Բալոունը անկյունում սարսափահար երեսր խաչակնքում ու բարձրաձայն աղոթում էր․
— Սո՛ւրբ աստվածածին, մի մերժիր պաղատանքն իմ, այլ ողորմածաբար ականջ դիր ինձ։ Սփոփիր ինձ, ո՛վ գթառատ կույս։ Օգնի՛ր ինձ, տարաբախտիս։ Դիմում եմ քեզ հավատով վառ, հույսով հաստատ և սիրով ջերմագին։ Դիմում եմ քեզ վշտի հովտից իմ, երկնային թագուհի․ պաշտպան կանգնիր ինձ, որպեսզի ողորմությամբ աստծո մինչև կյանքիս վերջը մնամ հովանուդ ներքո։
Եվ օրհնյալ Մարիամ կույսը իրոք որ միջնորդեց նրա համար, քանի որ հոժարականը իր շատ բան տեսած երթային տոպրակից մի քանի տուփ սարդին հանեց և տվեց յուրաքանչյուրին մի տուփ։
Բալոունը խիզախաբար բացեց պորուչիկ Լուկաշի ճամպրուկը և երկնքից ընկած սարդինը դրեց մեջը։
Բայց երբ բոլորը տուփերը բացեցին և սկսեցին բավականությամբ ուտել, Բալոունը գայթակղության ենթարկվեց, բացեց ճամպրուկը, այնուհետև՝ տուփը, և սարդիններն ագահաբար կուլ տվեց։
Եվ այդ ժամանակ օրհնյալ ու քաղցրիկ կույս Մարիամը նրանից երես դարձրեց։ Հազիվ էր Բալոունը տուփի միջի յուղը խմել-պրծել, երբ գումարտակի հանձնակատար Մատուշիչը վազելով մոտեցավ վագոնին և բղավեց․
— Բալոուն, շուտ օբեր֊լեյտենանտիդ սարդին տար։
— Ապտակներ են շրխկալու,— ասաց գրագիր Վանեկը։
— Ավելի լավ կլինի դատարկ ձեռքով չգնաս,— խորհուրդ տվեց Շվեյկը,— գոնե այս հինգ դատարկ տուփերը հետդ տար։
— Ի՞նչ մեղք եք գործել, ինչո՞ւ է աստված ձեզ այդպես պատժում,― կարեկցաբար հարցրեց հոժարականը։— Անցյալում դուք, անշուշտ, մեծ մեղք եք գործել։ Հո սրբապղծություն չե՞ք արել։ Չլինի թե ձեր ծխական քահանայից գողացել եք վառարանի ծխնելույզի մեջ ծխահարվող խոզի բուդը։ Գուցե մտել եք նրա նկուղն ու խմել եկեղեցապատկան գինին։ Կամ գուցե երեխա ժամանակ մտել եք նրա պարտեզը տանձ գողանալու։
Բալոունը վհատված թափահարեց թևերը։ Նրա դեմքը կատարյալ հուսահատություն էր արտահայտում։ Այդ հալածված մարդու սրտակեղեք տեսքը կարծես ասում էր․ «Ե՞րբ պիտի տառապանքներս վերջ ունենան»։
— Հասկանում եմ,— ասաց հոժարականը, կարծես լսելով դժբախտ Բալոունի ողբը,— դուք կտրել եք ձեր կապն աստծո հետ։ Չեք կարողանում աստծուն պաղատել, որ ձեզ այս աշխարհից ավելի շուտ տանի։
Շվեյկն ավելացրեց.
— Բալոունը մինչև հիմա սիրտ չի անում զինվորի իր կյանքը, զինվորի իր համոզմունքները, խոսքերը, արարքները և զինվորի իր մահը վերահանձնարարել «ամենաբարձրյալ աստծո մայրական սրտի ողորմությանը», ինչպես ասում էր իմ ֆելդկուրատ Կացը, երբ թունդ հարբում էր և փողոցում որևէ զինվորի բռնացնում։
Բալոունն սկսեց նվնվալ, թե այլևս տեր աստծուն չի վստահում։ Արդեն քանի՜ անգամ աստծուն աղոթել է, որ իրեն դիմանալու կարողություն տա և մի կերպ ստամոքսը ձգի-փոքրացնի։
— Դա հո պատերազմի ժամանակվանից չի սկսվել։ Շատակերությունը իմ վաղուցվա հիվանդությունն է,— գանգատվում էր նա։— Այդ հիվանդության պատճառով կնիկս երեխաներիս հետ ուխտի էր գնում Կլոկոտի։
— Իմանում եմ,— գլխով արեց Շվեյկը,— դա Թաբորի մոտ է։ Այնտեղ մի հարուստ կույս Մարիամ կա, վրան կեղծ բրիլյանտներ․․․ Մի անգամ նրան կողոպտել էր ուզում եկեղեցու պահակը, որը չգիտեմ Սլովակիայի որ տեղից էր եկել։ Շատ աստվածավախ մարդ էր։ Եկել էր Կլոկոտի և միտք արել, թե այդ գործն ավելի լավ կգնա, եթե ինքը նախապես սրբվի իր բոլոր հին մեղքերից, և խոստովանության ժամանակ այն էլ էր խոստովանել, թե ուզում է հաջորդ օրը կույս Մարիամին կողոպտել։ Բայց դեռ աչքը չէր թարթել, դեռ չէր հասցրել երեքհարյուր անգամ կրկնել «Հայր մեր»-ը,— պան քահանան այդպիսի ապաշխարանք էր դրել նրա վրա, որպեսզի չկարողանար փախչել,— երբ եկեղեցու պահակները նրան բռնել-տարել էին ժանդարմական բաժանմունք։
Խոհարար-օկուլտիստն սկսեց հեռախոսավար Խոդոունսկու հետ վիճել, թե արդյոք դա խոստովանության գաղտնիքի աղաղակող խախտո՞ւմ է և թե առհասարակ արժե՞ր այդ մասին աղմուկ բարձրացնել, քանի որ բրիլյանտները կեղծ են եղել։ Ի վերջո նա Խոդոունսկուն ապացուցեց, որ դա եղել է պատիժ, այսինքն ճակատագիրն այդպես է կանխորոշել այն անհիշելի անցյալում, երբ սլովակացի դժբախտ պահակը որևէ այլ մոլորակի վրա դեռևս գլխոտանի է եղել։ Ճիշտ այդպես էլ, արդեն վաղուց, երբ Կլոկոտիի քահանան դեռևս եքիդնա կամ որևէ այլ պարկավոր, ներկայումս արդեն ոչնչացած կաթնասուն կենդանի է եղել, բախտը կանխորոշել է, որ նա պետք է խախտի խոստովանության գաղտնիքը, թեև իրավաբանական տեսակետից, ըստ կանոնական իրավունքի, մեղքերին թողություն տրվում է նույնիսկ այն դեպքում, երբ մեղսավորը փորձել է յուրացնել վանքապատկան գույքը։
Այդ ամենին Շվեյկն ավելացրեց հետևյալ իմաստուն դիտողությունը.
— Դե, իհարկե։ Ոչ ոք չգիտե, թե ինքը միլիոնավոր տարիներ հետո ի՞նչ է անելու, դրա համար էլ ոչ մի բանից չպիտի հրաժարվեր։ Երբ մենք Կառլինում ծառայում էինք պահեստայինների լրացուցիչ զորամասում, օբեր֊լեյտենանտ Կվանսնիչկան պարապմունքի ժամանակ միշտ ասում էր.
— Դուք չկարծեք, ծո՛ւյլ կովեր, մաջարակա՛ն կրտած խոզեր, թե ձեր զինվորական ծառայությունն այս աշխարհում կվերջանա։ Մենք կհանդիպենք մեր մահից հետո էլ, և ես ձեր գլխին այնպիսի քավարան կսարքեմ, որ գժվեք, խոզի ծնունդներ։