— Գրո՛ղը տանի ձեզ, Շվեյկ։ Ձեզ հետ գործ ունենալը տանջանք է։ Հաղորդեցեք ինձ բովանդակությունը, ապա թե ոչ այնպես կապտակեմ, որ… Դե՛հ։
— Նորից ինչ-որ խորհրդակցություն, պարոն օբեր-լեյտենանա, այսօր ժամը իննին պարոն գնդապետի մոտ։ Գիշերն ուզում էի ձեզ արթնացնել, բայց հետո միտքս փոխեցի։
— Հենց այդ էր պակաս, որ ամեն մի դատարկ բանի համար գիշերն ինձ արթնացնեք։ Դրա համար առավոտյան էլ ժամանակ կգտնվի։ Wieder eine Besprechung, der Teufel soll das alles bliserieren![113]
հեռախոսափողը ցած դրեք, հեռախոսի մոտ կանչեցեք Վանեկին։— Ավագ գրագիր Վանեկը հեռախոսի մոտ է։ Rechnungsfeldwebl Vanek, Herr Oberleutnant[114]
.— Վանե՛կ, անմիջապես ինձ համար ուրիշ սպասյակ գտեք։ Այդ սրիկա Բալոունը այս գիշեր իմ ամբողջ շոկոլադը լափել է։ Կապե՞լ։ Ոչ, կուղարկենք սանիտարություն անելու։ Զռփի տղամարդ է, թիկունքը մի սաժեն, թող գնա ու կռվի դաշտից վիրավորներ դուրս բերի։ Ես նրան անմիջապես կուղարկեմ ձեզ մոտ։ Գնդի գրասենյակում անհապաղ կարգավորեցեք այդ ամենը և իսկույն վերադարձեք վաշտ։ Ի՞նչ եք կարծում, շո՞ւտ կմեկնենք։
— Շտապելու կարիք չկա, պարոն օբեր-լեյտենանտ։ Երբ մենք իններորդ երթային վաշտի հետ մեկնում էինք, ամբողջ չորս օր քթներիցս բռնած ման ածեցին։ Ութերորդին էլ նույնը պատահեց։ Միայն տասներորդի գործը լավ գնաց։ Մարտական լրիվ պատրաստության մեջ էինք, առավոտյան ժամը տասներկուսին հրամանը ստացանք, իսկ երեկոյան արդեն ճանապարհվել էինք։ Սակայն, դրա փոխարեն, մեզ Հունգարիայի մի ծայրից մյուսն էին քշում և չգիտեինք թե մեզնով ո՛ր ճակատի որ ծակը խցկեն։
Տասնմեկերորդ վաշտի հրամանատար դառնալու օրից ի վեր պորուչիկ Լուկաշը գտնվում էր մի այնպիսի վիճակի մեջ, որը սինկրետիզմ է կոչվում այն փիլիսոփայական սիստեմի անունով, որ ջանում է հասկացությունների հակասություններն հաշտեցնել հակադիր հայացքների խառնակման աստիճանին հասնող կոմպրոմիսով։
Եվ այդ իսկ պատճառով նա պատասխանեց.
— Այո՛, գուցե և այդպես է։ Ձեր կարծիքով, այսօր չե՞նք շարժվի։ Ժամի իննին գնդապետի մոտ խորհրդակցություն կա։ Հա՛, ի դեպ, գիտե՞ք, որ հերթապահ եք։ Ես դա հենց այնպես ասացի։ Ինձ համար կազմեցեք… Սպասեցեք, ինչ պիտի կազմեք ինձ համա՞ր․․․ Հա՛, ենթասպաների ցուցակը, նշելով, թե յուրաքանչյուրը երբվանից է ծառայում… Հետո վաշտի համար պարեն ստացեք։ Ազգությո՞ւնը։ Այո՛, այո՛, ազգությունն էլ… Իսկ որ գլխավորն է, ինձ համար մի նոր սպասյակ ուղարկեցեք։ Այսօր պրապորշչիկ Պլեշները զորամասում ինչ պետք է անի՞։ Պետք է պատրաստվել մեկնելու։ Հաշիվնե՞րը։ Ստորագրելու կգամ ճաշից հետո։ Ոչ ոքի քաղաք բաց չթողնեք։ Կանտինա՞, ճամբա՞ր։ Ճաշից հետո միայն մեկ ժամով․․․ Կանչեցեք Շվեյկին․․ Շվե՛յկ, դուք առայժմ կմնաք հեռախոսի մոտ։
— Համարձակվում եմ զեկուցել, պարո՛ն օբեր-լեյտենանտ, որ դեռ սուրճ չեմ խմել։
— Որ այդպես է, գնացեք ձեր սուրճը բերեք և մնացեք գրասենյակում, հեռախոսի մոտ, քանի դեռ չեմ կանչել։ Գիտե՞ք հանձնակատարն ինչ է։
— Դա նա է, որ շարունակ վազվզուքի մեջ է, պարո՛ն օբեր-լեյտենանտ։
— Ուրեմն, երբ ձեզ զանգահարեմ՝ տեղում լինեք։ Վանեկին նորից հիշեցրեք, որ ինձ համար սպասյակ գտնի։ Շվե՛յկ։ Ալլո, որտե՞ղ եք։
— Այստեղ եմ, պարոն օբեր-լեյտենանտ։ Հենց նոր սուրճս բերին։
— Շվե՛յկ, Ա՛լլո։
— Լսում եմ, պարոն օբեր-լեյտենանտ։ Սուրճը բոլորովին սառն է։
— Շվեյկ, դուք լավ գիտեք, թե սպասյակ ասածն ինչ է, հետը խոսեցեք, իսկ հետո ինձ կասեք, թե նա իրենից ինչ է ներկայացնում։ Հեռախոսափողը կախեցեք։
Վանեկը կում-կում խմելով սև սուրճը, որի մեջ ռոմ էր լցրել այն շշից, որի վրա ապահովության համար գրված էր՝ «Թանաք», նայեց Շվեյկին ու ասաց.
― Մեր օբեր-լեյտենանտը հեռախոսի մեջ այնպես է գոռում, որ ամեն մի բառը հասկացա։ Ինչպես երևում է, Շվեյկ, դուք օբեր-լեյտենանտի հետ մոտ եք։
— Ես նրա աջ ձեռքն եմ։ Իսկ ձեռքը ձեռք է լվանում։ Մենք երկուսով ինչ փորձանքի մեջ ասես չենք ընկել։ Քանի անգամ ցանկացել են մեզ բաժանել, բայց մենք նորից իրար գտել ենք։ Նա ամեն բանում ինձ է ապավինում։ Քանի՜ անգամ ինքս էլ զարմացել եմ դրա վրա։ Ա՛յ, հենց նոր լսեցիք, որ ասաց, թե պետք է ձեզ հիշեցնեմ, որ իր համար նոր սպասյակ գտնեք, և որ ես այդ մարդու հետ պետք է խոսեմ և նրա մասին իմ կարծիքը հայտնեմ։ Պարոն օբեր-լեյտենանտին ամեն սպասյակ չի գոհացնի։
* * *
Գնդապետ Շրեդերը խորհրդակցության էր հրավիրել երթային գումարտակի բոլոր սպաներին։ Նա անհամբեր սպասում էր այդ խորհրդակցությանը, որպեսզի հնարավորություն ունենար խոսելու։ Բացի դրանից, հարկավոր էր որևէ որոշում ընդունել հոժարական Մարեկի վերաբերմամբ, որը հրաժարվել էր արտաքնոցները մաքրել և որին իբրև խռովարարի գնդապետ Շրեդերը ուղարկել էր դիվիզիայի դատարան։
Դիվիզիայի դատարանի կալանավորական բաժնից Մարեկին միայն երեկ գիշեր էին տեղափոխել հաուպտվախտ, որտեղ և գտնվում էր կալանքի տակ։ Միաժամանակ գնդի գրասենյակին հանձնվել էր դիվիզիայի դատարանի հղած վերին աստիճանի խրթին գրությունը, որի մեջ նշվում էր, թե տվյալ դեպքում գործը խռովարարության չի վերաբերվում, քանի որ հոժարականները պարտավոր չեն ոտացճանապարհներ մաքրել, բայց, այնուամենայնիվ, դա դիտվում է որպես կարգապահության խախտում, որպիսի զանցանքը նա կարող է քավել ճակատում օրինակելիորեն ծառայելով։ Նկատի ունենալով այդ ամենը, մեղադրյալ հոժարական Մարեկը նորից ուղարկվում է իր գունդը, իսկ կարգապահության խախտման հետաքննությունը դադարեցվում է մինչև պատերազմի վերջը և կարող է վերսկսվել այն դեպքում, երբ հոժարական Մարեկը նոր զանցանք գործի։