― Ա՛յ քեզ էշ,— ասաց նա Շվեյկին,— ինչ խոսք, լա՜վ տիպ ունենք մեր երթային վաշտում։ Խորհրդակցությունում նա էլ է եղել, և ցրվելիս պարոն օբեր-լեյտենանտը կարգադրել է, որ դասակապետերն ամենայն խստությամբ հրացանները ստուգեն։ Եվ Բիգլերն եկել էր ինձ հարցնելու, թե արդյոք չկարգադրի՞ Ժլեբեկին կապել, քանի որ հրացանը նավթով է մաքրել։— Վանեկն սկսեց տաքանալ։— Այդպիսի տխմար բան է հարցնում ինձ, թեև գիտե, որ ռազմաճակատ են գնում։ Պարոն օրեր-լեյտենանտն երեկ լավ արեց, որ հրամայեց իր սպասյակին արձակել։ Ես այդ լակոտին ասացի, որ իզուր տեղը զինվորներին չգազազեցնի։
— Սպասյակ ասացիք, միտս ընկավ,— ասաց Շվեյկը,— պարոն օբեր-լեյտենանտի համար սպասյակ չգտա՞ք։
— Խելք ունեցեք,— պատասխանեց Վանեկը,— շտապելու կարիք չկա։ Ի միջի այլոց, ես կարծում եմ, որ պարոն օբեր-լեյտենանտը Բալոունին կընտելանա։ Հիմա Բալոունը երբեմն որևէ բան լափում է, բայց հետո, երբ ընկնենք ռազմաճակատ, իր այդ սովորությունը կթողնի։ Այնտեղ թե՛ նա, թե՛ օբեր-լեյտենանտը ուտելու բան չեն ունենա։ Երբ ես նրան ասեմ, թե Բալոունը մնացել է, ոչինչ չի կարող անել։ Դա իմ գործն է, պարոն օբեր-լեյտենանտին չի վերաբերվում։ Իսկ որ գլխավորն է, չպետք է շտապել։
Վանեկը նորից պառկեց իր մահճակի վրա և ասաց.
— Շվեյկ, ինձ մի անեկդոտ պատմեցեք զինվորական կյանքից։
— Կարելի է,— պատասխանեց Շվեյկը,— միայն թե վախենում եմ, որ նորից մեկն ու մեկը զանգահարի։
— Ուրեմն, հեռախոսն անջատեցեք, լարը ետ պտուտակեցեք կամ հեռախոսափողը վերցրեք։
— Լավ,— ասաց Շվեյկը հեռախոսափողը վերցնելով։— Ես ձեզ կպատմեմ մեր վիճակին սազական մի դեպք։ Միայն թե այն ժամանակ իսկական պատերազմի փոխարեն զորաշարժեր էին և ճիշտ այնպիսի իրարանցում էր, ինչպես այսօր. այն ժամանակ էլ չգիտեինք, թե զորանոցներից երբ ենք դուրս գալու։ Ինձ հետ Շից անունով մի պորժիչեցի էր ծառայում։ Լավ տղա էր, միայն թե բարեպաշտ էր ու վախկոտ։ Կարծում էր, թե զորաշարժը մի սարսափելի բան է, որի ժամանակ մարդիկ ծարավից վայր են գլորվում, իսկ սանիտարները նրանց հավաքում են կաթուկ պտուղների պես։ Այդ պատճառով էլ նա առաջուց խմեց, իսկ երբ զորանոցներից զորաշարժերի դուրս եկանք և հասանք Մնիշեկ, ասաց. «Տղե՛րք, ես դրան չեմ դիմանա, ինձ միայն աստված կփրկի»։ Հետո մենք հասանք Գորժովիցի և այնտեղ երկու օր դադար առանք, քանի որ ինչ որ սխալ էր տեղի ունեցել և մենք այնքան արագ էինք առաջ շարժվում, որ քիչ էր մնում մեր թևերից մեզ հետ շարժվող գնդերի հետ միասին գրավեինք թշնամու ամբողջ շտաբը։ Եվ պիտի խայտառակվեինք, որովհետև ըստ առաջադրանքի մեր կորպուսը պետք է ճղեր, իսկ հակառակորդը՝ հաղթեր, քանի որ նրանց մոտ մի քոսոտ էրցհերցոգ կար։ Շիցը մի այսպիսի բան արեց։ Երբ մենք ճամբար դրինք, նա վեր կացավ ու գնաց Գորժովցիի այն կողմում գտնվող մի գյուղ՝ իր համար բան-ման առնելու, և ճաշի ժամանակ վերադարձավ ճամբար։ Օրը շոգ էր, նա էլ թունդ խմած, և ահա ճանապարհի եզրին տեսնում է մի սյուն, սյան վրա մի արկղ, իսկ արկղի մեջ, ապակու տակ, սուրբ Յան Նեպոմուցկու արձանիկը։ Աղոթում է նա սուրբ Յանին և ասում. «Երևի շոգից նեղվում ես, վատ չէր լինի մի բան խմեիր»։ Արևկող տեղ ես կանգնած։ Վայ թե շարունակ քրտնում ես»։ Թափ է տալիս երթային տափաշիշը, խմում ու ասում. «Մի կում էլ քեզ համար եմ թողել, նեպոմուկցի Յան»։ Հետո սթափվում է, բոլորը լակում և նեպոմուկցի սուրբ Յանին ոչինչ չի մնում։ «Մեղա՛ քեզ, տեր,— բացականչում է նա,— նեպոմուկցի սուրբ Յան, դու ինձ պետք է ներես, դրա համար ես քեզ վարձահատույց կլինեմ»։ Եվ բարի Շիցը, նեպոմուկցի սուրբ Յանին խղճալով, ապակին կոտրում է, սրբի արձանիկը հանում, կոխում գիմնաստյորկայի տակ և բերում ճամբար։ Դրանից հետո սուրբ Յան Նեպոմուցկին նրա հետ ծղոտի վրա էր քնում։ Երթերի ժամանակ Շիցը նրան հետը ման էր ածում պայուսակի մեջ դրած, և թուղթ խաղալիս միշտ բախտը բանում էր։ Որտեղ էլ որ դադար առնեինք, նա միշտ պիտի տաներ, քանի դեռ չէինք հասել Պրախենսկո։ Տեղավորվեցինք Դրագենիցիում, և նա սկսեց մի գլուխ տանուլ տալ։ Երբ առավոտյան արշավի դուրս եկանք, սուրբ Յան Նեպոմուցկին, օղակը վզին, կախված էր ճանապարհի եզրին կանգնած տանձենու ճյուղից։ Ահա և ձեզ անեկդոտ, իսկ հիմա հեռախոսափողը կախեմ։
Եվ հեռախոսը նորից սկսեց ներընկալել ճամբարի ջղային կյանքի ջղաձգությունները։ Հանգստի հարմոնիան այստեղ խախտված էր։
Նույն այդ պահին պորուչիկ Լուկաշն իր սենյակում ուսումնասիրում էր գնդի շտաբից հենց նոր նրան հանձնված ծածկագիրն ու դրա վերծանման ուղեցույցը և միաժամանակ մի ծածկագիր հրաման, թե երթային գումարտակն ի՛նչ ուղղությամբ պետք է շարժվի գեպի Գալիցիայի սահմանը (առաջին էտապ).
7217 — 1238 — 475 — 2121 — 35 = Մոշոն,
8922 — 375 — 72 — 82 = Ռաբ,
4432 — 1238 — 7217 — 375 — 8922 — 35 = Կոմարնո,
7282 — 9299 — 310 — 7881 — 298 — 475 = Բուդապեշտ։
Վերծանելով այդ թվերը, պորուչիկ Լուկաշը հառաչեց.
— Der Teufel soll das buserieren[118]
։↑ Դո՛ւրս կորիր, խոզ (լատ.)։
↑ Մաջա՞ր ես (հունգ.)։
↑ Չեմ հասկանում ընկեր (հունգ․)։
↑ Սրտանց շնորհակալ եմ (հունգ.)։
↑ Ուտելու բան չկա (հունգ.)։
↑ Երեք երեխա, ուտելու բան չունեն (հունգ.)։
↑ Ձեր փաստաթղթերը (գերմ.)։
↑ Ի՞նչ է նշանակում «ջանիկ» բառը (գերմ․)։
↑ «Ջանիկ» — նշանակում է «պարոն ֆելդֆեբել» (գերմ.)։
↑ ...այդ ոջլոտին կայարանի զինվորական պարեկատուն տանել կատաղած շան պես (գերմ.)։
↑ Բավական է մարդ մի րոպե հեռանա, որպեսզի լսի միայն «Չեխերեն, չեխեր» (գերմ.)։
↑ Բոզին տեսեք, չի ուզում հետս պառկել (գերմ․)։
↑ Մեղա քեզ, տեր (գերմ․)։
↑ Հեռացե՛ք (գերմ․)։
↑ Դո՛րս այստեղից (գերմ.)։
↑ Կասկածվում է լրտեսության մեջ (գերմ.)։