— Մենք էլ մի անգամ, Պիսեկի զորավարժությունների ժամանակ, դաշտը ճիշտ այսպես մշակեցինք,— ասաց Շվեյկը, աչք ածելով շուրջը։— Այնտեղ մեզ հետ մի էրցհերցոգ կար։ Այնքան արդարամիտ աղա էր, որ երբ ստրատեգիական նկատառումներով իր շտաբի հետ արտերի միջով էր անցնում, ապա համհարզը տեղնուտեղը գնահատամ էր իրենց պատճառած վնասը։ Պիխա անունով մի գյուղացի, որին այդ այցելությանը բոլորովին ուրախություն չպատճառեց, հրաժարվեց վերցնել այն տասնութ կրոնը, որ գանձարանը նրան տալիս էր կոխկրտված հինգ չափ դաշտի համար, ցանկացավ, պարոն օբեր-լեյտենանտ, դատ բացել և դրա համար տասնութ ամիս սստացավ։
— Ես կարծում եմ, պարոն օբեր-լեյտենանտ, որ նա պետք է իրեն երջանիկ համարեր, որ թագավորական տան մի անդամ նրան այցելել էր նրա հողում։ Եթե նրա տեղը մի ավելի գիտակից գյուղացի լիներ, իր բոլոր աղջիկներին սպիտակ շորեր կհագցներ, ինչպես եկեղեցական թափորի ժամանակ, ձեռքներին ծաղիկներ կտար, շարքով կկանգնեցներ արտի մեջ, կհրամայեր բարձրաստիճան պանին ողջունել, ինչպես անում են հնդկաստանում, որտեղ իշխանավորի հպատակներն իրենց նետում են փղի ոտքերի տակ, որպեսզի իրենց տրորի։
— Այդ ի՞նչ եք այդտեղ դուրս տալիս, Շվեյկ,— ձայն տվեց հանձնակատարին պորուչիկ Լուկաշը։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ես նկատի ունեի այն փղին, որն իր մեջքի վրա կրում էր մի իշխանավորի, որի մասին կարդացել եմ։
— Եթե միայն ամեն ինչ ճիշտ բացատրեիք․․․— ասաց պորուչիկ Լուկաշը և առաջ սլացավ։ Այնտեղ զորասյունը խախտվել էր։ Գնացքում վայելած հանգստից հետո այդ անսովոր, լրիվ հանդերձանքով երթը բոլորին հոգնեցրել էր․ մարդկանց ուսերը ցավում էին, և յուրաքանչյուրը ջանում էր որևէ կերպ թեթևացնել երթի ծանրությունը։ Հրացանները մի ուսից մյուսն էին գցում, շատերն արդեն հրացանները կրում էին ոչ թե կաշեփոկերով ուսած, այլ փոցխի կամ եղանի պես ուսներին դրած։ Ոմանք կարծում էին, թե ավելի հեշտ կլինի, եթե քայլեն առվի միջով կամ չվարած հողաշերտի վրայով, որտեղ գետինը նրանց ավելի փափուկ էր թվում, քան փոշոտ խճուղու վրա։
Քայլում էին գլխահակ, բոլորը տառապում էին ծարավից, քանի որ կեսօրվա պես տոթ էր ու շոգ, չնայած որ արևն արդեն մայր էր մտել, և ոչ մեկի ջրամանում մի կաթիլ ջուր չկար։ Դա երթի առաջին օրն էր, և անսովոր իրավիճակը, որ կարծես նախերգանքն էր էլ ավելի մեծ տառապանքների, քանի գնում, այնքան ավելի էր հոգնեցնում ու թուլացնում։ Զինվորները դադարել էին նույնիսկ երգելուց և շարունակ հաշվում էին, թե դեռ ինչքան ճանապարհ կա մինչև Տիրավա-Վոլոսկա, որտեղ, ինչպես նրանք ենթադրում էին, պետք է գիշերեին։ Ոմանք նստում էին առվի եզրին և, այդ չթույլատրված հանգիստը որևէ բանով քողարկելու համար, սկսում քանդել կոշիկների կապերը։ Առաջին հայացքից կարելի էր կարծել, թե զինվորի փաթաթանները վատ են փաթաթված և նա աշխատում է այնպես վերափաթաթել, որ երթի ժամանակ ոտքերը չհարեն։ Մյուսները կարճացնում կամ երկարացնում էին հրացանների կաշեփոկները կամ բացում տոպրակը և միջի իրերը վերադասավորում, իրենք իրենց համոզելով, թե դա անում են բեռը հավասար մասերի բաժանելու համար, որպեսզի տոպրակի փոկերը ձիգ չտան մերթ մեկ, մերթ մյուս ուսը։ Իսկ երբ պորուչիկ Լուկաշը դանդաղընթաց մոտենում էր, նրանք ոտքի էին կանգնում և զեկուցում, թե իրենց որևէ տեղը ցավում է կամ նման մի բան, եթե մինչ այդ կադետը կամ դասակապետը, հեռվից նկատելով պորուչիկ Լուկաշի զամբիկը, նրանց առաջ չէր քշում։
Շրջագայելով վաշտը, պորուչիկ Լուկաշը զինվորներին մեղմորեն առաջարկում էր վեր կենալ, ասելով, թե մինչև Տիրավա-Վոլոսկա ընդամենը մի երեք կիլոմետր է մնացել և այնտեղ նրանք դադար կառնեն։
Այդ միջոցին սանիտարական երկանիվ սայլակի մշտական ցնցումներից պոդպորուչիկ Դուբը ուշքի էր եկել, ճիշտ է՝ ոչ վերջնականապես, բայց գոնե այնքան, որ արդեն կարող էր վեր կենալ։ Նա գլուխը դուրս հանեց սայլակից և սկսեց ձայն տալ վաշտի շտաբի մարդկանց, որոնք անբեռ ու առույգ քայլում էին նրա կողքից, քանի որ բոլորր, Բալոունից սկսած մինչև Խոդոունսկին, իրենց տոպրակները դրել էին սայլակի վրա։ Միայն Շվեյկն էր, որ կտրիճաբար քայլում էր տոպրակը մեջքին, հրացանը դրագունավարի կրծքին դրած։ Նա փստացնում էր իր ծխամորճը և երգում.
Ճամփաներով կեռումեռ
Գնում էինք Յարոմեր։
Վախտին հասանք ընթրիքին․․․
Պոդպորուչիկ Դուբից ավելի քան հինգհարյուր քայլ հեռավորության վրա, ճանապարհի երկայնքով փոշու քուլաներ էին բարձրանում, որոնց միջից աղոտ հայտնվում էին զինվորների կերպարանքները։ Պոդպորուչիկ Դուբը, որի խանդավառությունը նորից բռնել էր, գլուխը դուրս հանեց սայլակից և սկսեց ճանապարհի փոշու մեջ բղավել․
― Զինվորնե՛ր, դժվարին է ձեր պատվավոր խնդիրը, ձեզ սպասում են ծանր երթեր, զրկանքներ, ամեն տեսակ տառապանքներ։ Բայց ես խորապես հավատում եմ ձեր դիմացկունությանն ու կամքի ուժին։
— Ուր էր խեղդեր քեզ այդ փոշին․․․— հանգավորեց Շվեյկը։
Պոդպորուչիկ Դուբը շարունակեց.
— Ձեզ համար, զինվորներ, չկան այնպիսի արգելքներ, որ դուք չկարողանաք հաղթահարել։ Նորից եմ ասում, զինվորնե՛ր, որ ես ձեզ տանում եմ դեպի դժվարին հաղթանակ։ Դա պինդ ընկույզ է, բայց դուք ջարդել կկարողանաք։ Պատմությունը ձեր անունները իր ոսկյա գրքի էջերի մեջ կառնի․․․
— Հիմա ուր որ է սիրտդ կխառնի,— դարձյալ հանգավորեց Շվեյկը։