— Քանի որ դարձյալ նոր պատերազմ է,— շարունակեց Շվեյկը,— քանի որ հիմա մենք մի թշնամի ավելի ունենք, քանի որ նոր ճակատ է բացվել, ստիպված կլինենք ռազմամթերքը խնայողաբար բանեցնել։ Ինչքան ընտանիքում երեխաները շատ են, այնքան շատ ճիպոտ է հարկավոր,— ասում էր Մոտոլում ապրող Խովանեց պապը, որը փոքր վարձով քոթակում էր հարևանների երեխաներին։
— Միայն թե վախենում եմ,— ամբողջ մարմնով դողալով իր մտահոգությունն արտահայտեց Բալոունը,— որ այդ Իտալիա ասածի պատճառով մեր մթերաբաժինը կրճատեն։
Ավագ գրագիր Վանեկը փոքր֊ինչ մտածեց և լրջորեն պատասխանեց․
― Ամեն ինչ կարող է պատահել, քանի որ հիմա մեր հաղթանակն, անկասկած, մի քիչ կուշանա։
— Մեզ մի նոր Ռադեցկի էր պետք,— ասաց Շվեյկը։— Ա՜յ թե ով էր ծանոթ այդ տեղերին։ Նա լավ գիտեր, թե որն է իտալացիների թույլ տեղը, թե ինչի վրա և որ կողմից պետք է գրոհել։ Չէ՞ որ մի տեղ մտնելը հեշտ գործ չէ։ Մտնել ամեն մարդ կարող է, բայց արի ու դուրս եկ,— իսկական ռազմական արվեստը հենց դրա մեջ է։ Երբ մարդ որևէ տեղ է մտնում, պետք է իմանա, թե շուրջն ինչ է կատարվում, որպեսզի չընկնի այն անհարմար դրության մեջ, որ կոչվում է կատաստրոֆա։ Մի անգամ մեր տանը, դեռևս իմ հին բնակարանում, տանիքի տակ մի գող բռնեցին։ Բայց այդ սրիկան այնտեղ մտնելիս նկատել էր, որ սանդղավանդակի վերևում մի մեծ լապտեր են նորոգում։ Եվ ահա դուրս պրծավ բռնողների ձեռքից, սպանեց դռնապանի կնոջը և տախտակամածի վրայով մտավ այդ լապտերի մեջ, իսկ այնտեղից այլևս դուրս չեկավ։ Մեր հայր Ռադեցկին էլ Իտալիայի ամեն մի ծակուծուկը գիտեր, նրան ոչ ոք չէր կարող բռնել։ Մի գրքի մեջ նկարագրված է, թե նա ինչպես է ճղել Սանտա-Լուչիայից, թե ինչպես են ճղել նաև իտալացիները։ Ռադեցկին միայն մյուս օրն է իմացել, որ փաստորեն ինքն է հաղթել, քանի որ նույնիսկ դաշտային հեռադիտակով իտալացիները չէին երևում։ Այն ժամանակ նա հետ է դարձել և իր թողած Սանտա֊Լուչիան գրավել։ Դրանից հետո նրան ֆելդմարշալի կոչում են շնորհել։
— Խո՛սք չունեմ, հիանալի երկիր է,— մեջ մտավ խոհարար Յուրայդան։— Ես մի անգամ եղել եմ Վենետիկում և գիտեմ, որ իտալացին ամեն պատահած մարդու խոզ է անվանում։ Երբ նա բարկանում է, բոլորը նրա համար «porco maladetto»[56]
են։ Նրա համար հռոմի պապն էլ, մադոննան էլ խոզ են։Ավագ գրագիր Վանեկն, ընդհակառակը, մեծ համակրանքով արտահայտվեց Իտալիայի մսաին։ Նա պատերազմից առաջ Կրալուպիի իր դեղագործական խանութում փտած լիմոնից սիրոպ էր պատրաստում, իսկ ամենաէժան և ամենափտած լիմոնը միշտ գնում էր Իտալիայում։ Հիմա պրծավ, այլևս հնարավոր չէ Իտալիայից լիմոն բերել Կրալուպի։ Իտալիայի հետ կռվելն, անկասկած, շատ անակնկալներ կստեղծի, քանի որ Ավստրիան կջանա Իտալիայից վրեժ լուծել։