— Լռեցեք, անասուն, գրո՛ղը տանի ձեզ։ Դուք կա՛մ անուղղելի սրիկա եք, կա՛մ ուղտ, կա՛մ ապուշ։ Դուք մարմին առած անեկդոտ եք։ Ինձ հետ կատակ մի՛ արեք։ Որտեղի՞ց էիք բերեք շունը, որտե՞ղ էիք գտել նրան։ Արդյոք գիտե՞ք, որ շունը պատկանում է մեր գնդի հրամանատարին։ Հենց նոր նա փողոցում շունը խլեց ինձնից։ Դա նշանակում է աշխարհով մեկ խայտառակ լինել։ Ճիշտ ասացեք, գողացե՞լ եք թե ոչ։
— Բնա՛վ ոչ, պարոն օբեր-լեյտենանտ, ես շունը չեմ գողացել։
— Իսկ գիտեի՞ք, որ շունը գողացված է։
— Ճիշտ այդպես, պարոն օրեր-լեյտեննատ։ Գիտեի, որ գողացված է։
— Հիսո՜ւս Քրիստոս։ Շվե՛յկ, Himmelherrgott![48]
։ Ես ձեզ կգնդակահարեմ, անասո՛ւն, է՛շ, կղկղա՛նք։ Մի՞թե դուք այդքան ապուշ եք։— Ճիշտ այդպես, պարոն օբեր-լեյտենանտ, այդքան ապուշ։
— Ինչո՞ւ դուք ինձ գողացված շուն բերիք, ինչո՞ւ այդ խարդախին մտցրիք տունս։
― Ձեզ բավականություն պատճառելու համար, պարոն օբեր-լեյտենանտ:
Եվ Շվեյկի աչքերը բարեհոգաբար և սիրալիր նայեցին պորուչիկի դեմքին։ Պորուչիկը փլվեց բազկաթոռի վրա և հառաչեց։
— Ո՞ր մեղքիս համար աստված ինձ պատժեց այսպիսի մի անասուն տալով ինձ։
Անզոր հուսահատությամբ պորուչիկը նստել էր բազկաթոռին և զգում էր, որ ոչ միայն Շվեյկին խփելու, այլև իր համար սիգարետ փաթաթելու ուժ չունի։ Ինքն էլ չիմանալով ինչու, նա Շվեյկին ուղարկեց «Բոհեմիա» ու «Տագեբլատ» թերթերը գտնելու ու կարդալու գնդապետի հայտարարությունները շան կորստյան մասին։
Շվեյկը վերադարձավ ձեռքին մի թերթ՝ հայտարարությունների էջը բացած։ Նա ոտից-գլուխ շողում էր և ուրախ-ուրախ զեկուցեց․
— Ահա՛, պարոն օբեր-լեյտենանտ։ Պարոն գնդապետն այնպես փառավորապես է նկարագրում այդ գողացված պինչերը, որ կարդալիս մարդու քեֆ է գալիս, և դեռ հարյուր կրոն հատուցում է խոստանում բերողին։ Շատ օրինավոր հատուցում է։ Սովորաբար այդպիսի դեպքում հիսուն կրոն են տալիս։ Բոժետախ անունով մի կոշիրժեցի կար, որ հենց դրանով էր ապրում։ Նախ շունը գողանում էր, իսկ հետո թերթերի հայտարարություններից իմանում, թե ինչ շուն է կորել, և իսկույն գնում էր նշված հասցեով։ Մի անգամ մի շատ սիրուն սև պինչեր էր գողացել, և քանի որ շնատերը ոչ մի տեղ հայտարարություն չէր տալիս, փորձեց ինքը հայտարարություն տալ թերթում։ Հայտարարություն տալու վրա ուղիղ հինգ կրոն ծախսեց։ Վերջապես շան տերը գտնվեց ու ասաց, թե իսկապես դա իր կորած շունն է, բայց ինքը նրան գտնելն անհույս բան էր համարում, քանի որ արդեն մարդկանց ազնվությանը չի հավատում, սակայն հիմա իր աչքով տեսավ ու համոզվեց, որ աշխարհում դեռևս ազնիվ մարդիկ կան, և դա իրեն անկեղծ ուրախություն է պատճառում։ Ինքը ազնվության համար վարձատրելուն սկզբունքորեն դեմ է, սակայն նրան ի հիշատակ նվիրում է սենյակում և պարտեզում աճող ծաղիկների խնամքի մասին գրած իր գրքույկը։ Խեղճ Բոժետախը բռնեց սև պինչերի հետևի ոտքերից ու խփեց հիշյալ պարոնի գլխին և այդ օրվանից ուխտեց այլևս թերթերում հայտարարություններ չզետեղել։ Ավելի լավ է մարդ շունը ծախի շնանոցին, եթե ինքը շան տերը հայտարարություն չի տպում թերթերում։
— Գնացեք քնելու, Շվեյկ,— հրամայեց պորուչիկը։— Դուք ընդունակ եք մինչև առավոտ դուրս տալու։
Պորուչիկն ինքն էլ գնաց քնելու, և այդ գիշեր նա երազում տեսավ, որ Շվեյկը գահաժառանգի ձին գողացել և բերել էր նրա՝ Լուկաշի համար, իսկ գահաժառանգը զորատեսի ժամանակ ճանաչեց իր ձին, երբ նա, տարաբախտ պորուչիկ Լուկաշը, այդ ձիով սիգարշավում էր իր վաշտի առաջ։
Լուսադեմին պորուչիկն իրեն զգում էր այնպես, որ կարծես արթնացել էր խրախճալից գիշերից հետո, կարծես երեկ գլուխը թակել էին։ Գիշերը նրան տանջել էին մղձավանջային երազները։ Այդ զարհուրելի երազներից ուժասպառ, նա լուսադեմին նորից քնեց, սակայն արթնացավ դռան թակոցի ձայնից, և այդ ժամանակ հայտնվեց Շվեյկի բարեհամբույր դեմքը։ Շվեյկն եկել էր հարցնելու, թե արդյոք պորուչիկը ո՞ր ժամին կհրամայեր իրեն արթնացնել։
Պորուչիկը խուլ տնքաց.
― Դո՛ւրս կորիր, անասուն։ Սա սոսկալի՜ է․․․
Երբ պորուչիկը վեր կացավ, ապա Շվեյկը նախաճաշ մատուցելիս նրան զարմացրեց մի նոր հարցով․
― Համարձակվում եմ հարցնել, պարոն օբեր-լեյտենանտ, չէի՞ք հրամայի ձեզ համար ուրիշ շուն ճարել։
— Գիտե՞ք ինչ, Շվեյկ, ես մեծ ցանկություն ունեմ ձեզ դաշտային դատարանին հանձնելու,— ասաց պորուչիկը հառաչելով,— բայց չէ՞ որ դատավորները ձեզ կարդարացնեն, քանի որ իրենց կյանքում ձեզնից ավելի մեծ տխմար չեն տեսել։ Հապա մի ձեզ նայեցեք հայելու մեջ։ Սիրտներդ չի՞ խառնում ձեր դեմքի ապուշ արտահայտությունից։ Դուք բնության ամենահիմար խաղն եք, որ երբևէ ես տեսել եմ։ Դե՛հ, անկեղծ ասացեք, Շվեյկ, դուք ինքներդ ձեզ դո՞ւր եք գալիս։
— Բնավ ոչ, պարոն օբեր-լեյտենանտ, դուր չեմ գալիս։ Ես այս հայելու մեջ նման եմ եղևնու կոնի։ Հայելին հղկված չէ։ Ա՛յ, օրինակ, չինացի Ստանեկի խանութում մի ուռուցիկ հայելի էր դրված։ Նայողի սիրտը խառնում էր։ Բերանն, ա՛յ, այսպես, գլուխն ինչպես կեղտաջրի լագան, փորն ինչպես կանոնիկոսի՝ գարեջրով լցված փոր, մի խոսքով՝ իսկը սֆաթ։ Մի անգամ հայելու մոտով անցավ գեներալ-նահանգապետը, նայեց ինքն իրեն… և րոպեապես ստիպված եղան հայելին մեջտեղից հանել։
Պորուչիկը շուռ եկավ, հառաչեց և ավելի լավ համարեց զբաղվել սուրճով ու արաժանով, քան Շվեյկով։
Շվեյկն արդեն ջանք էր թափում խոհանոցում, և պորուչիկ Լուկաշը լսում էր նրա երգը․
Ընթանում է Գրենևիլը, գնում դհպի Պրաշնե Բրանա։
Սուրն է նրա փայլատակում, և լալիս են աղջիկները․․․
Եվ ապա.
Մենք զինվոր ենք, քաշ ենք մենք,
Ինչքան ասես փող ունենք,
Սիրուններն են մեզ սիրում,
Ամեն տեղ լավ ընդունում։
«Քեզ համար, երևի, ամեն տեղ լավ է, անզգամ»— մտածեց պորուչիկն ու թքեց։
Դռան առաջ երևաց Շվեյկի գլուխը։