— Ուրեմն «հինգ-տասը» խաղա՞նք։ Լա՛վ, խաղանք։
Գնացքը կանգ առավ Մոշոն կայարանում։ Արդեն երեկո էր. վագոններից ոչ ոքի դուրս չէին թողնում։
Երբ գնացքը շարժվեց, վագոններից մեկում մի երգ հնչեց։ Երգիչն այնպես բարձր էր երգում, որ կարծես ուզում էր խլացնել անիվների թխթխկոցը։ Կաշպերյան լեռներից եկած մի զինվոր, կրոնական էքստազով համակված, վայրենի ոռնոցով գովերգում էր խաղաղ գիշերը, որ իջել էր հունգարական հովիտների վրա.
Gute Nacht! Gute Nacht!
Allen Müden sei’s gebracht.
Neigt der Tag stille zur Ende,
Ruhen alle fleiss’gen Hände
Bis der Morgen ist erwacht.
Gute Nacht! Gute Nacht![8]
— Halt Maul, du Elender![9]
,— ընդհատեց մեկը սենտիմենտալ երգչին, որն իսկույն լռեց։ Նրան լուսամուտի մոտից հետ քաշեցին։Բայց դադրած մարդիկ մինչև առավոտ չհանգստացան։ Ինչպես ամբողջ գնացքում մոմերի լույսի տակ, այնպես էլ այստեղ պատից կախված նավթի լույսով շարունակում էին «չապարի» խաղալ։ Ամեն անգամ, երբ որևէ մեկը կոզիրները դնելիս տարվում էր, Շվեյկը հայտարարում էր, թե դա ամենաարդար խաղն է, քանի որ մարդ կարող է ուզածին չափ թուղթ փոխել։
— Երբ ավելառուքով ես խաղում,— պնդում էր Շվեյկր,— կարող ես միայն տուզ կամ յոթնոց վերցնել, բայց հետո քեզ մնում է միայն փաս տալ։ Մնացած թղթերը չի կարելի վերցնել։ Իսկ եթե վերցնում ես՝ ռիսկի ես դիմում։
— Եկեք «զդարովիցե» խաղանք,— առաջարկեց Վանեկը ընդհանուրի հավանության աղմուկի ներքո։
— Փոսիկի յոթնոց,— ազդարարեց Շվեյկը թուղթը կտրելով։— Մարդս տասը հելլեր, տրվում է չորսական թուղթ։ Դե՛հ, դրեք, աշխատենք տանել։
Բոլոր ներկաների դեմքերն այնպիսի բավականություն էին արտահայտում, որ կարծես ոչ մի պատերազմ չկար, չկար և այդ գնացքը, որ զինվորներին տանում էր առաջավոր դիրքերը, դեպի արյունալի ճակատամարտեր ու կոտորածներ, այլ որ նստած են նրանք Պրագայի սրճարաններից մեկում, խաղասեղանների շուրջը։
— Երբ սկսեցի խաղալ ձեռքիս ոչինչ չունենալով, և փոխեցի բոլոր չորս թղթերը, չէի կարծում թե տուզ կգա,— ասաց Շվեյկը մի պարտիայից հետո։— Ո՞ւր եք խցկում ձեր թագավորը։ Տուզովս խփում եմ թագավորին։
Մինչդեռ այստեղ թագավորին խփում էին տուզով, հեռու ռազմաճակատում թագավորներն իրար խփում ու ջարդում էին իրենց հպատակներով։
* * *
Շտաբի վագոնում, որտեղ տեղավորված էին երթային գումարտակի սպաները, ուղևորության հենց սկզբից տարօրինակ լռություն էր տիրում։ Սպաները մեծ մասը ուշադիր կարդում էր մի լաթակազմ գրքույկ, որի վերնադիրն էր. «Die Sünden der Väter». Novelle von Ludwig Ganghofer[10]
։ Բոլորը կենտրոնացած ուսումնասիրում էին 161-րդ էջը։ Գումարտակի հրամանատար կապիտան Սագները կանգնած էր լուսամուտի մոտ, ձեռքին նույն այդ զրքույկը, նույն 161-րդ էջը բացած։ Նա դիտում էր իր առջև փռված դաշտանկարը և մտածում, թե ինչպես սպաներին հասկանալի կերպով բացատրի, թե այդ գրքույկն ինչ պետք է անել։ Գործը խիստ գաղտնի բնույթ ուներ։Այդ միջոցին սպաներն հանգել էին այն եզրակացության, թե գնդապետ Շրեդերը բոլորովին ցնդել է։ Նա արդեն վաղուց փոքր-ինչ խախտված էր, բայց այնուամենայնիվ, դժվար էր սպասել, թե այդպես միանգամից կարող էր խելքը թռցնել։ Գնացքը մեկնելուց առաջ նա բոլոր սպաներին հրամայել էր հավաքվել վերջին խորհրդակցության, ուր հայտնել էր, թե նրանցից յուրաքանչյուրը ստանալու է Լյուդվիգ Գանգհոֆերի «Die Sünden der Väter» գրքից մեկ օրինակ։ Նա հրամայել էր այդ գրքերը բերել գումարտակի գրասենյակ։
— Պարոնա՛յք։— ասել էր նա չափազանց խորհրդավոր կերպով,— երբեք չմոռանաք 161-րդ էջը։
Ուշադիր կարդալով այդ էջը, սպաները ոչինչ չէին կարողանում հասկանալ։ 161-րդ էջում ինչ-որ Մարթա մոտենում էր գրասեղանին, արկղից հանում ինչ-որ դերի տեքստ և բարձր ձայնով այն միտքն արտահայտում, թե հասարակությունը պետք է կարեկցանքով վերաբերվի պիեսի հերոսի տառապանքներին։ Այնուհետև նույն այդ էջում հանդես էր գալիս ոմն Ալբերտ, որն անդադրում սրախոսում էր։ Բայց քանի որ սրախոսությունները վերաբերվում էին նախընթաց դեպքերին, ապա այնքան անհեթեթ էին թվում, որ պորուչիկ Լուկաշը կատաղությունից կրծոտում էր իր մուշտուկը։
— Ծերուկը բոլորովին գժվել է,— եզրակացրին բոլորը։— Վերջացա՜վ։ Հիմա նրան կփոխադրեն զինվորական մինիստրություն։
Ամեն ինչ ըստ ամենայնի խորհելուց հետո կապիտան Սագները լուսամատից հեռացավ։ Նա մեծ տաղանդ չուներ, ուստի և շատ ժամանակ կորցրեց, մինչև որ կարողացավ մտքում կազմել 161-րդ էջի նշանակությանը նվիրված իր դասախոսության լրիվ ծրագիրը։
Նախքան իր ճառն սկսելը, նա սպաներին դիմեց «Meine Herren!»[11]
բառերով, ինչպես անում էր ծերուկ գնդապետը, թեև գնացքը մեկնելուց առաջ նրանք բոլորը նրա համար «Kamaraden»[12] էին։— Also, meine Herren![13]
,― Սագները սկսեց իր դասախոսությունը, թե ինքը երեկ երեկո գնդապետից մի հրահանգ է ստացել Լյուդվիգ Գանգհոֆերի «Հայրերի մեղքերը» գրքի 161-րդ էջի մասին։— Also, meine Herren!— շարունակեց նա հանդիսավորապես։— Մեր առջև է մի բոլորովին գաղտնի ինֆորմացիա, որ վերաբերում է դաշտային զեկուցագրերի ծածկագրման նոր սիստեմին։
Կադետ Բիգլերը հանեց ծոցատետրն ու մատիտը և այնպիսի մի ձայնով, որ չտեսնված ջանասիրություն ու հետաքրքրություն էր արտահայտում, ասաց. «Ես պատրաստ եմ, պարոն կապիտան»։
Բոլորը նայեցին այդ տխմարին, որի ջանասիրությունը հոժարականների դպրոցում իդեոտիզմի էր հասնում։ Նա իր հոժար կամքով գնացել էր պատերազմ և առաջին իսկ հարմար առիթին, երբ հոժարականների դպրոցի պետը ծանոթանալիս էր եղել իր աշակերտների ընտանեկան վիճակին, հայտարարել էր, թե իր նախնիները անցյալում ստորագրում էին «Բյուգլեր Ֆոն Լեյտհոլդ» և թե նրանց գերբի վրա նկարված է եղել արագիլի թև ու ձկան պոչ։