— Երբ մարդ ռազմաճակատ է գնում,— համոզված ասաց Շվեյկը,— երբեք գնացքից չի ուշանա, որովհետև ռազմաճակատ մեկնող ամեն մի գնացք շատ լավ գիտե, որ եթե շտապի՝ էշելոնի միայն կեսը կհասցնի վերջին կայարանը։ Բայց ես քո փորացավը գիտեմ, Բալոուն։ Դու գրպանիդ համար ես դողում։
Սակայն նրանք չկարողացան ոչ մի տեղ գնալ, քանի որ հնչեց «մտնել վագոնները» հրամանը։ Վաշտերի զինվորները ձեռնունայն վերադառնում էին իրենց վագոնները։ Հարյուրհիսունական գրամ շվեցարական պանրի փոխարեն, որ պետք է տային այստեղ, նրրանք ստացել էին մեկական տուփ լուցկի և մեկական բացիկ, որ, հրատարակել էր Ավստրիայի Զինվորական գերեզմանների պահպանության կոմիտեն (Վիեննա, XIX/4, փող. Կանիզիուս)։ Հարյուրհիսուն գրամ շվեցարական պանրի փոխարեն նրանց տվել էին Արևմտյան Գալիցիայի Սեդլիցյան զինվորական գերեզմանատունը և դժբախտ աշխարհազորայինների հուշարձանը։ Այդ մոնումենտը ստեղծել էր ռազմաճակատից ճողոպրած քանդակագործ, հոժարական ավագ գրագիր Շոլցը։
Շտաբի վագոնի մոտ արտակարգ աշխուժություն էր։ Երթային գումարտակի սպաները խռնվել էին կապիտան Սագների շուրջը, որը հուզված ինչ-որ բան էր պատմում։ Նա հենց նոր էր վերադարձել կայարանի պարետանոցից և ձեռքին բռնած ուներ բրիգադի շտաբից ստացված մի խիստ գաղտնի և շատ երկար հեռագիր, որը հրահանգներ ու ցուցմունքներ էր տալիս, թե ինչպես պետք էր վարվել այն նոր իրաադրութ յան մեջ, որ Ավստրիայի համար ստեղծվել էր 1915 թվի մայիսի 23-ին։
Շտաբը հեռագրել էր, թե Իտալիան Ավստրո֊Հունգարիային պատերազմ է հայտարարել։
Դեռևս Լեյտի Բրուկում սպայական ժողովարանի ճոխ ճաշերի ու ընթրիքների ժամանակ մարդիկ, բերանները լի, խոսում էին Իտալիայի տարօրինակ դիրքի մասին, սակայն ոչ ոք չէր սպասում, թե կիրականանա այն մարգարեական խոսքը, որ մի անգամ ընթրիքի ժամանակ ասաց ապուշ Բիգլերը, մակարոնի ափսեն մի կողմ հրելով. «Ես մակարոն կուշտ կուտեմ,— ասել էր նա,– Վերոնայի դարպասների մոտ»։
Ուսումնասիրելով բրիգադից ստացված հրահանգը, կապիտան Սագները հրամայեց տագնապի ազդանշան հնչեցնել։
Երբ երթային գումարտակի բոլոր զինվորները հավաքվեցին, նրանց կանգնեցրին քառանկյունաձև, և կապիտան Սագներն արտակարգ հանդիսավորությամբ զինվորներին կարդաց իրեն հեռագրված հրամանը.
«Իտալիայի թագավորը, ագահությունից մղված, կատարեց չլսված դավաճանական ակտ, մոռանալով իր եղբայրական պարտականությունները, որոնցով նա կապված էր որպես մեր պետության դաշնակից։ Պատերազմի հենց սկզբից, որում նա, որպես մեր պետության դաշնակից, պետք է կանգներ մեր քաջարի զորքերի հետ կողքեկողքի, Իտալիայի ուխտադրուժ թագավորը կատարում էր դիմակավորված դավաճանի դեր, զբաղվելով երկերեսանիությամբ, գաղտնի բանակցություններ վարելով մեր թշնամիների հետ։ Այդ դավաճանությունը բոլորվեց մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը մեր միապետությանը պատերազմ հայտարարելու ակտով։ Մեր գերագույն գլխավոր հրամանատարը համոզված է, որ մեր քաջարի ու փառապանծ բանակը նենգամիտ թշնամու խայտառակ դավաճանությանը կպատասխանի այնպիսի հարվածով, որ դավաճանը հասկանա, որ խայտառակ կերպով ու նենգաբար պատերազմ սկսելով՝ նա կործանել է ինքն իրեն։ Մենք հաստատ հավատում ենք, որ աստծո օգնությամբ շուտով կգա այն օրը, երբ Իտալիայի տափարակները նորից կտեսնեն Սանտա֊Լուչիայի, Վիչենցայի, Նովարայի, Կուստոցայի հաղթանակչին։ Մենք ուզում ենք, մենք պարտավոր ենք հաղթել, և անկասկած կհաղթենք»։
Դրան հետևեց սովորական «dreimal hoch»[55]
-ը և վհատված զորքը գնացք նստեց։ Հարյուրհիսուն գրամ շվեցարական պանրի փոխարեն զինվորներին բաժին ընկավ պատերազմն Իտալիայի հետ։Այն վագոնում, որտեղ նստած էին Շվեյկը, ավագ գրագիր Վանեկը, հեռախոսավար Խոդունսկին, Բալոունը և խսհարար Յուրայդան, հետաքրքիր զրույց Բացվեց Իտալիայի պատերազմի մեջ մտնելու մասին։
— Ճիշտ այդպիսի մի դեպք պատահեց Պրագայի Թաբորսկա փողոցում,— սկսեց Շվեյկը,— որտեղ ապրում էր վաճառական Գորժեյշին։ Նրանից քիչ հեռու, փողոցի հակառակ կողմում, վաճառական Պոշմոուրնու խանութն էր։ Նրանց երկուսի արանքում մանրավաճառի խանութ ուներ Գավլասան։ Եվ ահա մի անգամ վաճառական Գորժեյշիի խելքին փչում է խանաթպան Գավլասայի հետ միանալ ընդդեմ վաճառական Պոշմոուրնու և սկսում է Գավլասայի հետ բանակցություններ վարել, թե ինչպես իրենց խանութները միացնեն «Գորժեյշի և Գավլասա» ընդհանուր ցուցանակի ներքո։ Սակայն խանութպան Գավլասան գնում է վաճառական Պոշմոուրնու մոտ ու պատմում, թե Գորժեյշին իր խանութի համար իրեն հազար երկու հարյուր կրոն է տալիս և առաջարկում իր հետ ընկերանալ, բայց եթե Պոշմոուրնին իրեն հազար ութհարյուր կրոն տա, ապա ինքը կգերադասի նրա հետ դաշն կնքել ընդդեմ Գորժեյշիի։ Համաձայնության են գալիս։ Սակայն Գավլասան, Գորժեյշիին դավաճանելով, շարունակ մլուլ էր տալիս նրա շուրջը և ձևացնում, թե նրա ամենամոտիկ բարեկամն է, իսկ երբ խոսք էր բացվում գործերը միասին վարելու մասին՝ պատասխանում էր. «Հա՛, հա՛, շուտով, շուտով։ Միայն թե սպասում եմ, որ կենվորները ամառանոցից վերադառնան։»։ Իսկ երբ կենվորները վերադարձան, իսկապես արդեն ամեն ինչ պատրաստ էր համատեղ գործելու համար, ինչպես նա խոստացել էր Գորժեյշիին։ Եվ ահա մի առավոտ Գորժեյշին գնամ է իր խանութը բացելու և իր մրցակցի խանութի ճակատին տեսնամ է մի մեծ ցուցանակ, որի վրա ահագին տառերով գրված էր ֆիրմայի անունը՝ «Պոշմոուրնի և Գավլասա»։
— Մեզ մոտ էլ մի այդպիսի բան պատահեց,— մեջ ընկավ տխմարամիտ Բալոունը։— Ես ուզում էի հարևան գյուղում մի հորթ առնել, արդեն գինը բարիշել էի, բայց Վոտիցկի մսագործը ուղղակի քթիս տակից հորթը ձեռիցս խլեց։