Արդյոք երբևէ եղե՞լ եք շների շուկայում, արդյոք այնտեղ տեսե՞լ եք վախեցած շներ։ Նրանք բոլորը գողացված են։ Մեծ քաղաքը ստեղծել է բացառապես շնագողությամբ ապրող գողերի մի հատուկ դաս։ Կան փոքր շների տեսակներ՝ ձեռնոցի մեծության թզուկ տերյերներ, որոնք դյուրավ կտեղավորվեն վերարկուի գրպանում կամ կանացի մուֆտայի մեջ, ուր և նրանց պահում են։ Նույնիսկ այդտեղից էլ գողերը կթռցնեն ձեր խեղճ շանը։ Գերմանական բծավոր կատաղի դոգին, որ գազազած պահպանում է քաղաքից դուրս գտնվող առանձնատունը, գողանում են կես գիշերին։ Ոստիկանական շանը թռցնում են խուզարկուի քթի տակից։ Եթե դուք շանը տանում եք պարանով կապած, ապա ձեր պարանը կտրում ու անհետանում են շան հետ միասին, իսկ դուք կանգնում ու հիմարացած նայում եք պարանի կտորին։ Փողոցում ձեր տեսած շների հիսուն տոկոսը մի քանի անգամ տերեր է փոխել։ Հաճախ դուք գնում եք ձեր սեփական շունը, որին ձեզնից գողացել են մի քանի տարի առաջ, երբ դեռ լակոտ է եղել։
Սակայն գողացվելու վտանգը շանն սպառնում է ամենից շատ այն ժամանակ, երբ նրան դուրս են բերում իր ֆիզիոլոգիական փոքր ու մեծ կարիքները հոգալու։ Նրանցից շատերը կորչում են մանավանդ վերջին գործողությունը կատարելիս։ Ահա թե ինչու ամեն մի շուն այդ պահին զգուշաբար դիտում է իր շուրջը։
Շնագողության մի քանի մեթոդներ կան։ Շունը գողանում են կամ ուղղակի, անմիջականորեն, գրպան հատելու պես, կամ այդ դժբախտ արարածին նենգաբար հրապուրում են ու տանում։ Շունը հավատարիմ կենդանի է… բայց միայն քրեստոմատիաներում և բնագիտության դասագրքերում։ Ամենահավատարիմ շանը տվեք թող հոտոտի ձիու մսի մի տապակած սոսիսկի․․․ և նա կորած է։ Մոռացած իր տիրոջը, որի կողքից քայլում է, նա հետ է դառնում ու վազում ձեր ետևից։ Ըստ որում բերանից թուքը թափվում է, և նա սոսիսկին վայելելու կանխազգացումով թափահարում է պոչը և ռունգերը լայնացնում, ինչպես զամբիկի մոտ տարվող հովատակ։
Մալա Ստրանայում պալատի սանդուղքի մոտ ծվարել էր մի փոքրիկ գարեջրատուն։ Մի անգամ այդ գարեջրատան հետևի անկյունում, կիսախավարի մեջ, նստած էին երկու հոգի — մի զինվոր և մի քաղաքացի։ Գլուխ գլխի տված, նրանք խորհրդավոր կերպով փսփսում էին։ Նրանք նման էին վենետիկյան հանրապետության ժամանակվա դավադիրների։
— Ամեն օր առավոտը ժամը ութին,— փսփսալով ասում էր քաղաքացին զինվորին,— աղախինը նրան տանում է Հավլիչկա հրապարակի անկյունի զբոսապուրակը։ Բայց շան որդին գազանավարի կծում է։ Թույլ չի տալիս շոյես։
Եվ ավելի թեքվելով դեպի զինվորը՝ քաղաքացին նրա ականջին փսփսաց.
— Նույնիսկ սարդելկա չի ուտում։
— Իսկ տապակա՞ծ սարդելկա։
— Տապակածն էլ չի ուտում։
Երկուսն էլ թքեցին։
— Իսկ ի՞նչ է լափում այդ շան որդին։
— Սատանան գիտե թե ինչ։ Այնպիսի փափկասուն ու երես տված շներ կան, որ արքեպիսկոպոսը քեզ օրինակ։
Զինվորն ու քաղաքացին գավաթները չխկացրին, և քաղաքացին նորից փսփսաց.
— Մի անգամ մի շպից, որն ինձ չափազանց հարկավոր էր Կլիմովկայի մոտի շնանոցի համար, նույնպես ոչ մի կերպ իմ ձեռից սարդելկա չէր վերցնում։ Հետևից երեք օր քարշ եկա, վերջը չդիմացա և ուղղակի նրա տիրուհուն, որը նրա հետ զբոսնելու էր գնում, հարցրի, թե ախր այդ շպիցն ի՞նչ է ուտում։ Չտեսնված սիրուն շուն է, ասում եմ։ Տիրուհիս այդ խոսքից շոյվեց ու ասաց, թե նա ամենից շատ թակած կոտլետ է սիրում։ Ես նրա համար շնիցել առա։ Մտածում եմ, թե դա ավելի լավ կլինի։ Իսկ շպիցը, այդ անզգամը, շնիցելի վրա իսկի չնայեց էլ, որովհետև հորթի մսից էր, իսկ նա, դու մի ասի, խոզի մսից բացի ոչինչ չի ճանաչում։ Ստիպված եղա խոզի մսի թակած կոտլետ առնել։ Տալիս եմ հոտ քաշի, իսկ ինքս վազում եմ։ Շունն էլ իմ հետևից։ Տիրուհին սկսում է ճչալ. «Պունտիկ, Պունտիկ»։ Էլ ի՜նչ Պունտիկ, ի՜նչ բան։ Պունտիկս կոտլետի հետևից վազեցի անցավ փողոցի անկյունի այն կողմը, իսկ այնտեղ ես նրա վիզը մի շղթա դրի, մյուս օրը շունը Կլիմովկայի շնանոցում էր։ Կրծքի վրա մի քանի սպիտակ պուտեր կային, որոնք ես սև գույնով այնպես ներկեցի, որ ոչ ոք այլևս չէր ճանաչի… Բայց մյուս շները (իսկ այդպիսի շներ բավական շատ են եղել) ձիու մսի սարդելկան լավ լափում էին։ Ավելի լավ կլիներ, Շվե՛յկ, որ դու աղախնուն հարցնեիր, թե այդ շունն ամենից շատ ի՛նչ է սիրում։ Դու զինվոր ես, բոյ ու բուսաթդ տեղը, այնպես որ քեզ ավելի շուտ կասի։ Իսկ ես արդեն մի անգամ նրան հարցրել եմ, բայց այն ժամանակ նա ինձ վրա այնպես թարս նայեց, որ ջանս սռսռաց։ «Իսկ ձեր ի՞նչ գործն է»,— ասաց նա։ Տեսքին որ նայես՝ մի բան չի, իսկը մայմուն, բայց զինվորի հետ կխոսի։
— Իսկ այդ շունն իսկապե՞ս զտարյուն պինչեր է։ Իմ օբեր-լեյտենանտը ուրիշ տեսակի շան մասին լսել չի ուզում։
— Աննմա՜ն պինչեր։ Մատներդ կլիզես։ Ամենազտարյուն պինչեր։ Դա ճիշտ է նույնքան, որքան այն, որ դու Շվեյկն ես, իսկ ես Բլագնիկը։ Ինձ համար գլխավորն այն է, որ իմանամ, թե ինչ է ուտում։ Այն ժամանակ հենց դրանից էլ կտամ ուտի և նրան կբերեմ քեզ մոտ։
Երկու բարեկամները նորից չխկացրին գավաթները։