Читаем Քաջարի զինվոր Շվեյկի արկածները полностью

— Գիմնազիայի դասատու էր, պարոն լեյտենանտ։ Զինվորական ծառայությունն ավարտեց և սպայության քննություն հանձնեց։

Պոդպորուչիկ Դուբը այնպես նայեց Շվեյկին, որ կարծես ուզում էր նրան հայացքով շամփրել։ Շվեյկն արժանապատվորեն դիմացավ տխմար պոդպորուչիկի կատաղի հայացքին, և շուտով խոսակցությունն ավարտվեց «Abtreten» բառով։

Նրանցից ամեն մեկը գնաց իր ճանապարհով և ամեն մեկն իրենն էր մտածում։ Պոդպորուչիկը մտածում էր, թե ինչպես ամեն ինչ կպատմի կապիտանին և նա կհրամայի Շվեյկին ձերբակալել, իսկ Շվեյկը մտածում էր, թե իր կյանքում հիմար սպաներ շատ է տեսել, բայց Դուբի նման հիմար սպա ամբողջ գնդում չի գտնվի։

Պոդպորուչիկ Դուբը, որ հենց այդ օրը հաստատ որոշել էր զինվորների դաստիարակությամբ զբաղվել, կայարանի շենքի ետևում նոր զոհեր գտավ։ Դրանք նույն Իննսունմեկերորդ գնդի, բայց ուրիշ վաշտի երկու զինվորներ էին, որոնք խավարի մեջ կոտրատված գերմաներենով բանակցում էին երկու պոռնիկների հետ։ Կայարանում և նրա մոտ թափառող այդ պոռնիկներին թիվ ու համար չկար։

Շվեյկը նույնիսկ հեռվից շատ պարզ լսում էր պոդպորուչիկ Դուբի ականջ ծակող ձայնը.

— Դուք ինձ ճանաչո՞ւմ եք։

— Իսկ ես ձեզ ասում եմ, որ դուք ինձ դեռ չեք ճանաչում։

— Բայց դուք ինձ դեռ կճանաչեք։

— Գուցե դուք ինձ ճանաչում եք լավ կողմից…

— Բայց ես ասում եմ, որ կճանաչեք նաև վատ կողմից։

— Ես ձեզ կլացացնեմ, ավանակնե՛ր։ Եղբայրներ ունե՞ք։ Երևի նրանք էլ ձեզ նման անասուններ են։ Ինչացո՞ւ էին… Գումակո՞մ… Դե, լա՛վ… Մի՛ մոռանաք, որ զինվորներ եք… Դուք չե՞խ եք… Դուք գիտե՞ք, որ Պալացկին ասել է. «Եթե Ավստրիան չլիներ, մենք պարտավոր էինք այն ստեղծել…»։

Բայց պոդպորուչիկ Դուբի շրջագայությունն ընդհանրապես դրական արդյունքներ չտվեց։ Նա կանգնեցրեց զինվորների ևս երեք խմբեր, սակայն լացացնելու նրա մանկավարժական փորձերն անհաջողության էին մատնվում, քանի որ նա գործ ուներ ռազմաճակատ ուղարկվող նյութի հետ։ Զինվորների աչքերից պոդպորուչիկ Դուբը տեսնում էր, որ նրանք բոլորն իր մասին շատ աննպաստ կարծիք ունեն։ Նրա ինքնասիրությունը վիրավորված էր, և այդ էր պատճառը, որ գնացքը շարժվելուց առաջ նա կապիտան Սագներին խնդրեց Շվեյկին ձերբակալելու կարգադրություն անել։ Հիմնավորելով քաջարի զինվոր Շվեյկին մեկուսացնելու անհրաժեշտությունը, նա կապիտանի ուշադրությունը հրավիրեց նրա կասկածելի հանդգնության վրա և իր վերջին հարցին Շվեյկի տված պատասխանը որակեց որպես խայթող ակնարկ։ Եթե այդպես շարունակվի, սպայական կազմը կկորցնի ամեն հեղինակություն, և անշուշտ պարոն սպաներից ոչ մեկն այդ մասին չի տարակուսում։ Նա ինքը դեռևս պատերազմից առաջ նահանգական վարչության պետին ասում էր, թե պետը պետք է ջանա իր հեղինակությունը պահպանել։ Նահանգական վարչության պարոն պետը նույն կարծիքին էր։ Այդպես պետք է վարվել մանավանդ հիմա, պատերազմի ժամանակ։ Որքան մենք ավելի ենք մոտենում մեր թշնամուն, այնքան անհրաժեշտ է զինվորներին վախ ներշնչել։ Նկատի ունենալով այդ ամենը, նա խնդրում է Շվեյկին ենթարկել կարգապահական տույժի։

Կապիտան Սագները, ինչպես ամեն մի կադրային սպա, ատում էր ոչ զինվորական խաժամուժից դուրս եկած պահեստի սպաներին։ Նա պոդպորուչիկ Դուբի ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ նման դիմումներ կարող են արվել միայն զեկուցագրի ձևով, և ոչ թե շուկայավարի, ոչ թե այնպես, որ կարծես այստեղ կարտոֆիլի գին են սակարկում։ Ինչ վերաբերում է Շվեյկին, ապա առաջին ինստանցիան, որին նա ենթակա է, հանդիսանում է պարոն Լուկաշը։ Նման գործերը լուծվում են միայն ըստ ինստանցիայի․ վաշտից գործը, ինչպես երևի պոդպորուչիկին հայտնի է, ուղարկվում է գումարտակ։ Եթե Շվեյկն իսկապես զանցանք է գործել, ապա նա պետք է զեկուցագրով ուղարկվի վաշտի հրամանատարի մոտ, իսկ բողոքարկման գեպքում՝ գումարտակի հրամանատարի մոտ։ Սակայն եթե պարոն պորուչիկ Լուկաշը չի առարկում և համաձայն է զինվորին պատժելու համար պարոն պոդպորուչիկ Դուբի պատմածը պաշտոնական հայտարարություն համարել, ապա նա ինքը, գումարտակի հրամանատարը, բոլորովին դեմ չէ, որ Շվեյկը կանչվի և հարցաքննության ենթարկվի։

Պորուչիկ Լուկաշը չառարկեց, բայց ասաց, որ Շվեյկի հետ ունեցած խոսակցություններից իրեն ստույգ հայտնի է, որ Շվեյկի եղբայրն իրոք որ գիմնազիայի դասատու և պահեստի սպա է եղել։

Պոդպորուչիկ Դուբը կարկամեց և ասաց, թե ինքը նրան պատժելու վրա պնդում էր միմիայն բառիս լայն առումով, թե միգուցե հիշյալ Շվեյկը չի կարողանում մի միտքը կարգին արտահայտել, որի պատճառով էլ նրա պատասխանը հանդգնության, խայթելու և պետերին չհարգելու տպավորություն է թողնում։

— Ի դեպ, հիշյալ Շվեյկի արտաքինից կարելի է եզրակացնել, որ նա տկարամիտ է։

Այսպիսով, Շվեյկի գլխին պայթելիք ամպրոպն անցավ, և նա մնաց ողջ ու անվնաս։

Այն վագոնում, որտեղ գտնվում էին գումարտակի գրասենյակն ու պահեստը, երթային գումարտակի ավագ գրագիր Բաուտանցելը գումարտակի երկու գրագիրներին ողորմածաբար մի֊մի բուռ անուշաբույր հաբեր տվեց այն տուփիկների միջից, որ պետք է բաժանեին գումարտակի զինվորներին։ Դա ընդունված բան էր. զինվորների համար տրված ամեն ինչի գլխին գումարտակի գրասենյակում կատարվում էին նույն ձեռնածությունները, ինչ այդ թշվառ հաբերի գլխին։

Պատերազմի ժամանակ դա սովորական երևույթ էր դարձել և եթե նույնիսկ ռևիզիաները գողությունները չէին հաստատում, ապա, այնուամենայնիվ, ամեն տեսակ գրասենյակների ավագ գրագիրներից յուրաքանչյուրի վրա կասկած կար, թե նախահաշիվն ուռցնում է և ծայրը ծայրին հասցնելու համար մեքենայություններ անում։

Перейти на страницу:

Похожие книги

Вор
Вор

Леонид Леонов — один из выдающихся русских писателей, действительный член Академии паук СССР, Герой Социалистического Труда, лауреат Ленинской премии. Романы «Соть», «Скутаревский», «Русский лес», «Дорога на океан» вошли в золотой фонд русской литературы. Роман «Вор» написан в 1927 году, в новой редакции Л. Леонона роман появился в 1959 году. В психологическом романе «Вор», воссоздана атмосфера нэпа, облик московской окраины 20-х годов, показан быт мещанства, уголовников, циркачей. Повествуя о судьбе бывшего красного командира Дмитрия Векшина, писатель ставит многие важные проблемы пореволюционной русской жизни.

Виктор Александрович Потиевский , Леонид Максимович Леонов , Меган Уэйлин Тернер , Михаил Васильев , Роннат , Яна Егорова

Фантастика / Проза / Классическая проза / Малые литературные формы прозы: рассказы, эссе, новеллы, феерия / Романы