* * *
Լուր եկավ, թե էշելոնը մեկնելու է չորս ժամից ոչ շուտ։ Խատվանի ճանապարհը զբաղված էր վիրավորներ փոխադրող գնացքներով։ Լուրեր էին պտտվում, թե Էգերի մոտ մի սանիտարական գնացք ընդհարվել է հրետանու գնացքի հետ, թե նրանց օգնելու համար Բուդապեշտից գնացքներ են ուղարկվել։
Շուտով ամբողջ գումարտակի երևակայությունն սկսեց գործել։ Խոսում էին երկուհարյուր սպանվածների ու վիրավորների մասին, այն մասին, թե այդ աղետը սարքված բան է. չէ՞ որ հարկավոր է կոծկել վիրավորների մատակարարման գործում կատարված մեքենայությունների հետքերը։ Դա առիթ տվեց սուր քննադատության ենթարկելու գումարտակի մատակարարումը և պահեստներում ու գրասենյակներում կատարվող գողությունները։
Մեծամասնությունն այն կարծիքին էր, թե գումարտակի ավագ գրագիր Բաուտանցելը ամեն ինչ սպաների հետ կիսում է։
Շտաբի վագոնում կապիտան Սագներն ասաց, թե ըստ մարշրուտի նրանք արդեն Գալիցիայի սահմանագլխին պետք է լինեին։ Էգերում պարտավոր են նրանց ամբողջ զորամասին երեք օրվա հաց ու պահածո տալ, բայց մինչև Էգեր դեռ տասը ժամվա ճանապարհ կա, և բացի դրանից, Լվովի այն կողմում կատարվող հարձակման հետևանքով այնտեղ վիրավորների այնքան գնացքներ են կուտակվել, որ, եթե հավատալու լինենք հեռագրական հաղորդումներին, անհնար է մի բոքոն կամ մի տուփ պահածո գտնել։ Կապիտան Սագները հրաման է ստացել հացի և պահածոների փոխարեն յուրաքանչյուր զինվորի վճարել վեց կրոն յոթանասուն հելլեր։ Այդ փողը կտան ինն օրվա ռոճիկը վճարելիս, եթե մինչ այդ կապիտան Սագները բրիգադից գումարը ստացած լինի։ Հիմա դրամարկղում ընդամենը տասներկու հազար կրոն կա։
— Գունդը խոզություն է անում,— չդիմացավ կապիտան Լուկաշը,— որ մեզ ճանապարհում է առանց մի գրոշի։
Պրապորշչիկ Վոլֆը և պորուչիկ Կոլարժը սկսեցին փսփսալ, թե գնդապետ Շրեդերը վերջին երեք շաբաթվա ընթացքում տասնվեց հազար կրոն փող է մուծել Վիեննայի բանկում բացած իր անձնական հաշվին։
Այնուհետև պորուչիկ Կոլարժը բացատրեց, թե ինչպես են կապիտալ կուտակում։ Թռցնում են գնդից, օրինակ, վեց հազար կրոն, և դնում իրենց գրպանը, իսկ բոլոր խոհանոցներին միանգամայն տրամաբանորեն հրաման տալիս, թե ամեն մի զինվորի սիսեռի բաժինը կրճատել օրական երեք գրամով։ Դա ամսական անում է մարդագլուխ իննսուն գրամ։ Ամեն մի վաշտի խոհանոցում տասնվեց կիլոյից ոչ պակաս սիսեռ է կուտակվում։ Իսկ հաշվետվության մեջ էլ խոհարարը ցույց կտա, թե ամբողջ սիսեռը բանեցված է։
Պորուչիկ Կոլարժը Վոլֆին ընդհանուր գծերով պատմեց ուրիշ հավաստի դեպքեր, որ իր աչքով էր տեսել։ Այդպիսի փաստերով լի է ամբողջ զինվորական ադմինիստրացիայի գործունեությունը, սկսած որևէ վաշտի ողորմելի ավագ գրագրից և վերջացրած գեներալի ուսադիրներ կրող գերմանամկնով, որն իր համար հետպատերազմյան ձմռան պաշար է տեսնում։
Պատերազմը քաջություն էր պահանջում նաև գողության մեջ։
Ինտենդանտները սիրառատ հայացքներով իրար էին նայում, կարծես ցանկանալով ասել. «Մենք մի մարմին և մի հոգի ենք։ Գողանում ենք, ընկերնե՛ր, մեքենայություններ անում, եղբայրնե՛ր, բայց ի՞նչ արած, հոսանքին դեմ գնալ չի լինի։ Եթե դու չվերցնես, ուրիշը կվերցնի, և դեռ քո մասին էլ կասի, թե դու նրա համար չես գողանում, որ արդեն բավական թալանել ես»։
Վագոն մտավ կարմրաոսկեգույն լամպասներով մի պարոն։ Նա մեկն էր տեսչական այցեր կատարող այն գեներալներից, որ գնում-գալիս են երկաթուղու բոլոր գծերով։
— Նստեցեք, պարոնա՛յք,— սիրալիր հրավիրեց նա, ուրախանալով, որ մի էշելոն է հայտնաբերել, նույնիսկ չենթադրելով, թե դա կարող է գտնվել այդտեղ։
Կապիտան Սագները ցանկացավ զեկուցել, բայց գեներալը ձեռքը թափ տվեց։
― Ձեր էշելոնում անկարգություն է, ձեր էշելոնում դեռ չեն քնել։ Էշելոններում, երբ դրանք կանգնած են կայարանում, պետք է քնել, ինչպես զորանոցում, ժամը իննին,— կաղկանձեց նա։ — Մոտ ժամը իննին զինվորներին պետք է տանել կայարանի հետևում գտնվող ոտացճանապարհները, ապա գնալ քնելու։ Այլապես գիշերը անձնակազմը կապականի երկաթուղու պաստառը։ Հասկանո՞ւմ եք, պարոն կապիտան։ Հապա կրկնեցեք։ Կամ՝ ոչ, մի կրկնեք, այլ վարվեցեք այնպես, ինչպես ես ցանկանում եմ։ Ազդանշան հնչեցնել, զինվորներին քշել ոտացճանապարհները, երեկոյահավաք հնչեցնել և քնել։ Ստուգե՛լ և ով քնած չէ՝ պատժել։ Հը՛մ։ Ամեն ինչ ասացի՞։ Ընթրիքը տալ ժամը վեցին։
Այնուհետև նա սկսեց խոսել անցած֊գնացած բաների մասին, այն մասին, որ երբեք տեղի չէր ունեցել կամ տեղի էր ունեցել յոթը սարից, յոթը ծովից դենը գտնվող ինչ֊որ թագավորության մեջ։ Նա կանգնած էր ինչպես չորրորդ չափումի թագավորությունից հայտնված ուրվական։
— Ընթրիքը տալ ժամը վեցին,— շարունակեց նա, նայելով ժամացույցին, որը ցույց էր տալիս գիշերվա ժամը տասնմեկն անց տասը րոպե։ Um halb neune Alarm, Latrinenscheissen, dann schlafen gehen![61]
ժամը վեցի ընթրիքին՝ կարտոֆիլով գուլյաշ, հարյուրհիսուն գրամ շվեցարական պանրի փոխարեն։Ապա դրան հետևեց մարտական պատրաստականությունը ստուգելու հրամանը։ Կապիտան Սագները նորից հրամայեց տագնապ հնչեցնել, իսկ գեներալ-տեսուչը, հետևելով, թե գումարտակն ինչպես է շարք կանգնում, սպաների հետ գնում֊գալիս էր և անդադրում կրկնում նույնը, կարծես բոլորն ապուշներ էին և չէին կարող նրան միանգամից հասկանալ։ Ընդ որում շարունակ նայում էր ժամացույցին. «Also, sehen Sie. Um halb neune scheissen, und nach einer halben Stunde schlafen. Das genügt vollkommen»[62]
։