույնիսկ չհասցրինք պարտիան վերջացնել, վագոններից դուրս թափվեցինք։ Մի կապրալ, չեմ հիշում ազգանունն ինչ էր, իր զինվորներին ձայն տվեց, որ «Und die Serben müssen sehen, dass wir Oesterreicher Sieger, Sieger sind»[1]
երգեն։ Բայց մեկը հետևից ոտքով այնպես հարվածեց նրան, որ նա ռելսերի այն կողմը թռավ։ Հետո նորից հրաման տվին. «Հրացանները շարել բուրգաձև»։ Գնացքը րոպեապես շուռ եկավ ու դատարկ հետ դարձավ։ Եվ, իհարկե, ինչպես միշտ խուճապի ժամանակ պատահում է, տարան և մեր երկու օրվա պարենը։ Եվ հենց այդ պահին մեզնից քիչ հեռու, ինչպես, ա՛յ, այստեղից մինչև այն ծառերը, սկսեցին շրապնելներ պայթել։ Կայարանի մյուս ծայրից հայտնվեց գումարտակի հրամանատարը և բոլոր սպաներին խորհրդակցության կանչեց, իսկ հետո եկավ օբեր-լեյտենանտ Մացեկը, որ ազգությամբ հարյուր տոկոսանոց չեխ էր, բայց միայն գերմաներեն էր խոսում. եկավ, դեմքը կավիճի պես սպիտակ, և ասում է, թե ճանապարհը շարունակել հնարավոր չէ, երկաթգիծը պայթեցված է, սերբերը գիշերով գետն անցել և հիմա գտնվում են ձախ թևում, բայց մեզնից դեռ հեռու են։ Մենք, ասում է, օժանդակ ուժեր կստանանք և նրանց հողմացրիվ կանենք։ Եթե որևէ անսպասելի բան պատահի, ոչ ոք գերի չպիտի հանձնվի։ Սերբերն, ասում է, գերիների ականջներն ու քիթը կտրում են, աչքերը հանում։ Ուշադրություն չպիտի դարձնել, որ մեզնից քիչ հեռու շրապնել է պայթում, դա, ասում է, մեր հրետանին է փորձնական հրաձգություն կատարում։ Հանկարծ լեռան հետևից լսվեց տա-տա-տա-տա-տա։ Իբր դա էլ մեր գնդացիրներն են փորձնական կրակ բացել։ Հետո ձախ կողմից՝ թնդանոթների որոտ։ Մենք այդպիսի բան առաջին անգամ էինք լսում, և պառկեցինք։ Գլխներիս վրայով մի քանի նռնակներ թռան, որոնք հրդեհեցին կայարանը, աջ կողմից սկսեցին գնդակներ վժժալ, իսկ հեռվից լսվում էին համազարկերն ու փակաղակների շրխկշրխկոցը։ Օբեր-լեյտենանտը հրամայեց վերցնել և լցնել մեր բուրգաձև շարած հրացանները։ Հերթապահը մոտեցավ նրան ու զեկուցեց, թե ոչ մի կերպ հնարավոր չէ հրամանը կատարել, քանի որ բոլորովին զինամթերք չունենք։ Չէ՞ որ օբեր-լեյտենանտը շատ լավ գիտե, որ մենք ռազմամթերք պիտի ստանանք հաջորդ հանգրվանում, ուղղակի դիրքերի մոտ։ Զինամթերքի գնացքը, ասաց, շարժվում էր մեր առջևից, և, հավանաբար, արդեն ընկել է սերբերի ձեռքը։ Օբեր-լեյտենանտ Մացեկը մի րոպե քարացավ, հետո դարձավ ու հրամայեց, «Bajonett auf!»[2] ինքն էլ չիմանալով ինչու, երևի, մի բան արած լինելու համար։ Այդպես մենք բավական երկար կանգնած էինք մարտական պատրաստականությամբ։ Այնուհետև նորից սկսեցինք շպալների վրայով սողալ, որովհետև երկնքում մի սավառնակ նկատեցինք, որը չգիտեմ ումն էր, և ենթասպաները բղավեցին, «Alles decken, decken!»[3]։ Շուտով պարզվեց, որ սավառնակը մերն է եղել և մեր հրետանին սխալմամբ խփել-ցած է գցել։ Մենք նորից ոտքի կանգնեցինք, և ոչ մի հրաման չեն տալիս, կանգնած ենք «ազատ»։ Հանկարծ տեսնում ենք, դեպի մեր կողմը մի հեծելազորային է սլանում, որը դեռ հեռվից ձայն տվեց. «Wo ist Batalionskommando?»[4]։ Գումարտակի հրամանատարը ձիով նրան ընդառաջ գնաց։ Հեծելազորայինը հրամանատարին մի թուղթ հանձնեց ու առաջ սլացավ։ Գումարտակի հրամանատարը ճանապարհին կարդաց ստացած թուղթը և հանկարծ, ասես խելքը թռցրած, մերկացրեց սուրն ու արշավեց դեպի մեզ։ «Alles zurück! Alles zurück!»[5],— բղավեց նա սպաների վրա։― «Direktion Mulde, einzeln abfallen!»[6]։ Եվ հենց այդ ժամանակ սկսվե՜ց։ Բոլոր կողմերից, կարծես հենց դրան էին սպասում, սկսեցին մեզ վրա կրակ թափել։ Երկաթուղաթմբի ձախ կողմում մի եգիպտացորենի արտ կար։ Ա՛յ թե որտեղ էր իսկական դժոխքը։ Մենք չորեքթաթ սողացինք դեպի հովիտը, ուղեպարկերը գցեցինք այն անիծյալ ռելսերի վրա։ Օբեր-լեյտենանտի գլխին մի գնդակ թրխկաց, և նա չկարողացավ նույնիսկ բերանը բացել։ Մինչև որ կթաքնվեինք հովտում, մեզնից շատերը սպանվեցին ու վիրավորվեցին։ Նրանց այդպես թողինք ու առանց ետ նայելու սկսեցինք փախչել մինչև մութն ընկնելը։ Դեռ մեր գալուց առաջ մեր զինվորներն ամբողջ շրջանը ավերել էին։ Միակ բանը, որ մենք տեսանք, թալանված գումակն էր։ Վերջապես հասանք մի կայարան, որտեղ մեզ սպասում էր մի նոր հրաման՝ գնացք նստել և վերադառնալ շտաբ, մի հրաման, որ մենք չկարողացանք կատարել, քանի որ դրանից մի օր առաջ ամբողջ շտաբը գերի էր ընկել։ Այդ բանը մենք գիտեինք դեռևս առավոտյան։ Եվ մնացինք անտեր-անտիրական որբերի պես, ոչ ոք չէր ուզում մեզ նույնիսկ ճանաչել։ Մեր դասակը միացրին Յոթանասուներեքերորդ գնդին, որպեսզի հեշտ լիներ նահանջել, և նահանջեցինք մեծագույն ուրախությամբ։ Սակայն Յոթանասուներեքերորդ գնդին հասնելու համար ստիպված եղանք մի ամբողջ օր քայլել։Այլևս ոչ ոք նրան չէր լսում։ Շվեյկն ու Վանեկը «վաթսունվեց» էին խաղում։ Սպայական խոհանոցի խոհարար-օկուլտիստը շարունակում էր իր հանգամանալից նամակը, ուղղված կնոջը, որը նրա բացակայության ժամանակ սկսել էր աստվածիմացական նոր ժուռնալ հրատարակել։ Բալոունը նիրհում էր նստարանի վրա, և հեռախոսավար Խոդոունսկուն մնում էր ոչ այլ ինչ, քան միայն կրկնել. «Այո, ես դա չեմ մոռանա․․․»։
Նա վեր կացավ ու գնաց ուրիշների խաղաթղթերին նայելու։