— Հեշտ է ասել՝ վրեժ լուծել,— ժպտալով առարկեց Շվեյկը։― Երբեմն մարդ կարծում է, թե վրեժ է լուծում, բայց վերջիվերջո տուժում է այն մարդը, որին նա իր վրեժը լուծելու գործիք է դարձնում։ Երբ մի քանի տարի առաջ ես ապրում էի Վինոգրադիում, մեր տան առաջին հարկում մի բարապան էր կենում, իսկ նրա բնակարանում սենյակ էր վարձել ինչ֊որ բանկի մի մանր աստիճանավոր։ Այդ աստիճանավորը միշտ հաճախում էր Կրամերիևա փողոցի գարեջրատունը, որտեղ մի անգամ ընդհարվեց մի պարոնի հետ։ Պարոնը Վինոգրադիում մեզի անալիզի լաբորատորիա ուներ և միայն մեզի մասին էր խոսում ու մտածում, հետը շարունակ մեզի շշիկներ էր ման ածում և ամեն մեկի ձեռքը խոթում, որ միզեր և մեզն անալիզի տար։ Իբր այդ անալիզից էր կախված մարդու և նրա ընտանիքի բախտը։ Հետո դա էժան է, ընդամենը վեց կրոն, ասում էր նա։ Գարեջրատան բոլոր հաճախորդները, ինչպես և գարեջրատան տերն ու նրա կինը, իրենց մեզն անալիզի տվին։ Միայն ասածս աստիճանավորն էր համառում, չնայած որ ամեն անգամ միզարան գնալիս այն պարոնը նրա հետևից ներս էր մտնում և շատ մտահոգված ասում. «Չգիտեմ ինչ ասեմ, պան Սկորկովսկի, միայն թե ձեր մեզը ինձ դուր չի դալիս։ Քանի դեռ ուշ չէ, միզեցեք շշիկի մեջ»։ Վերջիվերջո համոզեց։ Դա աստիճանավորի վրա վեց կրոն նստեց։ Եվ պարոնն իր անալիզով նրան, ինչպես և մյուսներին, հոգեհան արեց։ Բացառություն չկազմեց և գարեջրատան տերը, որի առևտրին շատ վնասեց, քանի որ յուրաքանչյուր անալիզի կցում էր այն եզրակացությունը, թե դա իր պրակտիկայում հանդիպող շատ լուրջ դեպք է, թե ջրից բացի ոչինչ չի կարելի խմել, չի կարելի ծխել, չի կարելի ամուսնանալ և պետք է միայն բանջարեղեն ուտել։ Եվ ահա աստիճանավորը, ինչպես և մյուսները, սաստիկ զայրացավ նրա վրա և իր վրեժը լուծելու գործիք դարձրեց բարապանին, գիտենալով, որ նա դաժան մարդ է։ Եվ ահա մի անգամ նա մեզի անալիզ կատարող պարոնին ասաց, թե վերջերս բարապանը իրեն վատառողջ է զգում և խնդրում է, որ պարոնը առավոտվա ժամը ութին գա իր մոտ՝ մեզը քննության տանելու։ Պարոնը գնաց։ Բարապանը դեռ քնած էր։ Պարոնն արթնացրեց նրան և սիրալիր ասաց․ «Հարգանքներիս հավաստիքը, պան Մալեկ, բարի լուր։ Ահա ձեզ շշիկ, բարեհաճեցեք միզել։ Ես ձեզնից պետք է վեց կրոն ստանամ»։ Այդ ժամանակ տեղի ունեցավ մի չտեսնված խայտառակություն։ Բարապանը մետակ վարտիքով տեղաշորից դուրս թռավ և, առ հա՛, բռնեց այդ պարոնի կոկորդից, բարձրացրեց ու շպրտեց դեպի պահարանը։ Պարոնս լռվեց֊մնաց պահարանի մեջ։ Բարապանը նրան դուրս քաշեց այնտեղից, վերցրեց մտրակը և մետակ վարտիքով ընկավ հետևից ու քշեց Չելեկովսկա վողոցն ի վար, իսկ պարոնս կաղկանձում էր պոչը տրորած շան պես։ Հավլիչկով փողոցում պան Մալեկը թռավ֊մտավ տրամվայ։ Ոստիկանը բարապանին բռնեց, բայց նա ոստիկանի հետ էլ կռիվ սարքեց։ Իսկ քանի որ բարապանը մետակ վարտիքով էր և ունեցած֊չունեցածը դուրս էր պրծել, ապա, հասարակական բարոյականությունը վիրավորած լինելու համար, նրան գցեցին ձեռնասայլակի մեջ և տարան ոստիկանատուն, իսկ նա սայլակի միջից ցուլի պես մռնչում էր․ «Սրիկանե՛ր, ես ձեզ մեզս հետազոտել ցույց կտամ»։ Հասարակական վայրում բռնություն գործադրելու և ոստիկանությանը վիրավորելու համար նա վեց ամիս նստեց, իսկ դատավճռի հրապարակումից հետո իրեն թույլ տվեց թագավորող տան հասցեին վիրավորական խոսք ասել։ Միգուցե խեղճը մինչև հիմա էլ նստած է։ Դրա համար էլ ասում եմ. «Երբ որևէ մեկից վրեժ ես լուծում, ապա տուժողը անմեղ մեկն է լինում»։
Այդ միջոցին Բալոունը լարված և երկար ժամանակ ինչ֊որ բան էր խորհում և, ի վերջո, սրտի դողով Վանեկին հարցրեց.
— Կներեք, պարոն ավագ֊գրագիր, ձեր կարծիքով Իտալիայի հետ պատերազմելու պատճառով մեր մթերաբաժինը կկրճատե՞ն։
— Դա աստծո լույսի պես պարզ է,— պատասխանեց Վանեկը։
— Հիսո՜ւս Քրիստոս,— բացականչեց Բալոունը, գլուխը հենեց ձեռքերին ու սսկվեց֊մնաց իր անկյունում։
Այդպես վերջացան Իտալիային վերաբերող վիճաբանություններն այդ վագոնում։
* * *
Շտաբի վագոնում այն նոր իրադրությանը վերաբերող խոսակցաթյունը, որ ստեղծվել էր Իտալիայի պատերազմի մեջ մտնելու հետևանքով, սպառնում էր լինել հույժ ձանձրալի, քանի որ բացակայում էր անվանի ռազմական տեսաբան կադետ Բիգլերը, սակայն նրան մասամբ փոխարինում էր երրորդ վաշտի պոդպորուչիկ Դուբը։
Պոդպորուչիկ Դուբը պատերազմից առաջ չեխերենի դասատու էր և դեռ այն ժամանակ ամեն տեղ, ուր առիթ էր ներկայանում, ջանում էր ի հայտ բերել իր լոյալությունը։ Նա իր աշակերտներին գրավոր աշխատանքներ էր տալիս Հաբսբուրգյան դինաստիայի պատմության թեմաներով։ Ցածր դասարաններում աշակերտներին սարսափ էին պատճառում Մաքսիմիլիան կայսրը, որ բարձրացել էր ժայռի կատարը և չէր կարողանում ցած իջնել, Իոսիֆ II-ը, որ հողագործ էր, և Ֆերդինանդ Բարին։ Բարձր դասարաններում թեմաներն ավելի բարդ էին։ Օրինակ, յոթերորդ դասարանին առաջարկվում էր շարադրություն գրել հետևյալ թեմայով. «Կայսր Ֆրանց Իոսիֆը որպես գիտությունների և արվեստների հովանավոր»։ Այդ շարադրության պատճառով մի յոթերորդդասարանցի դպրոցից հեռացվել էր, զրկվելով Ավստրո֊Հունգարական միապետության միջնակարգ ուսումնական հաստատությունները մտնելու իրավունքից, քանի որ գրել էր, թե այդ միապետի ամենանշանավոր գործը Պրագայի Ֆրանց Իոսիֆի կամարջի կառուցումն է։