Քաջարի զինվոր Շվեյկի արկածները, Մասն երրորդ: Փառահեղ քոթակ
Հունգարիայի միջով
Վերջապես հասավ այն պահը, երբ բոլորին խցկեցին վագոնները՝ յուրաքանչյուրի մեջ 42 մարդ կամ 8 ձի հաշվով։ Ձիերն, իհարկե, մեկնում էին ավելի մեծ հարմարություններով, քանի որ կարողանում էին կանգնած քնել։ Սակայն դա պարզապես ոչ մի նշանակություն չուներ, զինվորական գնացքը մարդկանց այդ նոր պարտիան տանում էր Գալիցիայում մորթվելու։
Եվ այնուամենայնիվ, երբ գնացքը շարժվեց, այդ արարածները վոքր-ինչ թեթևություն զգացին։ Հիմա գոնե որոշ բան պարզ էր, իսկ մինչ այդ միայն տանջալից անորոշություն էր, խուճապ և անվերջանալի մտատանջություն, թե իրենց երբ են ուղարկելու՝ այսօ՞ր, վա՞ղը թե մյուս օրը։ Շատերն իրենց զգում էին մահվան դատապարտվածների պես, որոնք սարսափով սպասում են դահճի գալուն։ Բայց ահա դահիճը գալիս է, մարդիկ հանգստանում են, թե վերջապես ամեն ինչ կվերջանա։
Հավանաբար այդ էր պատճառը, որ մի զինվոր խելագարի պես բղավում էր. «Գնո՜ւմ ենք, գնո՜ւմ ենք»։
Ավագ գրագիր Վանեկն անշուշտ իրավացի էր, երբ Շվեյկին ասում էր, թե շտապելու կարիք չկա։
Արդեն մի քանի օր էր անցել, որ զինվորներր տեղավորվել էին վագոններում, և նրանք շարունակ մսի պահածոյի մասին էին խոսում։ Փորձառու Վանեկն ասում էր, թե դա ֆանտազիա է։ Ի՜նչ պահածո, ինչ բա՜ն։ Ա՛յ, դաշտային պատարագը խելքի մոտ բան է։ Չէ՞ որ նախորդ երթային վաշտին էլ նույնն էր պատահել։ Պահածո լինելիս դաշտային պատարագի կարիքը վերանում է։ Հակառակ դեպքում դաշտային պատարագը գալիս է փոխարինելու պահածոյին։
Եվ հիրավի, պահածոյի փոխարեն հայտնվեց օբեր-ֆելդկուրատ Իբլը, որը մի գնդակով երեք նապաստակ խփեց։ Նա դաշտային պատարագ կատարեց միանգամից երեք երթային գումարտակների համար, երկուսին օրհնեց Սերբիա, իսկ մեկին՝ Ռուսաստան գնալու համար։
Ընդ որում նա մի շատ խանդավառ ճառ արտասանեց, որի նյութը, ինչպես դժվար չէր նկատել, քաղել էր զինվորական օրացույցներից։ Ճառն այնքան էր հուզել բոլորին, որ Մոշոն գնալիս Շվեյկը, որ Վանեկի հետ նստած էր հանպատրաստից գրասենյակի վերածած մի վագոնում, այդ ճառը հիշելով, ավագ գրագրին ասաց.
— Ինչ կուզես ասա, իսկապես փառահեղ բան է լինելու։ Ի՜նչպես էր նա նկարագրում։ Օրը կսկսի թեքվել դեպի իրիկնամուտ, արեգակն իր ոսկյա ճառագայթներով կթաքնվի լեռների հետևում, իսկ ռազմի դաշտում կլսվեն մեռնողների վերջին հառաչանքները, ընկած ձիերի խրխինջը, վիրավոր հերոսների տնքոցը, բնակիչների լացն ու կականը, երբ նրանց գլխին կբոցավառվեն իրենց տների տանիքները։ Ինձ դուր է գալիս, երբ մարդիկ սկսում են դառնալ «քառակուսի աստիճանի ապուշներ»։
Վանեկն ի նշան համաձայնության գլխով արավ. «Այո, դա չափազանց հուզիչ էր»։
— Դա գեղեցիկ էր և ուսանելի,— խրատաբար ասաց Շվեյկը։
— Ես այդ ամենը շատ լավ հիշում եմ և երբ պատերազմից վերադառնամ՝ կպատմեմ «Թասի մոտ» պանդոկում։ Երբ պարոն ֆելդկուրատն անկեղծորեն մեզ ասաց այդ բաները, հանկարձ ոտքերն այնպես չռեց, որ վախեցա՝ չլինի թե սայթաքի ու թրմփա դաշտային բեմի վրա։ Չէ՞ որ կարող էր գլուխը խփել մասնատուփին ու ջարդել։ Նա մի հիանալի օրինակ բերեց մեր բանակի պատմությունից, երբ դեռ այնտեղ ծառայելիս է եղել Ռադեցկին։ Այն ժամանակ ռազմի դաշտի վրա վերջալույսի շողերին միախառնվել էր հրկիզվող ամբարների բոցը։ Կարծես այդ ամենը իր աչքով էր տեսել։
Նույն այդ օրը օբեր-ֆելդկուրատ Իբլը ընկել էր Վիեննա և մի ուրիշ երթային գումարտակի պատմել նույն այն ուսանելի պատմությունը, որ մտաբերեց Շվեյկը և որը նրան այնքան շատ էր դուր եկել, որ նա անվանեց «քառակուսի աստիճանի ապուշություն»։
— Սիրելի՛ զինվորներ,— բարբառել էր ֆելդկուրատ Իբլը,— պատկերացրեք, որ հիմա քառասունութ թիվն է և հենց նոր հաղթականորեն ավարտվել է Կուստոցայի ճակատամարտը։ Տասժամյա համառ մարտից հետո Իտալիայի Ալբերտ թագավորը ստիպված էր արյամբ ողողված ռազմի դաշտը զիջել ֆելդմարշալ Ռադեցկուն, մեր «զինվորների հորը», որն իր կյանքի ութսունչորսերորդ տարում այդքան փայլուն հաղթանակ տարավ։ Եվ ահա, սիրելի՛ իմ զինվորներ, նվաճված Կուստոցայի առջև գտնվող բլուրի վրա պատկառելի զորավարը կանգնեցնում է իր ձին։ Նրան շրջապատել են իր հավատարիմ գեներալները։ Պահի լրջությունը համակում է բոլորին, քանզի, զինվորնե՛ր, ֆելդմարշալից քիչ հեռու ընկած է մահվան դեմ մաքառող մի ռազմիկ։ Փառքի դաշտում ծանր վիրավորված, ջախջախված անդամներով, դրոշակակիր Հերտը զգում է, որ ֆելդմարշալ Ռադեցկու հայացքն իր վրա է ուղղված։ Մահացու վիրավորված քաջարի դրոշակակիրը սառչող ձեռքով խանդավառ սեղմում է իր ոսկյա մեդալը։ Ազնիվ ֆելդմարշալին տեսնելուն պես նորից բաբախեց նրա սիրտը, իսկ խոշտանգված մարմինը կենդանություն առավ։ Գերմարդկային ճիգով մեռնողը փորձեց սողեսող մոտենալ իր ֆելդմարշալին։
— Անհանգստություն մի պատճառիր քեզ, իմ քաջարի՛ ռազմիկ,— ֆելդմարշալը, ցած իջավ ձիուց և ձեռքը մեկնեց նրան։
— Ավա՜ղ, պարոն ֆելդմարշալ,— հառաչեց մեռնող ռազմիկը։— Երկու ձեռքս էլ կոտրված է։ Ես ձեզ միայն մի բան եմ խնդրում։ Ճիշտն ասացեք ինձ, հաղթանակը մե՞նք ենք տարել։
— Մենք, սիրելի՛ իմ եղբայր,— փաղաքշալից պատասխանեց ֆելդմարշալը։— Որքա՜ն ցավալի է, որ վիրավորվելուդ հանգամանքը մռայլել է քո ուրախությունը։
— Այո, մեծարգո՛ առաջնորդ, իմ բանը պրծած է,— մարող ձայնով մրմնջաց մեռնողը, հաճելիորեն ժպտալով։
— Խմել ուզո՞ւմ ես,— հարցրեց Ռադեցկին։
— Օրը շոգ էր, պարոն ֆելդմարշալ։ Երեսուն աստիճանից ավելի։
Այնժամ Ռադեցկին իր համհարզներից մեկի ձեռքից առավ դաշտային տափաշիշը և տվեց մեռնողին, որը մի մեծ կում անելով՝ հագեցրեց իր ծարավը։