— Է՛հ, տղերք։ Ամռանը, մինչև Պրեշով հասնելը, ինչ ասեք որ չունեինք։ Ես թաքցրել էի տասը հազար «մեմֆիս», երկու գլուխ շվեյցարական պանիր, երեքհարյուր տուփ պահածո։ Երբ գնում էինք Բարդեյով, խրամատները, իսկ ռուսները Մուշինայի մոտ կտրել էին մեր և Պրեշովի կապը… Ա՜յ թե առևտուր արի։ Աչքներին թոզ փչելու համար պաշարիս մեկ֊տասներորդը տվի երթային գումարտակին, թե իբր տնտեսել եմ, իսկ մնացածը ծախեցի գումակում։ Մեզ մոտ Սոյկա անունով մի մայոր կար, խոզի մեկն էր։ Հերոսությամբ աչքի չէր ընկնում և ավելի շատ քարշ էր գալիս մեզ մոտ, քանի որ վերևում գնդակներ էին սուլում և արկեր պայթում։ Մեկ էլ տեսար կգար մեզ մոտ, թե իբր իրեն անհրաժեշտ է հավաստիանալ, թե արդյոք գումարտակի զինվորների ճաշը լա՞վ են պատրաստում։ Սովորաբար նա ցած էր իջնում այն ժամանակ, երբ լուր էր գալիս, թե ռուսները որևէ բանի են պատրաստվում։ Դողում էր, խոհանոցում ռոմ էր խմում, իսկ հետո սկսում դաշտային խոհանոցները վերաքննության ենթարկել։ Խոհանոցները գտնվում էին գումակի մոտ, որովհետև հնարավոր չէր տեղավորել լեռան վրա, խրամատների մոտ, և ճաշը գիշերով վերև էին տանում։ Այնպիսի դրություն էր, որ սպայական ճաշի մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Թիկունքի հետ կապող միակ ազատ ճանապարհը գրավել էին գերմանացիները։ Նրանք կանգնեցնում էին այն ամենը, որ մեզ ուղարկում էին թիկունքից, ամեն ինչ իրենք էին լափում, այնպես որ մեր ձեռքը բան չէր ընկնում։ Գումակում գտնվողներս մնացել էինք առանց սպայական ճաշի։ Այդ ժամանակ ես մեր գրասենյակի համար ոչինչ չկարողացա տնտեսել, բացի մի խոճկորից, որը տվել էինք ապխտելու։ Իսկ որպեսզի ասածս մայոր Սոյկան չիմանար, խոճկորը թաքցրել էինք հրետանավորների մոտ, որոնք մեզնից մի ժամաչափ հեռու էին։ Այնտեղ ես մի ծանոթ ենթասպա ունեի։ Հա՛։ Իսկ այն մայորը մեկ էլ տեսար կգար մեզ մոտ և խոհանոցում ճաշի համը կտեսներ։ Ճիշտ է, հազվադեպ էինք միս եփում, միայն այն ժամանակ, երբ հաջողվում էր շրջակայքում որևէ տեղից խոզեր կամ նիհար կովեր ճարել։ Այն էլ ասեմ, որ պրուսացիները մեր մշտական մրցակիցներն էին, քանի որ բռնագրավված անասունի համար նրանք մեզնից երկու անգամ ավելի էին վճարում։ Քանի դեռ կանգնած էինք Բարդեյովի մոտ, անասուններ գնելու գործում տնտեսեցի հազար երկուհարյուր կրոնից քիչ ավելի, և դա էլ այն պատճառով, որ հաճախ փողի փոխարեն գումարտակի կնիքով կնքված բոններ էինք տալիս։ Մանավանդ վերջերում, երբ իմացանք, որ ռուսները մեզնից դեպի արևելք գտնվում են Ռադվանիում, իսկ դեպի արևմուտք՝ Պոդոլինում։ Չկա ավելի վատ բան, քան այնտեղի ժողովրդի հետ գործ ունենալը, ո՛չ կարդալ գիտեն, ո՛չ գրել, իսկ ստորագրության փոխարեն երեք խաչ են դնում։ Մեր ինտենդանտությունը դա շատ լավ գիտեր, այնպես որ, երբ մարդ էինք ուղարկում այնտեղից փող բերելու, չէի կարողանում այդ կեղծ ստացագրերը ներկայացնել որպես արդարացուցիչ փաստաթղթեր, թե իբր փողը վճարել եմ։ Դա կարելի է անել միայն այնտեղ, ուր մարդիկ ավելի կրթված են և կարողանում են ստորագրել։ Իսկ հետո, ինչպես ասացի, պրուսացիները վճարում էին մեզնից ավելի և կանխիկ։ Ուր որ գնում էինք, մեզ վրա այնպես էին նայում, որ կարծես ավազակներ լինեինք։ Բացի դրանից, ինտենդանտությունը հրաման էր արձակել, թե խաչերով ստորագրված ստացականները պետք է հանձնվեն դաշտային վերաքննիչներին։ Իսկ սրանք այն ժամանակ շնից շատ էին։ Մեկ էլ տեսար գալիս է ղոչիի մեկը, մեզ մոտ լափում, իսկ մյուս օրը գնում մեզ մատնում։ Եվ ահա Սոյկա ասածս շրջում էր այդ բոլոր խոհանոցները, և մի անգամ, ազնիվ խոսք, կաթսայից հանեց ամբողջ չորրորդ վաշտի համար բաց թողնված միսը։ Սկսեց խոզի գլխից, ասաց, թե լավ չի եփած, և հրամայեց իր համար մի քիչ ավելի եփել։ Ճիշտն ասած, այն ժամանակ միս շատ չէին եփում։ Ամբողջ վաշտին հասնում էր հին հաշվով տասներկու իսկական բաժին միս։ Բայց նա այդ բոլորը կերավ, հետո ճաշի համը տեսավ ու աղմուկ բարձրացրեց, թե իսկը ջուր է և թե ընդունված բան չէ, որ մսով ճաշն առանց մսի լինի… Հրամայեց ճաշին յուղ ավելացնել և մեջը գցել իմ սեփական մակարոնը, որ տնտեսել էի վերջին շրջանում։ Բայց դա ինձ դեռ այնքան չզայրացրեց, որքան այն, որ ճաշի մեջ գցելու համար նա կորստյան մատնեց այն երկու կիլո կարագը, որ տնտեսել էի դեռևս սպայկան խոհանոցի օրերին։ Այդ կարագը պահում էի մահճակալիս տակի դարակի վրա։ Հանկարծ դարձավ ու վրաս բղավեց. «Սա ո՞ւմն է»։ Պատասխանում եմ, թե դիվիզիայի վերջին հրամանով սահմանված բաշխաքանակի համաձայն՝ սնունդը ուժեղացնելու համար յուրաքանչյուր զինվորի հասնում է տասնհինգ գրամ յուղ կամ քսանմեկ գրամ ճարպ, բայց, քանի որ ճարպերը չեն բավականացնում, մենք յուղի պաշարները պահում ենք, մինչև որ այնքան հավաքվի, որ հնարավոր լինի անձնակազմի սնունդը լրիվ չափով ուժեղացնել։ Մայոր Սոյկան գազազեց և սկսեց գոռգոռալ, թե երևի սպասում եմ, որ ռուսները գան և մեզնից վերջին երկու կիլո յուղը խլեն։ «Անմիջապես այդ յուղը գցել ճաշի մեջ, քանի որ ճաշն առանց մսի է»։ Եվ այդպես, ամբողջ հոգապահուստս կորցրի։ Կհավատա՞ք, երբ էլ որ նա հայտնվեր, գլխիս մի փորձանք պիտի զար։ Աստիճանաբար այնքան հմտացավ, որ իսկույն իմանում էր, թե պահուստներս որտեղ են գտնվում։ Մի անգամ մի տավարի լյարդ էի տնտեսել, որն ուզում էինք խաշել։ Հանկարծ նա մտավ մահճակիս տակ ու լյարդը հանեց։ Սկսեց վրաս գոռգոռալ, իսկ ես նրան ասում եմ, թե լյարդը հարկավոր է թաղել, քանի որ ցերեկը այդպիսի եզրակացության է հանգել հրետանիում ծառայող մի դարբին, որ անասնաբուժական դասընթացներ է ավարտել։ Մայորը գումակից մի շարքային զինվոր վերցրեց և այդ շարքայինի հետ սարի վրա, ժայռի տակ, սկսեց կաթսայիկի մեջ այդ լյարդը եփել։ Դե՛հ, այստեղ էլ նրա կապուտն եկավ։ Ռուսները կրակը նկատել էին և տասնյոթ սանտիմետրանոցն ուղղել մայորի ու նրա կաթսայիկի վրա։ Հետո մենք գնացինք տեսնելու, թե նրանցից ինչ է մնացել, բայց արդեն անկարելի էր որոշել, թե ո՛րն է տավարի և ո՛րը պարոն մայորի լյարդը։