Читаем Քաջարի զինվոր Շվեյկի արկածները полностью

Նրանք փողոց դուրս եկան, և պորուչիկ Լուկաշը դիմեց դեպի Պրիշկոպ, որտեղ, Պանսկա փողոցի անկյունում, ժամադրվել էր մի դամայի հետ։ Պորուչիկը խորասուզվեց պաշտոնական գործերին վերաբերվող մտածումների մեջ։ Վաղն ինչի՞ մասին դասախոսություն կարդալ հոժարականների դպրոցում։ Ինչպե՞ս ենք մենք նշում որևէ լեռան բարձրությունը։ Ինչո՞ւ բարձրությունը միշտ հաշվում ենք ծովի մակերևույթից։ Ինչպե՞ս ենք ծովի մակերևույթի հիման վրա հաշվում լեռան բարձրությունը ստորոտից… Ինչի՞ համար է ռազմական մինիստրությունը այդպիսի բաներ մտցնում դպրոցական ծրագրի մեջ։ Դրանք պետք կգան միայն հրետանավորներին։ Չէ՞ որ, վերջապես, կան գլխավոր շտաբի քարտեզներ։ Երբ հակառակորդը գտնվի 312 բարձունքի վրա, այլևս ժամանակ չի լինի մտածելու, թե ինչու այդ բլուրի բարձրությունը ծովի մակերևույթից է հաշված և կամ ինչպես պետք է հաշվել այդ բարձրությունը։ Բավական է քարտեզին նայել, և ամեն ինչ պարզ կլինի։

Պանսկա փողոցին մոտենալիս պորուչիկ Լուկաշի մտածումներն ընդհատեց մի խիստ «Halt»[47]։

Այդ բղավոցի հետ միաժամանակ շունն սկսեց պորուչիկի ձեռքից պոկին տալ և ուրախ-ուրախ հաչալով նետվեց դեպի այդ խիստ «Halt»-ն արտաբերած մարդը։

Պորուչիկի առաջ կանգնած էր գնդապետ Ֆրիդրիխ Կրաուս ֆոն Ցիլլերգուտը։ Լուկաշը պատիվ տվեց, կանգ առավ ու սկսեց արդարանալ, թե նրան չի տեսել։

Գնդապետ Կրաուսը սպաների շրջանում հայտնի էր իրեն պատիվ չտալու համար մարդկանց կանգնեցնելու իր մոլությամբ։

Պատիվ տալը նա համարում էր այն գլխավորը, որից կախված է հաղթանակը և որի վրա հիմնված է Ավստրիայի ռազմական ողջ հզորությունը։

«Պատիվ տալիս զինվորը պետք է դրա մեջ ներդնի իր ողջ հոգին»,— ասում էր նա, և այդ բառերի մեջ ամփոփված էր մի ֆելդֆեբելական խորունկ միստիցիզմ։

Նա խստիվ հետևում էր, որ պատիվը տրվեր համաձայն բոլոր կանոնների, բոլոր նրբություններով, միանգամայն ճշտիվ ու լրջորեն։ Նա դարանում էր իր մոտով անցնող յուրաքանչյուրին, շարքայինից սկսած մինչև փոխգնդապետը։ Այն շարքայիններին, որոնք անփույթ կերպով էին ձեռքները տանում դեպի հովարը, կարծես ասելով՝ «հարգանքներս», նա անձամբ ինքն էր տանում զորանոց՝ տույժի ենթարկելու։

«Ես ձեզ չտեսա» պատճառաբանությունը նրա համար գոյություն չուներ։

«Զինվորը,― ասում էր նա,— բազմության մեջ էլ պետք է որոնի իր պետին և մտածի միայն այն պարտականությունները կատարելու մասին, որ նրան պարտադրում է կանոնագիրքը։ Ռազմի դաշտում ընկնելիս, նա մեռնելուց առաջ էլ պետք է պատիվ տա։ Ով պատիվ տալ չգիտե, կամ ձևանում է, թե պետին չի տեսնում, կամ ով անփույթ կերպով է պատիվ տալիս, իմ աչքին մարդ չէ, այլ անասուն»։

— Պարոն պորուչիկ,— ահեղաբար ասաց գնդապետ Կրաուսը,— կրտսերները պարտավոր են ավագներին պատիվ տալ։ Դա չեղյալ չի հայտարարված։ Իսկ, երկրորդ, այդ ո՞ր օրվանից է, որ պարոն սպաների համար մոդա է դարձել զբոսնելու դուրս, գալ գողացված շների հետ։ Այո՛, գողացված։ Այն շունը, որ պատկանում է ուրիշի, գողացված շուն է։

— Այս շունը, պարոն գնդապետ․․․— ուզում էր առարկել պորուչիկ Լուկաշը։

— ․․․պատկանում է ինձ, պարոն պորուչիկ,— կոպտաբար ընդհատեց նրան գնդապետը։— Սա իմ Լյուքսն է։

Իսկ Լյուքսը կամ Մաքսը, հիշելով հին տիրոջը, իր սրտից բոլորովին դուրս նետեց նորին և, պորուչիկի ձեռքից դուրս պրծնելով, արտահայտեց այնպիսի ուրախություն, որ ընդունակ է արտահայտել վեցերորդ դասարանի գիմնազիստը, որն իր սիրո առարկայի սրտում փոխադարձ սեր է նկատել․․․

— Գողացված շների հետ զբոսնելը, պարո՛ն պորուչիկ, բնավ համատեղելի չէ սպայական պատվի հետ։ Դուք չգիաեի՞ք։ Սպան իրավունք չունի շուն գնելու, եթե նախապես համոզված չէ, որ այդ գնումը վատ հետևանքներ չի ունենա,— որոտում էր գնդապետ Կրաուսը, շոյելով Լյուքս-Մաքսին, որն ստորաբար սկսել էր պորուչիկի վրա գռմռալ ու ատամները կրճտացնել, կարծես գնդապետը նրան քըս էր տալիս ու ասում. «Բռնի՛ր, բռնիր դրան»։

— Պարոն պորուչիկ,— շարունակեց գնդապետը,― արդյոք դուք ձեզ համար ընդունելի՞ բան եք համարում գողացված ձիով շրջել։ Արդյոք «Բոհեմիա»-ում և «Տագելբլատ»-ում կարդացե՞լ եք իմ այն հայտարարությունը, թե պինչերս կորել է․․․ Կամ գուցե դուք չե՞ք կարդում այն հայտարարությունները, որ ձեր պետը տպել է տալիս թերթերում։

Գնդապետը ձեռքերն իրար զարկեց։

— Ա՜յ քեզ երիտասարդ սպաներ։ Էլ ո՞ւր մնաց կարգապահությունը։ Գնդապետը հայտարարություններ է տալիս թերթերում, իսկ պորուչիկը դրանք չի կարդում։

«Լավ կլիներ մի երկու դըրբ հասցնեի ռեխիդ, քոպակի մեկը»,— մտածեց պորուչիկը, նայելով գնդապետի բակենբարդներին, որոնցով նա նման էր օրանգուտանգի։

— Մի րոպե առաջանանք միասին,— ասաց գնդապետը, և նրանք քայլեցին, շարունակելով իրենց անուշիկ զրույցը։

— Ռազմաճակատում, պարոն պորուչիկ, երկրորդ անգամ ձեզ այդպիսի բան չի պատահի։ Թիկունքում գողացված շների հետ զբոսնելն անպայման շատ տգեղ երևույթ է։ Այո՛։ Զբոսնել պետի շա՜ն հետ։ Այն ժամանակ, երբ ռազմի դաշտերում մենք ամեն օր հարյուրավոր սպաներ ենք կորցնում… Իսկ այդ միջոցին մարդիկ հայտարարությունները չեն կարդում։ Ուրեմն, ես կարող էի շանս կորստյան մասին հայտարարություններ տալ հարյուր տարի շարունակ։ Երկուհարյուր տարի։ Երեքհարյուր տարի։

Գնդապետը բարձրաձայն խնչեց, որը միշտ նշան էր այն բանի, որ նա խիստ գրգռված է, և ասելով.

— Կարող եք զբոսանքը շարունակել,— շուռ եկավ ու գնաց, մտրակը չարացած շպպացնելով սպայական շինելի փեշերին։

Պորուչիկ Լուկաշն անցավ փողոցի մյուս կողմը և նորից լսեց մի «Halt»։ Գնդապետը կանգնեցրել էր մի տարաբախտ պահեստի զինվորի, որն այդ ժամանակ մտածելիս էր եղել տանը մնացած մոր մասին և գնդապետին չէր նկատել։

Զինվորին խստագույնս շշպռելով, գնդապետը նրան անձամբ քարշ տվեց զորանոց՝ տույժ տալու։

Перейти на страницу:

Похожие книги

Вор
Вор

Леонид Леонов — один из выдающихся русских писателей, действительный член Академии паук СССР, Герой Социалистического Труда, лауреат Ленинской премии. Романы «Соть», «Скутаревский», «Русский лес», «Дорога на океан» вошли в золотой фонд русской литературы. Роман «Вор» написан в 1927 году, в новой редакции Л. Леонона роман появился в 1959 году. В психологическом романе «Вор», воссоздана атмосфера нэпа, облик московской окраины 20-х годов, показан быт мещанства, уголовников, циркачей. Повествуя о судьбе бывшего красного командира Дмитрия Векшина, писатель ставит многие важные проблемы пореволюционной русской жизни.

Виктор Александрович Потиевский , Леонид Максимович Леонов , Меган Уэйлин Тернер , Михаил Васильев , Роннат , Яна Егорова

Фантастика / Проза / Классическая проза / Малые литературные формы прозы: рассказы, эссе, новеллы, феерия / Романы