Մնացած վագոններում միաբերան պնդում էին, թե գնացքը ետ կդարձնեն և կուղարկեն Իտալիա, քանի որ արդեն երկու ժամից ավելի կանգնած է կայարանում։ Դա որոշ չափով հաստատվում էր և այն տարօրինակ բաներով, որ կատարվում էին էշելոնի նկատմամբ։ Նորից զինվորներին վագոններից դուրս արին, եկավ սանիտարական տեսչությունն իր ախտահանիչ ջոկատով և ամեն ինչի վրա լիզոլին սրսկեց, մի բան, որ ընդունվեց մեծ տհաճությամբ, մանավանդ այն վագոններում, որտեղ գտնվում էին մթերաբաժնային հացի պաշարները։
Բայց հրամանը հրաման է. սանիտարական հանձնաժողովը հրաման էր տվել ախտահանում կատարել № 728 էշելոնի բոլոր վագոններում, ուստի շատ հանգիստ կերպով լիզոլին ցանեցին և՛ հացի կույտերի, և՛ բրնձի պարկերի վրա։ Հենց միայն դրանից երևում էր, որ ինչ֊որ արտասովոր բան է կատարվում։
Այնուհետև նորից բոլորին քշեցին վագոնները, իսկ կես ժամ անց նորից դուրս արին, որովհետև մի զառամյալ գեներալ էր եկել էշելոնը տեսչական ստուգման ենթարկելու։ Շվեյկը իսկույնևեթ ծերուկին սազական անուն կպցրեց։ Տողանի հետևում կան գնած, նա ավագ գրագրին շշնջալով ասաց.
― Համա՜ թե լեշ է։
Ծերունի գեներալը կապիտան Սագների ուղեկցությամբ անցավ շարասյան երկայնքով և, ցանկանալով զորամասին ոգեշնչել, կանգ առավ մի ջահել զինվորի առաջ և նրան հարցրեց, թե որտեղացի է, քանի տարեկան է և արդյոք ժամացույց ունի՞։ Թեև զինվորը ժամացույց ուներ, այնուամենայնիվ, հուսալով ծերուկից մի հատ էլ ստանալ, պատասխանեց, թե չունի։ Նրա պատասխանի վրա զառամյալ գեներալ-լեշը հիմարավարի ժպտաց, ինչպես մի ժամանակ քաղաքագլխին դիմելիս ժպտում էր Ֆրանց Իոսիֆ կայսրը, և ասաց, «Դա լավ է, լավ է», որից հետո պատիվ արեց այդ զինվորի կողքին կանգնած կապրալին, հարցնելով, թե արդյոք նրա կինն առո՞ղջ է։
— Համարձակվում եմ զեկուցել,— բղավեց կապրալը,— ես ազապ եմ։
Այդ խոսքի վրա էլ բարեհաճորեն ժպտալով, գեներալը փնթփնթաց.
— Դա լա՛վ է, լա՛վ է։
Այնուհետև, վերստին մանկացած գեներալը կապիտան Սագներից պահանջեց ցույց տալ, թե զինվորներն ինչպես են կատարում «թվել առաջին֊երկրորդ» հրամանարկը։ Եվ մի րոպե հետո հնչեց. «Առաջին–երկրորդ, առաջին–երկրորդ, առաջին-երկրորդ»։
Գեներալ֊լեշը դա շատ էր սիրում։ Նա տանը երկու սպասյակ ուներ, որոնց իր առաջ շարք էր կանգնեցնում, և նրանք բղավում էին.
— Առաջին-երկրորդ, առաջին-երկրորդ։
Ավստրիան այդպիսի գեներալներ շատ ուներ։
Երբ ստուգատեսը բարեհաջող ավարտվեց, գեներալը չզլացավ գովել կապիտան Սագներին, իսկ զինվորներին թույլ տվեց կայարանի տերիտորիայում զբոսնել, քանի որ հաղորդում էր եկել, թե էշելոնը շարժվելու է միայն երեք ժամից։ Զինվորները ման էին գալիս կառամատույցում և հոտվտում, թե արդյոք հնարավոր չէ՞ մի բան ճարել։ Կայարանում միշտ էլ շատ մարդ է լինում, և զինվորներից մերթ մեկին, մերթ մյուսին հաջողվում էր մի սիգարետ մուրալ։
Դա պերճախոս կերպով ցույց էր տալիս, թե որքան նվազել էր այն առաջին խանդավառությունը, որ կայարաններում արտահայտվում էր էշելոններին հանդիսավորապես դիմավորելիս։ Հիմա զինվորները ստիպված էին մուրալ։
Կապիտան Սագների մոտ եկավ հերոսներին ողջունելու միության պատգամավորությունը, որ կազմված էր անհավատալիորեն հալից ընկած երկու տիկիններից, որոնք հանձնեցին էշելոնի համար նախատեսված նվերը, այն է՝ քսան տուփ բերան զովացնելու անուշահոտ հաբեր, Բուդապեշտի կոնֆետի ֆաբրիկաներից մեկի ռեկլամը։ Այդ հաբերը դարսված էին թիթեղյա շատ գեղեցիկ տուփիկների մեջ։ Յուրաքանչյուր տուփիկի կափարիչի վրա նկարված էր մի հունգարացի հոնվեդ, որը սեղմում էր ավստրիացի աշխարհազորայինի ձեռքը, իսկ դրա վերևում երևում էր սուրբ Ստեֆանի շողացող թագը։ Տուփիկի եզրակի վրա շատ խնամքով հունգարերեն և գերմաներեն գրված էր. «Für Kaiser, Gott und Vaterland»[59]
։Կոնֆետի ֆաբրիկան այնքան լոյալ էր եղել, որ նախապատվությունը տվել էր կայսրին, նրան դնելով աստծուց առաջ։
Յուրաքանչյուր տուփիկի մեջ կար ութսուն հաբ, այնպես որ յուրաքանչյուր երեք մարդու հասնում էր մոտավորապես հինգ հաբ։ Բացի դրանից, այդ հալից ընկած տարեց տիկինները բերել էին մի հակ թռուցիկներ, որոնց վրա տպագրված էր երկու աղոթք, որ հորինել էր Բուդապեշտի արքեպիսկոպոս Գեզա Սատմար-Բուդաֆալցին։ Աղոթքները գրված էին գերմաներեն ու հունգարերեն և պարունակում էին բոլոր թշնամիների հասցեին ուղղված սոսկալիագույն նզովքներ։ Աղոթքներն համակված էին այնպիսի կրքով, որ նրանց պակասում էր միայն հունգարական «Baszom a Kristusmarjat!» թունդ հայհոյանքը։
Հունգարական արքեպիսկոպոսի կարծիքով սիրառատն աստված պետք է կտոր֊կտոր անի ռուսներին, անգլիացիներին, սերբերին, ֆրանսիացիներին ու ճապոնացիներին, նրանցից կարմիր բիբարով համեմած լապշա և գուլյաշ պատրաստի։ Սիրառատն աստված պետք է լողա հակառակորդի արյան մեջ և կոտորի բոլոր թշնամիներին, ինչպես դաժան Հերովդեսը կոտորեց մանուկներին։
Բուդապեշտի սրբազան արքեպիսկոպոսն իր աղոթքների մեջ գործ էր ածել այնպիսի անուշիկ արտահայտություններ, ինչպես, օրինակ. «Թող աստված օրհնի ձեր սվինները, որպեսզի խորը մխրճվեն թշնամյաց փորերը։ Թող ամենաարդարն աստված հրետանային կրակն ուղղի թշնամյաց շտաբների գլխին։ Ողորմա՛ծ աստված, այնպես արա, որ բոլոր թշնամիները խեղդվեն իրենց վերքերի արյան մեջ, այն վերքերի, որ նրանց կպատճառեն մեր զինվորները»։ Հարկ է մի անգամ էլ նշել, որ այդ աղոթքներին պակասում էր միայն «Baszom a Kristusmarjat!»-ը։