Ձախ թևում նստած էր Շվեյկը, որ նույնպես խցկվել էր այդտեղ և հետաքրքրությամբ կարդում էր Ռուժենա Եսենսկայայի չգիտես ո՛ր վեպից պոկված էջի մի պատառիկ․
․․․եղի պանսիոնում, դժբախտաբար տիկինները
ում անորոշ, իրականում գուցե և ավելի վ
մեծավ մասամբ, ինքն իր մեջ ամփոփված
իր սենյակը կամ դուրս գա —
ազգային տոնին։ Իսկ եթե խոսք էին բացում ա
գնում էր մարդը և կարոտել էր զ
լավացել էր կամ չէր ուզում
լինել, ինչպես որ իրենք էին ցանկա-
երիտասարդ Կրիշիչկան այլևս անելու բան չուներ․․․
Շվեյկն աչքերը բարձրացրեց, ակամա նայեց դեպի ոտացճանապարհի ելքը և զարմանքից քար կտրեց։ Այնտեղ իր զորահանդեսային լրիվ հագուստով կանգնած էր երեկվա գեներալ֊մայորն իր համհարզի հետ, իսկ նրա կողքին՝ պոդպորուչիկ Դուբը, որը ջանադրաբար նրանց ինչ-որ բան էր զեկուցում։
Շվեյկն աչք ածեց շուրջը։ Բոլորը շարունակում էին հանգիստ նստել փոսի վրա, և միայն ենթասպաներն էին մի տեսակ կարկամել ու չէին շարժվում։
Շվեյկն զգաց պահի ողջ լրջությունը։
Նա վեր թռավ հենց այդպես շալվարն իջեցրած, գոտին վզից կախ և, վերջին պահին թղթի կտորն օգտագործելով, բղավեց․ «Einstellen! Auf! Habtacht! Rechtsschaut!»[66]
և ձեռքը դրեց հովարին։Երկու ջոկատներ, շալվարներն իջեցրած և գոտիները վզներից կախ, կանգնեցին փոսի վրա։ Գեներալ֊մայորը սիրալիր ժպտաց ու ասաց․
— Ruht, weiter machen![67]
Ջոկապետ Մալեկն առաջինը օրինակ տվեց իր ջոկին, ընդունելով առաջվա դիրքը։ Կանգնած մնաց միայն Շվեյկը, ձեռքը հովարին դրած, քանի որ նրան մի կողմից սպառնալից մոտենում էր պոդպորուչիկ Դուբը, իսկ մյուս կողմից՝ ժպտացող գեներալը։
— Ես ձեզ գիշերը տեսել եմ,— դիմեց գեներալ֊մայորը Շվեյկին, որը նրա առաջ կանգնած էր այդ աներևակայելի դիրքով։
Գազազած պոդպորուչիկ Դուբը նետվեց դեպի գեներալ֊մայորը․
— Ich melde gehorsam, Herr Generalmalor, der Mann ist blödsinnig und als Idiot bekannt, säghafter Dummkopf.[68]
— Was sagen Sie, Herr Leutnant?[69]
,— անսպասելի գոռաց գեներալ֊մայորը պոդպորուչիկ Դուբի վրա, ապացուցելով միանգամայն հակառակը։— Հասարակ զինվորը գիտե, թե ինչ է հարկավոր անել, երբ պետ է մոտենում, իսկ ահա հրամանատար ենթասպան պետին չի նկատում և վերաբերմունք ցույց չի տալիս։ Ճիշտ այնպես, ինչպես կռվի դաշտում։ Վտանգի պահին հասարակ զինվորը հրամանատարությունն իր վրա է վերցնում։ Չէ՞ որ նա ինքը՝ պարոն պոդպորուչիկ Դուբն էր պարտավոր տալ «Einstellen! — Auf! — Habtacht, Rechtsschaut!» հրամանը, որ տվեց այս զինվորը։— Դու արդեն քամակդ սրբե՞լ ես,— հարցրեց գեներալ֊մայորը Շվեյկին։
— Ճիշտ այդպես, պարոն գեներալ֊մայոր, ամեն ինչ կարգին է։
— Wlencej srac nie bedziesz?[70]
— Ճիշտ այդպես, գեներալ֊մայոր, պրծել եմ։
— Որ այդպես է, շալվարդ վեր քաշիր և նորից ձիգ կանգնիր։
Քանի որ գեներալ֊մայորը «ձիգ կանգնիր»-ն արտասնեց փոքր-ինչ բարձր ձայնով, ապա նրան մոտիկ նստածներն սկսեցին վեր կենալ ու փոսի վրա ձիգ կանգնել։
Սակայն գեներալ֊մայորը բարեկամաբար նրանց ձեռքով արեց և հայրական գորովալից ձայնով ասաց.
— Aber nein, ruht, ruht, nur weiter machen![71]
Շվեյկն իր լրիվ շքահագուստով արդեն կանգնած էր գեներալ-մայորի առաջ, որը գերմաներեն մի հակիրճ ճառ արտասանեց․
— Հարգանք պետերի նկատմամբ, կանոնագրքի իմացում և վճռականություն զինվորական ծառայության մեջ,— ահա բոլորը։ Իսկ եթե այդ հատկություններին ավելացնելու լինենք և քաջությունը, ապա ոչ մի թշնամի մեր առաջ չի դիմանա։― Մատով խթելով Շվեյկի փորը, գեներալը պոդպորուչիկ Դուբին ցուցում տվեց․— Հիշեցեք այս զինվորին։ Ռազմաճակատ հասնելուն պես աստիճանը բարձրացնել և առաջին իսկ հարմար առիթով բրոնզե մեդալի ներկայացնել իր պարտականություններն օրինակելիորեն կատարելու և իր գիտելիքների համար․․․ Wissen Sie doch, was ich schon meine… Abtreteu![72]
Գեներալ֊մայորը հեռացավ, իսկ պոդպորուչիկ Դուբը բարձր ձայնով, այնպես, որ գեներալ-մայորը լսեր, հրամայեց.— Erster Schwarm auf! Doppelreihen… Zweiter Schwarm…[73]
Շվեյկն այդ միջոցին քայլերն ուղղեց դեպի իր վագոնը և, պոդպորուչիկ Դուբի մոտով անցնելիս նրան պատիվ տվեց, ինչպես պահանջվում է, բայց, չնայած դրան, պոդպորուչիկը բղավեց.— Herstellt![74]
Շվեյկը նորից ձեռքը դրեց հովարին և նորից լռեց.— Ինձ ճանաչո՞ւմ ես։ Դու ինձ չես ճանաչում։ Դու ինձ ճանաչում ես լավ կողմից, բայց կճանաչես նաև վատ կողմից։ Ես քեզ կլացացնեմ։
Վերջապես Շվեյկը հասավ իր վագոնին։ Ճանապարհին նա հիշեց, որ Կառլինի զորանոցում էլ մի լեյտենանտ կար, ազգանունը Խուդավի, որը գազազելիս այլ կերպ էր արտահայտվում. «Տղանե՛ր,— ասում էր նա,— ինձ հանդիպելիս մի մոռանաք, որ ես ձեզ համար խոզ եմ, խոզ էլ կմնամ, քանի դեռ դուք իմ վաշտումն եք»։
Երբ Շվեյկն անցնում էր շտաբի վագոնի մոտով, պորուչիկ Լուկաշը նրան ձայն տվեց ու հրամայեց Բալոունին ասել, որ շտապի սուրճը պատրաստել, իսկ կաթի պահածոյի տուփը նորից կարգին փակի, թե չէ կաթը կփչանա։ Իսկ հենց այդ ժամանակ Բալոունը վագոնում, ավագ գրագիր Վանեկի մոտ, փոքրիկ սպիրտայրոցի վրա պորուչիկ Լուկաշի համար սուրճ էր պատրաստում։ Շվեյկը գալով պորուչիկ Լուկաշի հանձնարարությունը կատարելու, իմացավ, որ իր բացակայության միջոցին ամբողջ վագոնը սկսել է սուրճ խմել։
Պորուչիկ Լուկաշի սուրճի և կաթի պահածոների տուփերն արդեն կիսով չափ դատարկ էին։ Բալոունը սուրճը խմում էր ուղղակի կաթսայիկից և թեյի գդալով փորփորում էր կաթի տուփը, որպեսզի սուրճն համեղացներ։
Խոհարար֊օկուլտիստ Յուրայդան և ավագ գրագիր Վանեկը երդվեցին սուրճի և կաթի պահածոներ ստացվելուն պես պորուչիկ Լուկաշից վերցրածը վերադարձնել։
Շվեյկին էլ սուրճ առաջարկեցին, բայց նա հրաժարվեց և Բալոունին ասաց.