— Իսկ իմ կարծիքով, ավելի շուտ՝ Սերբիա։ Դա կերևա Բուդապեշտ հասնելուց հետո։ Եթե մեզ դեպի աջ տանեն, ուրեմն՝ գնում ենք Սերբիա, իսկ եթե դեպի ձախ՝ Ռուսաստան։ Դուք արդեն իրեղենի տոպրակներ ունե՞ք։ Ասում են, ռոճիկը բարձրացնելու են։ «Երեքնուկ» խաղո՞ւմ ես։ Թե որ խաղում ես, վաղն այստեղ արի։ Մենք ամեն իրիկուն շփշփացնում ենք։ Հեռախոսի մոտ քանի՞ հոգի եք նստած։ Մի՞ հոգի։ Դե որ այդպես է, թքիր ամեն ինչի վրա ու գնա մրափիր։ Տարօրինակ կարգեր են ձեզ մոտ։ Երևի դու այստեղ քեզ այնպես ես զգում, ինչպես հավը եռման ջրի մեջ։ Է՛հ, վերջապես եկան ինձ փոխարինելու։ Դե՛, անուշ քուն։
Շվեյկն հիրավի անուշ քնեց հեռախոսի մոտ դրված սեղանի վրա, մոռանալով հեռախոսափողը կախել, այնպես որ ոչ ոք չէր կարող նրա քունը խանգարել։ Իսկ գնդի գրասենյակում հեռախոսավարն ամբողջ գիշերը հայհոյում էր, որ ոչ մի կերպ չի կարողանում կապվել տասնմեկերորդ երթային վաշտի հետ և հաղորդել մի նոր հեռախոսագիր, թե վաղը մինչև ցերեկվա ժամը տասներկուսը գնդի գրասենյակին պետք է ներկայացնել այն զինվորների ցուցակը, որոնց հակատիֆային պատվաստում չի արված։
Պորուչիկ Լուկաշը զինվորական բժիշկ Շանցլերի հետ դեռ նստած էր սպայական ժողովարանում։ Շանցլերը, աթոռին հեծած, բիլիարդի կիյով համաչափ տկտկացնում էր հատակը և հետն էլ արտաբերում հետևյալ ֆրազները.
— Սարակինոսյան Սալահ-Էդդին սուլթանն առաջինն էր, որ ճանաչեց սանիտարական անձնակազմի չեզոքությունը։
Կողմերից յուրաքանչյուրը մյուս կողմին պետք է վճարի դեղորայքի և բուժման ծախքերը։
Անհրաժեշտ է թույլատրել, որ բժիշկներին և բուժակներին գեներալական վկայականներով ուղարկեն վիրավոր թշնամիներին օգնություն ցույց տալու։
Անհրաժեշտ է նաև գերի ընկած վիրավորներին պահակների հսկողությամբ հետ ուղարկել կամ փոխանակել, հետո նրանք կարող են ծառայությունը շարունակել գործող բանակում։
Չի թույլատրվում երկու կողմերի հիվանդներին ո՛չ գերի վերցնել, ո՛չ սպանել. անհրաժեշտ է նրանց ուղարկել անվտանգ տեղերում գտնվող հոսպիտալներ։
Թույլատրվում է նրանց մոտ պահակախումբ թողնել, որը, ինչպես և հիվանդները, պետք է վերադառնան գեներալական վկայականներով։ Այդ ամենը տարածվում է նաև ռազմաճակատային հոգևորականների, բժիշկների, վիրաբույժների, դեղագործների, բուժակների, սանիտարների և հիվանդներին սպասարկող այլ անձանց վրա։ Նրանք բոլորը չեն կարող գերի վերցվել, այլ նույն կարգով պետք է հետ ուղարկվեն։
Բժիշկ Շանցլերն այդ միջոցին արդեն երկու կիյ, էր կոտրել և դեռ չէր ավարտել իր տարօրինակ դասախոսությունը պատերազմի ժամանակ վիրավորներին պահպանելու մասին, շարունակ իր ճառի մեջ խոթելով ինչ-որ անհասկանալի գեներալական վկայականներ։
Պորուչիկ Լուկաշը խմեց-վերջացրեց իր սև սուրճը և գնաց տուն, որտեղ տեսավ, որ մորուքավոր հսկա Բալոունը զբաղված է նրա սպիրտայրոցի վրա, երշիկ տապակելով։
— Ես հանդգնեցի,— կմկմալով ասաց Բալոունը,— ես ինձ թույլ տվի, համարձակվում եմ զեկուցել…
Լուկաշը հետաքրքրությամբ նայեց նրան։ Այդ պահին Բալոունը նրան թվաց մի մեծ երեխա, մի միամիտ արարած, և պորուչիկ Լուկաշը զղջաց, որ հրամայել էր նրան կապել իր վիթխարի ախորժակի համար։
— Տապակի՛ր, տապակի՛ր, Բալոուն,— ասաց նա, թուրն արձակելով,— ես կհրամայեմ վաղվանից քեզ համար մի բաժին ավելի հաց դուրս գրել։
Պորուչիկը նստեց սեղանի առաջ։ Հանկարծ նա իր հորաքրոջը սենտիմենտալ նամակ գրելու ցանկություն զգաց։ Եվ գրեց.
«Սիրելի՛ հորաքրւյր․
Հենց նոր հրաման ստացա, որ պատրաստվեմ իմ երթային վաշտով ռազմաճակատ մեկնելու։ Գուցե սա լինի վերջին նամակը, որ քեզ գրում եմ։ Ամենուրեք կատաղի մարտեր են և մեր կորուստները մեծ են։ Եվ ինձ համար դժվար է այս նամակն ավարտել «ցտեսություն» բառով։ Ավելի ճիշտ կլինի գրել «մնաս բարով»»։
«Կվերջացնեմ վաղն առավոտյան»,— մտածեց պորուչիկ Լուկաշը և գնաց քնելու։
Բալոունը տեսնելով, որ պորուչիկ Լուկաշը պինդ քնած է, նորից սկսեց բնակարանում դես ու դեն ընկնել ու պրպտել, ինչպես տարականները գիշեր ժամանակ. բացեց պորուչիկի ճամպրուկը և մի կտոր շոկոլադ կծեց։ Հանկարծ վախեցավ, երբ պորուչիկը քնի մեջ շարժվեց, կծած շոկոլադն հապշտապ դրեց ճամպրուկի մեջ և սսկվեց։
Հետո զգուշաբար նայեց, թե պորուչիկն ինչ է գրել։
Կարդաց և զգացվեց, մանավանդ «մնաս բարով» բառերը կարդալիս։
Նա պառկեց դռան մոտ փռած իր ծղոտե ներքնակի վրա և հիշեց հայրենի տունն ու այն օրերը, երբ խոզեր էին մորթում։
Բալոունը ոչ մի կերպ չէր կարողանում իրենից վանել այն պայծառ պատկերը, թե ինչպես ինքը ծակում է տլաչենկան, որպեսզի միջից օդը դուրս գա և խաշելիս չտրաքի։
Հիշելով, թե ինչպես մի անգամ հարևանների տանը մի ամբողջ երշիկ տրաքեց ու եփելուց քրքրվեց, նա քնեց անհանգիստ քնով։ Երազում տեսավ, որ անփորձ երշիկագործ է կանչել, որը լյարդաթոքի երշիկներն այնպես վատ է լցնում, որ անմիջապես տրաքում են։ Հետո տեսավ, որ մսագործը մոռացել է արյունի երշիկ պատրաստել, թե բուժենինան կորել է և լյարդաթոքի երշիկի համար աղիքները հերիք չեն անում։ Ապա տեսավ դաշտային դատարանը, թե իբր իրեն բռնել են երթային խոհանոցից մի կտոր միս գողանալիս։ Վերջապես, տեսավ, թե իբր ինքը Լեյտի Բրուկի զինվորական ճամբարի ծառուղիներում կախված է մի լորենուց։
Շվեյկն արթնացավ իր քնից ելնող արեգակի հետ, որը ծագեց խտացրած սուրճի անուշ բուրմունքի մեջ, որ փչում էր բոլոր վաշտային խոհանոցներից։ Շվեյկը մեքենաբար, այնպես, որ կարծես հեռախոսով խոսելը նոր էր ավարտել, հեռախոսափողը կախեց և դրա սենյակում սկսեց իր առավոտվա բուժազբոսանքը։ Այդ միջոցին նա երգում էր, սկսելով այն երգի կեսից, թե ինչպես զինվորը աղջկա շոր է հագնում և գնում ջրաղաց՝ իր սիրածի մոտ, իսկ ջրաղացպանը նրան պառկեցնում է քնելու իր աղջկա կողքին, բայց նախքան այդ գոռում.