— Համենայն դեպս,— հաստատեց նա,— ինչ վերաբերում է սերբական ռազմաճակատի իմ փորձին, ապա այնտեղ ոչ ոք գործնականորեն վերծանելու ժամանակ չէր ունենում։ Դա, իհարկե, չի նշանակում, թե ծածկագրերը նշանակություն չունեն խրամատներում երկար մնալու դեպքում, երբ մենք այնտեղ ամուր նստում ու սպասում ենք։ Ինչ վերաբերում է նրան, որ ծածկագրերը փոխվում են, ապա դա էլ ճիշտ է։
Կապիտան Սագներն իրար հետևից զիջում էր իր դիրքերը։
— Եթե ներկայումս շտաբից դիրքերին հրամաններ հաղորդելիս ավելի ու ավելի քիչ են ծածկագրեր օգտագործում, ապա դրա գլխավոր պատճառն այն է, որ մեր դաշտային հեռախոսները բավականաչափ կատարյալ չեն և, մանավանդ թնդանոթաձգության ժամանակ, որոշ վանկեր պարզ չեն հաղորդում։ Մարդ բացարձակապես ոչինչ չի լսում, և դա ավելի մեծ շփոթ է առաջացնում։
— Շփոթությունը ամենավատթար բանն է, որ կարող է լինել ռազմաճակատում, պարոնա՛յք,— մարգարեաբար բարբառեց նա և նորից լռեց։— Մի րոպեից,— կրկին խոսեց նա՝ պատուհանից դուրս նայելով,— մենք կլինենք Ռաբում։ Meine Herren! Զինվորներն այստեղ հարյուրհիսունական գրամ հունգարական երշիկ կստանան։ Կեսժամյա հանգիստ կտանք։— Նա նայեց մարշրուտը։— Ժամը չորսն անց տասներկու րոպեին մեկնել։ Երեքն անց հիսուներկու րոպեին բոլորը մտնեն վագոնները։ Վագոններից դուրս գալ վաշտ առ վաշտ, նախ տասնմեկերորդը, ապա մյուսները․․․Zugsweise, Direktion Verpflegsmagazin № 6[23]
։ Երշիկը բաժանելուն վերահսկում է կադետ Բիգլերը։Բոլորը նայեցին կադետ Բիգլերին, ասես ցանկանալով նրան նախազգուշացնել, «Ստիպված ես լինելու, կաթնակե՛ր, մեծ ղալմաղալի մեջ ընկնել»։
Բայց ջանասեր կադետը ճամպրուկից մի թերթ թուղթ, մատիտ ու քանոն հանեց, թուղթը տողեց, սյունակավորեց ըստ երթային վաշտերի և սկսեց սպաներից հարցնել նրանց վաշտերի թվական կազմը։ Սակայն հրամանատարներից ոչ մեկը դա ստույգ չգիտեր. նրանք կարող էին միայն մոտավորապես հայտնել պահանջվող թվական տվյալները, օգտվելով իրենց ծոցատետրերում արած ինչ-որ հանելուկային նշումներից։
Կապիտան Սագները սրտնեղությունից սկսեց կարդալ չարաբաստիկ «Հայրերի մեղքերը» գիրքը։ Երբ գնացքը կանգ առավ Ռաբ կայարանում, նա փակեց գիրքն ու ասաց.
— Այդ Լյուդվիգ Գանգհոֆերը լավ է գրում։
Պորուչիկ Լուկաշը առաջինը դուրս թռավ շտաբի վագոնից և քայլերն ուղղեց դեպի Շվեյկը։
Շվեյկն ու նրա ընկերները արդեն վաղուց խաղը վերջացրել էին, իսկ պորուչիկ Լուկաշի սպասյակ Բալոունը այնպիսի քաղց էր զգում, որ սկսել էր զինվորական գլխապետության դեմ ապստամբել և հայհոյախոսում էր, թե իրեն շատ լավ հայտնի է, թե պարոն սպաներն ինչպես են զխկռտվում։ Հիմա ավելի վատ է, ասում էր նա, քան ճորտատիրության ժամանակ։ Հնում զինվորական ծառայության մեջ այդպիսի բան չի եղել։ Դեռևս վաթսունվեց թվի պատերազմի ժամանակ, ինչպես նրան պատմել է իր զավակների խնամքի տակ ապրող պապը, սպաները զինվորների հետ կիսել են թե՛ հավը և թե՛ մի կտոր հացը։ Բալոունի ողբ ու կոծին վերջ չկար, և Շվեյկն անհրաժեշտ համարեց գովաբանել զինվորական կարգերն ու ներկայիս պատերազմը։
— Շատ ջահել է երևում պապդ,— բարեհոգաբար ժպտալով սկսեց նա, երբ հասան Ռաբ։— Պապդ միայն վաթսունվեց թվականի պատերազմն է հիշում, բայց ահա իմ ծանոթ Ռանովսկու պապը Իտալիայում ծառայել է դեռևս ճորտատիրության ժամանակ։ Ծառայել է տասներկու տարի և տուն վերադարձել կապրալի աստիճան ստացած։ Նրա համար աշխատանք չի գտնվել։ Եվ ահա այդ պապին վարձել է հենց իր հայրը։ Մի անգամ նրանք գնում են կոռի, կոճղեր արմատահան անելու։ Մի կոճղ, ինչպես մեզ պատմում էր իր հայրիկի մոտ աշխատող այդ պապը, այնքան զռփի է լինում, որ տեղից շարժել չեն կարողանում ։ Պապն ասում է. «Եկեք այս զիբիլը թողնենք այստեղ։ Ինչի՞ համար տանջվենք»։ Իսկ անտառապահն այդ լսելով՝ սկսում է գոռգոռալ, և ձեռնափայտր թափ տալ նրա վրա․ «Արմատահան անել կոճղը, և ուրիշ ոչինչ»։ Կապրալս միայն այս է ասում. «Դու կաթնակերի մեկն ես, իսկ ես՝ զորացրված հին զինվոր», իսկ մի շաբաթ հետո նորից ծանուցագիր է ստանում, և նորից պետք է գնար Իտալիայում զինվորական ծառայություն կատարելու։ Մնացել էր նա այնտեղ էլի տասը տարի, և նամակ էր գրել տուն, թե վերադառնալուն պես անտառապահի գլուխը կացինով ջարդելու է։ Բարեբախտաբար, մինչև նրա գալը անտառապահն իր բնական մահով մեռել էր։
Այդ պահին վագոնի դռան առաջ երևաց պորուչիկ Լուկաշը։
— Շվեյկ, հապա այստեղ եկեք,— ասաց նա։— Թողեք ձեր տխմար ճամարտակությունները, և ավելի լավ կլինի ինձ մի բան բացատրեք։
— Լսում եմ, պարոն օբեր-լեյտենանտ, գալի՛ս եմ։
Պորուչիկ Լուկաշը Շվեյկին տարավ իր հետ։ Այն հայացքը, որով պորուչիկը նայեց նրան, ոչ մի լավ բան չէր խոստանում։
Բանն այն էր, որ, կապիտան Սագների խայտառակ կերպով ձախողված դասախոսության ժամանակ համադրելով փաստերը, պորուչիկ Լուկաշը գտել էր հանելուկի միակ հնարավոր լուծումը։ Դրա համար, ճիշտ է, նա ստիպված չէր եղել դիմելու շատ բարդ մտահանգումների, քանի որ մեկնելուց մի օր առաջ Շվեյկը նրան զեկուցել էր․ «Պարոն օբեր-լեյտենանտ, գումարտակում ինչ-որ գրքույկներ կան պարոն սպաների համար։ Ես այդ գրքույկները բերել եմ գնդի գրասենյակից»։
Երբ Լուկաշն ու Շվեյկը անցան երկրորդ ուղեգիծը և կանգ առան մի հանգած շոգեկառքի մոտ, որ արդեն մի շաբաթ սպասում էր ռազմամթերքի գնացքին, Լուկաշն առանց այլևայլության հարցրեց.
— Շվեյկ, ի՞նչ եղան այն գրքույկները։