Շվեյկը նրա սիրտը լցրեց անսպառ հույսերով, ասաց, թե ժամը վեցին կգա, և գնաց իր բարեկամ Բլագնիկին հայտնելու, թե շունն ուտում է ամեն տեսակ լյարդ։
— Ես նրան կհյուրասիրեմ տավարի լյարդով,— որոշեց Բլագնիկը։— Տավարի լյարդի շնորհիվ էր, որ իմ կարթն ընկավ գործարանատեր Վիրդայի սեն-բերնարը, մի շատ հավատարիմ շուն։ Էգուց ես քեզ համար այդ շունը կբերեմ միանգամայն սարքին վիճակում։
Բլագնիկն իր խոսքը կատարեց։ Առավոտյան, երբ Շվեյկը սենյակները հավաքել-պրծել էր, դռան հետևից հաչոց լսվեց, և Բլագնիկը քաշքշելով բնակարան մտցրեց նրան դիմադրող պինչերին, որի մազերը գզգզված էին ավելի, քան գզգզել էր բնությունը։ Շունը վայրենաբար աչքերը պտտում և մռայլված նայում էր ինչպես մի սոված վագր, որի վանդակի առաջ կանգնած է կենդանաբանական այգու մի պարարտ այցելու։ Նա ատամները կրճտացնում ու գռմռում էր, կարծես ասելով. «Կպատառոտե՛մ, կլափե՛մ»։
Շանը կապեցին խոհանոցի սեղանի ոտից, և Բլագնիկը մի առ մի պատմեց նրա օտարացման ամբողջ ընթացքը.
— Դիտմամբ անցա նրա մոտով, իսկ ձեռքիս պահել եմ թղթի միջ փաթաթած խաշած լյարդը։ Սկսեց հոտոտել և շուրջս թռչկոտել։ Ես լյարդը չեմ տալիս, շարունակում եմ առաջ գնալ։ Նա իմ ետևից։ Այն ժամանակ զբոսայգուց ճանապարհս ծռեցի դեպի Բրեդովսկայա փողոցը և այնտեղ նրան տվի առաջին պատառը։ Ուտում էր վազելով, որպեսզի ինձ աչքից չկորցներ։ Թեքվեցի դեպի Ինդրժիշսկա փողոցը և նետեցի երկրորդ պատառը։ Երբ կերել-կշտացել էր, բռնեցի շղթայից և Վացլավի հրապարակով նրան քարշ տվի Վինոգրադի, ուղիղ մինչև Վրշովիցի։ Ճանապարհին նա ուղղակի հրաշք բաներ էր անում։ Երբ անցնում էի տրամվայի գիծը, պառկեց ռելսերի վրա և չէր ուզում տեղից շարժվել։ Երևի ուզում էր տրամվայի տակ ընկնել… Ահա, ի դեպ, մի մաքուր բլանկ եմ բերել ատեստատի համար։ Ֆուքսի գրենական պիտույքների խանութից եմ առել։ Չէ՞ որ դու, Շվեյկ, շան ատեստատ կեղծելու վարպետ ես։
— Դա պետք է գրված լինի քո ձեռքով։ Գրիր, որ շունը ծնված է Լյապցիգում, ֆոն Բյուլովի շնանոցում։ Հայրը՝ Արնհայմ ֆոն Կալսբերգ, մայրը՝ էմմա ֆոն Տրաուտենսդորֆ, որը սերում է Զիգֆրիդ ֆոն Բուզենտալից։ Հայրը Բեռլինի 1912 թվականի ախոռասուն պինչերների ցուցահանդեսում ստացել է առաջին մրցանակ։ Մայրը պարգևատրված է ցեղական շների բուծման Նյուրենբերգի ընկերության ոսկե մեդալով։ Ինչ ես կարծում, քանի՞ տարեկան կլինի։
— Որ ատամներին նայես՝ երկու։
— Գրիր՝ մեկուկես։
— Ականջները վատ են կտրել, Շվեյկ։ Հապա մի նայիր ականջները։
— Դա կարելի է շտկել։ Տակից կկտրենք հետո, երբ նա մեզ ընտելացած լինի։ Թե չէ հիմա կարող է ավելի գազազել։
Առևանգվածը կատաղաբար գռմռում էր, փնչում, դեսուդեն ընկնում և, վերջապես, լեզուն հանած, հոգնած պառկեց և սկսեց սպասել, թե էլ ինչ են անելու իր գլխին։ Կամաց-կամաց նա սկսեց հանգստանալ և միայն երբեմն աղիողորմ վնգստալ։
Շվեյկը շանն առաջարկեց լյարդի մնացած մասը, որը նրան տվել էր Բլագնիկը։ Սակայն շունը նույնիսկ չմոտեցավ դրան։ Նա միայն նայեց լյարդին և նրանց երկուսի վրա մի այնպիսի հայացք նետեց, որ կարծես ուզում էր ասել. «Դրա պատճառով ես արդեն մի անգամ դաղվել եմ։ Ինքներդ լափեցեք»։
Շունը պառկած էր խոնարհ տեսքով և ձևանում էր, թե նիրհում է, բայց հանկարծ մտքով ինչ-որ բան անցավ և, կանգնելով հետևի թաթերի վրա, առջևի թաթերով սկսեց խնդրել։ Շունն անձնատուր էր լինում։
Բայց այդ հուզիչ տեսարանը Շվեյկի վրա ոչ մի ներգործություն չունեցավ։
— Պառկի՛ր,— գոռաց նա շան վրա։
Թշվառականը պառկեց, աղիողորմ վնգստալով։
— Ատեստատի մեջ ի՞նչ անուն տանք դրան,— հարցրեց Բլագնիկը։ Առաջ անունը Լյուքս էր։ Հարկավոր է մի նման անուն գտնել, որ իսկույն հասկանա։
—Եկ անունը դնենք Մաքս։ Տե՛ս, Բլագնիկ, ականջներն ինչպես շարժեց։ Վե՛ր կաց, Մաքսիկ։
Դժբախտ պինչերը, որին զրկել էին և՛ հայրենի հարկից, և՛ իսկական անունից, տեղից վեր կացավ, սպասելով նոր հրամանների։
— Կարծում եմ, կապը կարելի է արձակել,— որոշեց Շվեյկը։— Տեսնենք ինչ կանի։
Երր կապն արձակեցին, շունն իսկույն մոտեցավ դռանը։ Նա երեք անգամ ընդհատ-ընդհատ հաչեց դռան ճարմանդի վրա, ըստ երևույթին, ապավինելով այդ չար մարդկանց մեծահոգությանը։ Սակայն տեսնելով, որ մարդիկ չեն հասկանում այդտեղից դուրս գալու իր ցանկությունը, նա դռան մոտ մի լճակ գոյացրեց, համոզված լինելով, որ դրա համար իրեն դուրս կշպրտեն, ինչպես անում էին իր պատանեկության օրերին, երբ գնդապետը խստորեն, զինվորականավարի նրան սովորեցնում էր մաքրություն պահպանել։
Այդ բանն անելու փոխարեն Շվեյկն ասաց․
— Համա՜ թե խորամանկ շուն է։ Դա ուղղակի ճիզվիտական օյին էր։
Շվեյկը կաշեփոկով հարվածեց Մաքսին և նրա դունչը խոթեց լճակի մեջ, այնպես որ շունը երկար ժամանակ չէր կարողանում իրեն լպստել ու մաքրել։ Շունը վիրավորանքից վնգստաց և սկսեց վազվզել խոհանոցում, հուսահատաբար հոտոտելով իր սեփական հետքը։ Հետո առանց մի այլևայլության մոտեցավ սեղանին, կերավ հատակին դրված լյարդի մնացորդը, պառկեց վառարանի մոտ ու քնեց իր բոլոր ձախորդություններից հետո։
— Քեզ ինչքա՞ն եմ պարտք,— հարցրեց Շվեյկը Բլագնիկին հրաժեշտ տալիս։
— Այդ մասին չխոսենք, Շվեյկ,— մեղմաբար ասաց Բլագնիկը։— Հին ընկերոջ համար ես պատրաստ եմ ամեն ինչ անել, մանավանդ, եթե նա զինվորական ծառայության մեջ է։ Մնաս բարով, հոգյակս, և երբեք նրան Հավլիչկովա հրապարակով չանցկացվես, որ փորձանք չպատահի։ Եթե էլի որևէ շան կարիք ունենաս, ապա հո գիտես, թե որտեղ եմ ապրում։