Չարաբաստիկ երթային բեմը պատրաստել էր Վիեննայի հրեական Մորից Մալեր ֆիրման, որն արտադրում էր ժամասացության և կրոնական պետքերի համար անհրաժեշտ ամեն տեսակ իրեր, ինչպես, օրինակ, տերողորմյաներ ու սրբապատկերներ։ Բեմը բաղկացած էր երեք փեղկերից և զօծված էր կեղծ ոսկեջրով, ինչպես եկեղեցու ամբողջ փառքը։ Առանց վառ երևակայություն ունենալու բոլորովին հնարավոր չէր որոշել, թե իսկապես ի՞նչ էր նկարված այդ երեք փեղկերի վրա։ Պարզ էր միայն, որ այդ բեմը նույնպիսի հաջողությամբ կարող էին օգտագործել նաև Զամբեզիայի հեթանոսները կամ բուրյաթների ու մոնղոլների շամանները։ Ճչացող գույներով նախշած այդ բեմը հեռվից նման էր երկաթուղայինների տեսողությունը ստուգելու գունավոր աղյուսակի։
Պարզորոշ երևում էր միայն ինչ-որ մերկ մարդու կերպարանք՝ գլխի շուրջը լուսապսակ, մարմինը՝ կանաչավուն, ինչպես նեխած ու քայքայված սագի ազդրամաս։ Թեև այդ սրբին ոչ ոք ոչ մի վատ բան չէր անում, այլ, ընդհակառակը, նրա երկու կողքերին գտնվում էին երկու թևավոր էակներ, որոնք պետք է հրեշտակներ ներկայացնեին,— նկարը դիտողի վրա այնպիսի տպավորություն էր թողնում, թե կարծես տկլոր սուրբը իրեն շրջապատողներից սարսափած՝ գոռում է։ Բանն այն է, որ հրեշտակները նման էին հեքիաթային հրեշների, թևավոր վայրի կատվի և հայտնության հրեշի միջինը հանդիսացող ինչ-որ բանի։
Բեմի մյուս կողմի փեղկի վրա կար մի պատկեր, որն հավակնում էր ներկայացնել երրորդությունը։ Նկարչին ընդհանուր առմամբ հաջողվել էր աղավնուն այնքան էլ չփչացնել։ Նա նկարել էր մի թռչուն, որը նույնքան նման էր աղավնու, որքան և սպիտակ հավի։
Բայց դրա փոխարեն հայր-աստվածը նման էր վայրի արևմուտքի այն ավազակին, որ հասարակությանը հրամցնում են ամերիկյան հետաքրքրաշարժ արյունալի ֆիլմերը։
Աստվածորդին, ընդհակառակը, ներկայացված էր որպես զվարթ երիտասարդ, բավական պատկառելի փորով, որը ծածկված էր լողատրուսիկի նման մի բանով։ Ընդհանուր առմամբ աստվածորդին նման էր սպորտսմենի, նա խաչն այնպես էլեգանտ կերպով էր բռնել, որ կարծես այն թենիսի ռակետա լիներ։ Հեռվից ամբողջ երրորդությունը ճապաղվում էր, և նայողին թվում էր, թե գնացք է մտնում ծածկված կայարանը։
Թե իրենից ինչ էր ներկայացնում երրորդ սրբապատկերը, բնավ չէր կարելի հասկանալ։
Պատարագի ժամանակ զինվորները շարունակ վիճում էին, ջանալով լուծել այդ ռեբուսը։ Նրանցից մեկը նույնիսկ սրբապատկերի վրա ճանաչել էր Պոսազավի շրջանում ապրող իր մի հայրենակցուհուն։ Այնուամենայնիվ այդ սրբապատկերի տակ գրված էր. «Սուրբ Մարիամ աստվածածին, ողորմյա մեզ»։
Շվեյկը երթային բեմը բարեհաջող կերպով զետեղեց կառքի մեջ, իսկ ինքը տեղ գրավեց նստիքի վրա, կառապանի կողքին։ Ֆելդկուրատը հարմար նստեց ու ոտքերը դրեց սուրբ երրորդության վրա։
Շվեյկը կառապանի հետ շաղակրատում էր պատերազմի մասին։ Կառապանը խռովարար դուրս եկավ, զանազան դիտողություններ արեց ավստրիական զենքի անպարտելիության վերաբերմամբ, ինչպես, օրինակ. «Ուրեմն, Սերբիայում ձեզ ոնց որ պետք է դնգստել են» և այլն։
Պարենային ուղեկալն անցնելիս պահակի այն հարցին, թե նրանք ինչ են տանում, Շվեյկը պատասխանեց.
— Սուրբ երրորդություն, կույս Մարիամ և ֆելդկուրատ։
Այդ միջոցին վարժադաշտում երթային վաշտերն անհամբեր սպասում էին նրանց։ Ստիպված էին երկար սպասել։ Շվեյկն ու ֆելդկուրատը նախ գնացին պորուչիկ Վիտինդերից մրցանակային գավաթը խնդրելու, ապա գնացին Բրժևնովի վանքը՝ մասնատուփ և պատարագի համար անհրաժեշտ այլ առարկաներ, այդ թվում մի շիշ եկեղեցական գինի վերցնելու։
Դե՛հ, իհարկե, դաշտային պատարագ կատարելն այնքան էլ հեշտ բան չէ։
— Թրև ենք գալիս քաղաքով մեկ,— ասաց Շվեյկը կառապանին, և դա ճիշտ էր։
Երբ հասան վարժադաշտ և մոտեցան լաստակին, որը փայտյա պատնեշիկ և մի սեղան ուներ, որի վրա պետք է դրվեր շարժական բեմը, պարզվեց, որ ֆելդկուրատը մոռացել է մինիստրանտ ճարել։
Պատարագի ժամանակ ֆելդկուրատին միշտ սպասավորում էր մի հետևակ զինվոր, որն հիմա հակառակի պես գերադասել էր հեռախոսավար դառնալ և գնացել էր ռազմաճակատ։
— Պարոն ֆելդկուրատ,— ասաց Շվեյկը։— Ես կարող եմ նրան փոխարինել։
— Իսկ դուք կարողանո՞ւմ եք մինիստրանտություն անել։
— Այդ գործով երբեք չեմ զբաղվել,— պատասխանեց Շվեյկը, բայց կարելի է փորձել։ Չէ՞ որ հիմա պատերազմ է, իսկ պատերազմի ժամանակ մարդիկ այնպիսի գործերի են ձեռք զարկում, որ առաջ երազում էլ չեն տեսել։ Է՜հ մի կերպ այն տխմար «et cum spiritu tuo»-ն[37]
կհարմարացնեմ ձեր «dominus vobiscum»-ին[38]։ Վերջապես, կարծում եմ, այնքան էլ դժվար չի ձեր շուրջը գնալ ու գալ, ինչպես կատուն տաք շիլայի շուրջը։ Իսկ ձեր ձեռքերը լվանալն ու սափորից գինի լցնելը…— Լա՛վ,— ասաց ֆելդկուրատը։— Միայն թե իմ սկիհի մեջ ջուր չլցնեք։ Տեսեք ի՛նչ եմ ասում․ ավելի լավ կլինի հենց հիմա մյուս սափորի մեջ էլ գինի լցնեք։ Եվ ասենք, ես ինքս ձեզ կհուշեմ, թե երբ գնաք դեպի աջ, երբ՝ դեպի ձախ։ Եթե մի անգամ շվացնեմ՝ կնշանակի «դեպի աջ», երկու անգամ՝ «դեպի ձախ»։ Աղոթագիրքն այնքան էլ շուտ-շուտ մոտս չբերեք։ Առհասարակ այդ ամենը դատարկ բան է։ Չե՞ք վախենում։
— Ես ոչինչից չեմ վախենում, պարոն ֆելդկուրատ,— նույնիսկ չեմ վախենում մինիստրանտ դառնալուց։
Ֆելդկուրատը ճիշտ էր ասում, թե առհասարակ այդ ամենը դատարկ բան է։ Ամեն ինչ ընթացավ հարթ ու սահուն։
Ֆելդկուրատի ճառը հույժ լակոնիկ էր.
— Զինվորնե՛ր,— մենք այստեղ հավաքվել ենք նրա համար, որ ռազմի դաշտ գնալուց առաջ մեր սիրտը դարձնենք առ աստված. թող հաղթանակ պարգևի նա ձեզ և անվնաս պահի։ Ես ձեզ երկար չեմ զբաղեցնի, ցանկանում եմ ամենայն բարիք։
— Ruht![39]
— հրամայեց ծեր գնդապետը ձախ թևում։