Դաշտային պատարագն այն պատճառով է կոչվում դաշտային, որ ենթարկվում է նույն օրենքներին, որոնց ենթարկվում է և ռազմական տակտիկան ռազմի դաշտում։ Երեսունամյա պատերազմի ժամանակ, զորքերի երկարատև զորաշարժերի պայմաններում, դաշտային պատարագներն էլ շատ երկար էին տևում։
Ժամանակակից տակտիկայի պայմաններում, երբ զորքերի տեղաշարժերն արագացել են, դաշտային պատարագն էլ պետք է արագ կատարվի։
Պատարագը տևեց ուղիղ տասը րոպե։ Մոտիկ կանգնածներին շատ անհասկանալի էր թվում, թե ինչու պատարագի ժամանակ ֆելդկուրատը շվշվացնում է։
Շվեյկը ձեռաց որսում էր ազդանշանները, հայտնվում, գահի մերթ աջ, մերթ ձախ կողմում և արտասանում միայն «Et cum spiritu tuo»։ Դա նման էր այն պարին, որ հնդիկները կատարում են զոհասեղանի շուրջը։ Բայց ընդհանուր առմամբ այդ ամենը շատ լավ տպավորություն էր գործում և փարատում այն ձանձրույթը, որ պատճառում էր փոշոտ, մռայլ վարժադաշտն իր սալորենիների ծառուղիով ու հետևի պլանում երևացող արտաքնոցներով։ Արտաքնոցների հոտը փոխարինում էր գոթական տաճարների խնկի միստիկական բույրին։ Բոլորի տրամադրությունը շատ լավ էր։ Գնդապետին շրջապատող սպաներն իրար անեկդոտներ էին պատմում։ Այնպես որ ամեն ինչ կարգին էր։ Զինվորների մեջ մերթ այստեղ, մերթ այնտեղ լսվում էր. «Տուր մի ղում քաշեմ»։ Եվ զոհաբերության ծխի պես դեպի երկինք էին բարձրանում թութունի ծխի կապտավուն ամպիկները։ Ծխել սկսեցին նույնիսկ բոլոր ենթասպաները, երբ տեսան, որ ինքը՝ գնդապետն էլ վառեց ծխախոտը։
Վերջապես, հնչեց «Zum Gebet»[40]
հրամանը, փոշի բարձրացավ, և զինվորական մունդիրների գորշ քառակուսին ծունկ չոքեց պորուչիկ Վիտինգերի սպորտային գավաթի առաջ, որը նա շահել էր Վիեննա-Մեդլինգ մրցավազքի ժամանակ։Գավաթը լիքն էր, և ֆելդկուրատի ամեն մի ձեռնածությանը հետևում էին զինվորների համակրական բացականչությունները։
— Կում էր, հա՜,— հնչում էր շարքից շարք։
Ծեսը կրկնվեց երկու անգամ։ Այնուհետև նորից հնչեց «աղոթքի՛» հրամանը, երգչախումբը որոտագին երգեց «Պահպանիր, տե՛ր, թագավորին»։ Ապա հետևեցին «շարքի՛» և «քայլո՛վ մարշ» հրամանները։
— Այնոյինը հավաքեցեք,— ասաց ֆելդկուրատը Շվեյկին, գլխով ցույց տալով շարժական բեմը։— Որտեղից ինչ որ վերցրել ենք, պետք է տանենք ետ տանք։
Նրանք մեկնեցին միևնույն կառքով և ազնվաբար վերադարձրին ամեն ինչ, բացի մի շիշ եկեղեցական գինուց։
Երբ տուն վերադարձան և, կառքը դանդաղ քշած լինելու համար, դժբախտ կառապանին ուղարկեցին իր վարձը պարետային վարչությունից ստանալու, Շվեյկը դիմեց ֆելդկուրատին.
— Համարձակվում եմ հարցնել, պարոն ֆելդկուրատ, մինիստրանտն էլ պետք է պատկանի նույն դավանանքին, ինչ քահանան, որին նա սպասարկում է։
― Իհարկե,— պատասխանեց ֆելդկուրատը,― այլապես պատարագը անվավեր կլինի։
— Պարոն ֆելդկուրատ, մեծ սխալ է տեղի ունեցել,— ասաց Շվեյկը։— Ախր, ես հավատացյալ չեմ։ Բախտս չի բանում, էլի։
Ֆելդկուրատը նայեց Շվեյկին, մի պահ լռեց, ապա ձեռքով խփեց նրա ուսին ու ասաց.
— Խմեցեք եկեղեցական գինին, որ իմ խմելուց հետո մնացել է շշի մեջ, և ձեզ վերստին համարեցեք եկեղեցու գիրկը վերադարձած։
Աստվածաբանական բանավեճ
Պատահում էր, որ Շվեյկը օրերով չէր տեսնում զինվորների հոգիների հովվին։ Իր հոգևոր պարտականությունները ֆելդկուրատը զուգակցել էր քեֆերի հետ և տուն էր գալիս բավական հազվադեպ, այն էլ ոտից գլուխ աղտոտված ու ցեխոտ, ինչպես կատուն տանիքների վրա զբոսնելուց հետո։
Տուն գալուց հետո ֆելդկուրատը, եթե առհասարակ դեռ ի վիճակի էր խոսելու, քնելուց առաջ Շվեյկի հետ զրուցում էր բարձր նյութերից, հոգևոր էքստազի և մտածողության պատճառած խնդության մասին, իսկ երբեմն նույնիսկ փորձում էր Հայնեից մեջբերումներ անել։
Շվեյկը ֆելդկուրատի հետ մի դաշտային պատարագ էլ կատարեց սակրավորների մոտ, ուր սխալմամբ հրավիրված էր նաև մի ուրիշ ֆելդկուրատ, որ դպրոցի նախկին կրոնուսույց էր, չափազանց աստվածավախ անձնավորություն։ Սա շատ զարմացած նայեց իր կոլեգա Կացին, երբ նա առաջարկեց մի կում կոնյակ անուշ անել այն տափաշշից, որ Շվեյկը հետը ման էր ածում կրոնական ծեսեր կատարելիս։
— Լա՛վ կոնյակ է,— ասաց Օտտո Կացը։— Խմեցեք ու գնացեք տուն։ Ես ինքս ամեն ինչ կանեմ։ Ես այսօր պետք է մաքուր օդում լինեմ, թե չէ գլուխս, չգիտեմ ինչու, ցավում է։
Աստվածավախ ֆելդկուրատը գլուխն օրորեց ու գնաց, իսկ Կացը, ինչպես միշտ, իր դերը փայլուն կերպով կատարեց։ Այս անգամ նա աստծո արյուն դարձրեց սոդաջրախառն գինին, և քարոզը սովորականից ավելի երկար տևեց, ըստ որում ամեն մի երեք բառից մեկն էր կամ «և այլն»-ը, կամ «անտարակույս»-ը։
— Զինվորնե՛ր, այսօր դուք գնում եք ռազմաճակատ և այլն։ Ուրեմն, ուղղեցեք ձեր սիրտն առ աստված և այլն։ Անտարակույս։ Ձեզնից ոչ ոք չգիտի, թե ձեզ ինչ կպատահի։ Անտարակույս։ Եվ այլն։
Բեմի մոտ շարունակում էին թնդալ «և այլն» ու «անտարակույս»-ը աստծո և ամենայն սրբոց անունների հետ մեջընդմեջ։
Էքստազով և հռետորական ավյունով համակված, ֆելդկուրատը իշխան Եվգենի Սավոյսկուն դարձրեց մի սուրբ, որը սակրավորներին պետք է պահպանի պոնտոնային կամուրջներ կառուցելիս։
Այնուամենայնիվ դաշտային պատարագն ընթացավ առանց որևէ անախորժության, հաճելի և ուրախ։ Սակրավորները մի կուշտ զվարճացան։
Տուն վերադառնալիս Շվեյկին և ֆելդկուրատին չէին ուզում թույլ տալ, որ իրենց ծալովի բեմով տրամվայ մտնեն։ Բայց Շվեյկը կոնդուկտորին սպառնաց.
— Տես, հա՜, այս սուրբ բեմը գլխովդ կտամ։
Վերջապես տուն հասնելով, նրանք հանկարծ նկատեցին, որ ճանապարհին մասնատուփը կորցրել են։