Տասնվեցերորդ վաշտը հինգ և կեսին դուրս եկավ Տիրավա-Վոլոսկ ուղղությամբ։ Շվեյկը քարշ էր գալիս վաշտի շտաբի և սանիտարական մասի հետևից, իսկ պորուչիկ Լակաշը ձիով շրջագայում էր ամբողջ զորասյունը, շուտ-շուտ վերադառնալով նրա վերջնածայրը, որպեսզի տեսներ, թե ինչպես սանիտարները բրեզենտով ծածկված սայլի վրա պոդպորուչիկ Դուբին տանում են դեպի անորոշ ապագայում կատարելիք իր նոր սխրագործությունները, և որպեսզի ժամանակը կարճեր Շվեյկի հետ զրուցելով, որը համբերությամբ կրում էր իր տոպրակն ու հրացանը, ֆելդֆեբել Վանեկին պատմելով, թե մի քանի տարի առաջ որքան հաճելի էր քայլել Վելկե Մեզիրժիչի զորավարժությունների ժամանակ։
— Ճիշտ այսպիսի մի տեղ էր, միայն թե քայլում էինք ոչ լրրիվ կարգ ու սարքով, որովհետև այն ժամանակ մենք չգիտեինք էլ, թե պահեստի պահածոն ինչ բան է։ Իսկ եթե որևէ տեղ պահածոներ էինք ստանում, ապա առաջին իսկ օթևանում լափում էինք և տոպրակի մեջ դրանց տեղը աղյուսներ դնում։ Գյուղերից մեկում տեսչական ստուգում կատարեցին և այդ բոլոր աղյուսները տոպրակներից հանեցին ու դեն գցեցին։ Դրանք այնքան շատ էին, որ ինչ-որ մեկն այնտեղ իր համար մի փոքրիկ տուն շինեց։
Քիչ հետո Շվեյկը եռանդագին քայլում էր պորուչիկ Լուկաշի ձիու կողքով և պատմում դաշտային փոստի մասին.
— Հիանալի ճառ էր։ Իհարկե, պատերազմի ժամանակ ամեն մարդու շատ հաճելի է տանից սիրագորով նամակ ստանալ։ Բայց ես, երբ մի քանի տարի առաջ ծառայում էի Բուդեյովիցիում, իմ ամբողջ զինվորական ծառայության ընթացքում ընդամենը մի նամակ ստացա, որը մինչև հիմա պահում եմ;
Շվեյկը կաշվե կեղտոտ պայուսակից հանեց ճարպոտած մի նամակ և սկսեց կարդալ, ջանալով համաքայլ ընթանալ պորուչիկ Լուկաշի ձիու հետ, որը քայլում էր չափավոր վարգով.
«Դու ստոր գյադա ես, ավազակ ու սրիկա։ Պարոն կապրալ Կրշիժը արձակուրդ էր եկել Պրագա, ես նրա հետ պարում էի «Կոցանների մոտ» պանդոկում, և նա ինձ պատմեց, թե իբր դու Բուդեյովիցիի «Կանաչ գորտի մոտ» պանդոկում պարում ես մի ապուշ բոզի հետ և թե ինձ բոլորովին մոռացել ես։ Իմացիր, ես այս նամակը գրում եմ արտաքնոցում, ծակի մոտի տախտակի վրա, մեր մեջ ամեն ինչ վերջացած է։ Քո նախկին Բոժենա։
Չմոռանամ ասել, այդ կապրալը քո հոգին կհանի, նա այդ գործում վարպետ է, և ես նրան խնդրել եմ, որ այդ բանն անի։ Եվ հետո, չմոռանամ ասել, որ երբ արձակուրդ գաս, ինձ այլևս ողջերի մեջ չես գտնի»։
― Իհարկե,— շարունակեց Շվեյկը, մանրիկ վարգով տնգտնգալով պորուչիկի ձիու կողքին,— երբ ես արձակուրդ գնացի, նա «ողջերի մեջ» էր, այն էլ ինչպիսի՜ ողջերի։ Ես նրան գտա դարձյալ «Կոցանների մոտ» պանդոկում։ Հետը ուրիշ գնդի երկու զինվորներ կային և դրանցից մեկն այնքան ժիր էր, որ մի գլուխ ձեռքը կոխում էր նրա լիֆչիկի տակ, կարծես ուզում էր այնտեղից, համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, կուսության ծաղկափոշին հանել, ինչպես կասեր Վենցեսլավա Լուժիցկայան։ Մի այդպիսի բան է ասել մի տասնվեց տարեկան ջահել օրիորդ պարի դասի ժամանակ մի գիմնազիստի, որը նրա ուսը կճմթել է. աղջիկը լաց լինելով նրան ասել է․ «Պարոն, դուք մաքրեցիք իմ կուսության ծաղկափոշին»։ Դե, իհարկե, բոլորը սկսել են ծիծաղել, իսկ աղջկա մայրը, որ նրան հետևում էր, տխմար օրիորդին հանել է «Բեսեդայի» միջանցքն ու ոտքի տակ գցել։ Ես, պարոն օբեր-լեյտենանտ, եկել եմ այն եզրակացության, որ գյուղացի աղջիկներն ինչքան չլինի ավելի անկեղծ են, քան քաղաքի հալից ընկած օրիորդները, որ պարի դասերի են գնում։ Երբ մի քանի տարի առաջ մենք ճամբար էինք դրել Մնիշեկում, ես պարելու համար գնում էի «Ստարի Կնին» և այնտեղ սիրաբանում էի Կառլա Վեկլովայի հետ։ Միայն թե ես նրան այնքան էլ դուր չէի գալիս։ Մի կիրակի օր երեկոյան նրա հետ գնացի լճակի ափը, և այնտեղ մենք նստեցինք ամբարտակի վրա։ Իսկ երբ արևը սկսեց մայր մտնել, ես նրան հարցրի, թե արդյոք ինձ սիրո՞ւմ է։ Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, օդն այնքա՜ն տաք էր, բոլոր թռչուններն երգում էին, իսկ նա սկսեց հռհռալ և ասաց. «Սիրում եմ քամակ մտնող ծղոտի պես։ Ինչ հիմա՜րն ես դու»։ Եվ իսկապես, այնքան հիմար էի, համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, որ երբ դրանից առաջ նրա հետ զբոսնում էի բարձր արտերում, որտեղ մեզ ոչ ոք չէր տեսնում, մենք մի անգամ էլ չնստեցինք, իսկ ես միայն այն էի անում, որ նրան ցույց էի տալիս աստծու տված այդ բարիքները և հիմարի պես գյուղացի աղջկան բացատրում, թե դրանցից ո՛րն է հաճարը, ո՛րը ցորենը կամ վարսակը։
Եվ, կարծես ի հաստատումն այն խոսքի, որ Շվեյկն ասաց վարսակի մասին, զորասյան առջևից լսվեց նրա վաշտի զինվորների ձայնը։ Նրանք խմբովին երգում էին մի երգ, որով մի ժամանակ չեխական գնդերը գնում էին Սոլֆերինո Ավստրիայի համար արյուն թափելու․
Իսկ երբ մթնեց աշխարհքը,
Պարկից թափվեց վարսակը.
Ժուպայիդաս, ժուպայդա
Ամեն աղջիկ մեզ կտա։
Մյուսները ձայնակցեցին.
Կտա, կտա, ո՞նց չի տա,
Ինչի՞ պիտի նա չտա։
Զինվոր տղին, տղին քաջ
Կտա, կտա երկու պաչ։
Ժուպայիդաս, ժուպայդա,
Ամեն աղջիկ մեզ կտա։
Հետո գերմանացիներն սկսեցին նույն երգը երգել գերմաներեն։
Դա զինվորի մի հին երգ էր, որ, հավանաբար, զինվորները բոլոր լեզուներով երգել են դեռևս Նապոլեոնի պատերազմների ժամանակ։ Հիմա այդ երգն անկաշկանդ գեղգեղում էր գալիցիական տափարակում, փոշոտ խճուղու վրա, որը ձգվում էր գեպի Տիրավա-Վոլոսկա, որտեղ խճուղու երկու կողմերին, մինչև հեռու-հեռավոր հարավում երևացող կանաչ բլուրները, ցանքը կոխկրտվել ու ոչնչացել էր ձիերի սմբակների, հազար-հազարավոր զինվորների ծանր կոշիկների ներբանների տակ։