Քահանան, որ բոլորովին չէր պառկում քնելու և շարունակ տան մեջ շրջում էր, բացեց խոհանոցի դուռը և խնայողության համար փլեց ու հանգցրեց Խոդոունսկու կողքին մարմրող եկեղեցական կիսաայրած մոմը։
Ճաշասենյակում ոչ ոք քնած չէր, բացի պոդպորուչիկ Դուբից։ Ավագ գրագիր Վանեկը, որը Սանոկում, բրիգադի գրասենյակում, զորքերին պարեն մատակարարելու նոր կարգադրագիր էր ստացել, ջանասիրաբար ուսումնասիրում էր այն և նկատում է որ ինչքան բանակը մոտ է ռազմաճակատին, այնքան մթերաբաժինները պակասում են։ Նա ակամա ծիծաղեց մի պարագրաֆի վրա, որի համաձայն զինվորների համար ճաշ պատրաստելիս արգելվում է զաֆրան ու զենջեֆիլ գործածել։ Հրամանն ուներ մի այսպիսի ծանոթություն, դաշտային խոհանոցները պետք է հավաքեն ոսկորները և ուղարկեն թիկունք, դիվիզիական պահեստները։ Պարզ չէր, թե խոսքը ինչ ոսկորների մասին էր՝ մարդկա՞նց թե մորթվող այլ անասունների։
— Լսեցեք, Շվեյկ,— ասաց պորուչիկ Լուկաշը ձանձրույթից հորանջելով,— մինչև մեզ ուտելու բան տան, դուք կկարողանաք մի բան պատմել։
— Է՛հ, — պատասախանեց Ծվեյկը,— մինչև մեզ ուտելու բան տան, ես կկարողանամ պատմել չեխ ժողովրդի ամբողջ պատմությունը, իսկ առայժմ կպատմեմ մի շատ կարճ պատմության Սեդլչանի շրջանի մի փոստապետի կնոջ մասին, որը ամուսնու մահից հետո նշանակվել էր նրա տեղը։ Ես իսկույն այդ կնոջն հիշեցի, երբ լսում էի փոստին վերաբերող խոսակցությունները, թեև այդ պատմությունը դաշտային փոստի հետ ոչ մի ընդհանուր բան չունի։
― Շվեյկ,– նախազգուշացնելով՝ բազմոցի վրայից ձայն տվեց պորուչիկ Լուկաշը,— դուք դարձյալ հիմարություններ եք դուրս տալիս։
— Ճիշտ այդպես, համարձակվում եմ զեկուցեի պարոն օբեր-լեյտենանտ, դա իրոք որ շատ հիմար պատմություն է։ Ինքս էլ չեմ հասկանում, թե ինչպես խելքիս փչեց այդպիսի հիմար բան պատմել։ Գուցե դա բնատուր հիմարություն է կամ գուցե մանկական հուշ։ Մեր հողագնդի վրա, պարոն օբեր-լեյտենանտ, զանազան բնավորություններ կան, և խոհարար Յուրայդան, այնուամենայնիվ, իրավացի էր։ Բրուկում խմելով ու հարբելով, նա ընկել էր արխի մեջ, իսկ այնտեղից դուրս գալ չէր կարողանում և բղավում էր․ «Մարդը նախորոշված և կոչված է ճանաչելու ճշմարտությունը, իր ոգով ղեկավար դեր կատարելու հավիտենական տիեզերքի հարմոնիայի մեջ, շարունակ զարգանալու և կատարելագործվելու, շարունակ հասնելու և մտնելու բանականության և սիրո աշխարհի ավելի բարձր ոլորտները»։ Երբ մենք ուզում էինք նրան արխից դուրս քաշել, նա մեզ կծոտում ու ճանկռտում էր։ Կարծում էր, թե իր տանն է պառկած, և միայն այն ժամանակ, երբ նրան նորից գցեցինք արխը, սկսեց աղաչել, որ դուրս քաշենք։
— Իսկ ի՞նչ էր պատահել փոստապետուհուն,— ձանձրացած բացականչեց պորուչիկ Լուկաշը։
― Նա շատ պատվական, բայց այնուամենայնիվ անզգամ կին էր, պարոն օբեր-լեյտենանտ։ Փոստում իր բոլոր պարտականությունները լավ էր կատարում, բայց մի պակասություն ուներ, կարծում էր, թե բոլորն իր հետևից քարշ են գալիս, ու սիրահետում, և այդ պատճառով աշխատանքից հետո բոլորի վրա բողոքներ էր գրում, որոնց մեջ ամենայն մանրամասնությամբ նկարագրում էր, թե ինչն ինչպես է եղել։
Մի առավոտ նա գնում է անտառ սունկ հավաքելու։ Եվ ահա, դպրոցի մոտից անցնելիս նկատում է, որ ուսուցիչն արդեն քնից վեր է կացել։ Ուսուցիչը նրան բարևում է ու հարցնում, թե այդքան վաղ ո՞ւր է գնում։ Նա պատասխանում է, թե գնում է սունկ հավաքելու, իսկ ուսուցիչն ասում է, թե քիչ հետո ինքն էլ է սունկի գնալու։ Փոստապետուհիս մտածում է, թե ուսուցիչը նրա, այդ պառավ կնկա նկատմամբ ինչ-որ կեղտոտ մտադրություններ ունի, և տեսնելով, որ նա թփուտից դուրս է գալիս, վախենում է, փախչում և անմիջապես տեղիս դպրոցական խորհրդին մի բողոք գրում, թե ուսուցիչս ուզում էր նրան բռնաբարել։ Ուսուցչի գործով կարգապահական կարգով քննություն է նշանակվում, և, որպեսզի հասարակական սկանդալ չառաջանա է քննություն կատարելու է գալիս ինքը դպրոցական տեսուչը, որը ժանդարմական վախմիստրին խնդրում է եզրակացություն տալ, թե ուսուցիչն ընդունակ է այդպիսի բան անելու։ Ժանդարմական վախմիստրը նայում է գործերը և հայտնում, թե դա բացառված է․ ուսուցիչն արդեն մի անգամ մեղադրվել է քահանայի եղբոր աղջկան հետամտելու մեջ, որի հետ պառկելիս է եղել հենց ինքը քահանան, սակայն գիտության քուրմը շրջանային բժշկից ժամանակին մի վկայական է ստացել, թե դեռևս վեց տարեկան հասակից, երբ կտուրից ընկել է սայլի քեղու վրա, սեռապես անկար է։ Այն ժամանակ անզգամ փոստապետուհին բողոք է դրում ժանդարմական վախմիստրի, շրջանային բժշկի և դպրոցների տեսուչի վրա, թե իբր ուսուցիչը նրանց բոլորին կաշառել է։ Նրանք բոլորը միասին փոստապետուհուն դատի են տալիս, նա դատապարտվում է, բայց հետո բողոքարկում վճիռը, թե իբր անմեղսագիտակ է։ Դատական բժիշկները նրան էլ են քննում և եզրակացության մեջ գրում, թե նա իրոք որ տկարամիտ է, բայց, չնայած դրան, կարող է վարել ուզածդ պետական պաշտոնը։
Պորուչիկ Լուկաշը բացականչեց․
— Հիսո՛ւս Քրիստոս,— և ավելացրեց.— Ես քեզ մի խոսք կասեի, բայց չեմ ուզում ընթրիքս հարամ անել։
Շվեյկը պատասխանեց․
― Չէ՞ որ ես ձեզ նախազգուշացրի, պարոն օբեր-լեյտենանտ, որ շատ հիմար բան եմ պատմելու։
Պորուչիկ Լուկաշը բավականացավ միայն ձեռքը թափ տալով․
— Ես ձեր հիմարությունները լսելուց արդեն կշտացել եմ։