— Ամենից լավն այն կլիներ, պարոն օբեր-լեյտենանտ,— ասաց Շվեյկը,— որ ամուսինը նրա տեղն իմանար ու գար տանելու։ Չէ՞ որ դուք ասում էիք, որ ամուսինը նրան որոնում է․ այդ մասին տիկինը գրել էր այն նամակում, որ ես բերի ձեզ հանձնելու։ Հարկավոր է ամուսնուն հեռագիր տալ, թե իր կինը ձեզ մոտ է և նա կարող է գալ ու տանել, և վերջ։ Անցյալ տարի Վշենորիի վիլլաներից մեկում ճիշտ այդպիսի մի դեպք պատահեց։ Բայց այն ժամանակ կինն ինքն էր հեռագիր տվել ամուսնուն, իսկ ամուսինը եկավ նրան տանելու և ջարդեց թե՛ կնոջ և թե՛ նրա սիրեկանի ռեխը։ Բայց սիրեկանը ոչ զինվորական մարդ էր, իսկ այս դամայի ամուսինը սիրտ չի անի սպայի հետ այդպես վարվել։ Եվ, վերջապես, դուք ոչ մի մեղք չունեք, ոչ ոքի չեք հրավիրել ձեզ մոտ, իսկ եթե դաման փախել է, այդ բանն արել է իր պատասխանատվությամբ։ Կտեսնեք, հեռագիրը գործին կօգնի։ Եթե նրա ամուսինը նույնիսկ մի երկու հատ էլ շրխկացնի․․․
— Նա շատ ինտելիգենտ մարդ է,— ընդհատեց Շվեյկին պորուչիկ Լուկաշը,― ես նրան ճանաչում եմ։ Գայլուկի մեծածախ առևտուր է անում։ Նրա հետ, իհարկե, անհրաժեշտ է խոսել։ Հեռագիր կտամ։
Լուկաշի հեռագիրը լակոնիկ էր, ինչպես բոլոր առևտրական հեռագրերը.
«Ձեր տիկնոջ ներկայիս հասցեն է…»։ Ապա գալիս էր պորուչիկ Լուկաշի բնակարանի հասցեն։
Եվ ահա մի գեղեցիկ օր պանի Կետին շատ անախորժաբար զարմացավ, երբ գայլուկի մեծածախ առևտրականը ներս ընկավ Լուկաշի բնակարանը։ Նա շատ կորեկտ մարդու և հոգատար ամուսնու տեսք ուներ, երբ պանի Կետին, այդ պահին իրեն չկորցնելով, նրանց ներկայացրեց իրար.
— Ամուսինս… պարոն պորուչիկ Լուկաշ։
Եվ ուրիշ ոչինչ չգտավ ասելու։
— Նստեցեք, խնդրեմ, պա՛ն Վենդլեր,— սիրալիր առաջարկեց պորուչիկը հյուրին և ծխախոտատուփը հանելով՝ մեկնեց գայլուկավաճառին։— Չէի՞ք կամենա։
Ինտելիգենտ գայլուկավաճառը քաղաքավարությամբ մի սիգարետ վերցրեց և, ծուխը բերանից բաց թողնելով, զգուշորեն հարցրեց.
— Շուտո՞վ պիտի ռազմաճակատ գնաք, պարոն պորուչիկ։
— Ես զեկույց եմ ներկայացրել, որ ինձ տեղափոխեն Բուդեյովիցի Իննսունմեկերորդ գունդը։ Հավանաբար, կգնամ հոժարականների դպրոցում գործերս վերջացնելուն պես։ Մեզ հարկավոր են մեծ թվով սպաներ, սակայն, դժբախտաբար, ներկայումս մի տխուր երևույթ է նկատվում. հոժարականների դպրոցն ընդունվելու իրավունք ունեցող երիտասարդները չեն ձգտում օգտվել այդ իրավունքից։ Գերադասում են մնալ հասարակ շարքային զինվորի վիճակում, փոխանակ ձգտելու յունկեր դառնալ։
— Պատերազմը գայլուկի առևտրին մեծ վնաս հասցրեց։ Բայց կարծում եմ դա երկար չի տևի,— ասաց առևտրականը, նայելով մերթ իր կնոջը, մերթ պորուչիկին։
— Մեր վիճակը շատ բարենպաստ է,— ասաց պորուչիկ Լուկաշը։— Հիմա այլևս ոչ ոք չի տարակուսում, որ հաղթելու է կենտրոնական պետությունների զենքը։ Ֆրանսիան, Անգլիան, Ռուսաստանը չափազանց թույլ են ավստրո-թուրքա-գերմանական պատվարի հանդեպ։ Ճիշտ է, մի քանի ռազմաճակատներում մենք որոշ աննշան անհաջողություններ ունեցանք։ Սակայն, կասկած չի կարող լինել, որ երբ Կարպատյան լեռնաշղթայի և Միջին Դունայեցի միջև ճեղքենք ռուսական ռազմաճակատը, պատերազմը կվերջանա։ Ճիշտ այդպես էլ ֆրանսիացիներին մոտ ապագայում սպառնում է ամբողջ արևելյան Ֆրանսիայի կորուստը և, բացի դրանից, գերմանական զորքերի Փարիզ մտնելու վտանգը։ Դա միանգամայն պարզ է։ Եվ հետո պետք է հաշվի առնել և այն, որ Սերբիայում մեր զորաշարժերը չափազանց հաջող են։ Մեր զորքերի նահանջը, որ փաստորեն իրենից ներկայացնում է մի վերախմբավորում, շատերը բացատրում են միանգամայն այլ կերպ, քան պահանջում է պատերազմական ժամանակի անհրաժեշտ հասարակ սառնասրտությունը։ Շատ շուտով մենք կտեսնենք, որ մեր ռազմական գործողությունների հարավային ռազմաբեմում մեր ծրագրած մանյովրները ցանկալի արդյունք կտան։ Բարեհաճեցեք դիտել…
Պորուչիկ Լակաշը քաղաքավարաբար բռնեց գայլուկավաճառի ուսից, մոտեցրեց նրան պատից կախված ռազմական գործողությունների քարտեզին և, առանձին կետեր նշելով, շարունակեց բացատրել.
— Արևելյան Բեսկիդ․ սա մեր ամենահուսալի հենակետն է։ Կարպատյան ճակատամասերում ևս, ինչպես տեսնում եք, մենք ուժեղ հենակետ ունենք։ Մի զորեղ հարված այդ գծի ուղղությամբ, և մենք կանգ չենք առնի մինչև Մոսկվա։ Պատերազմը կվերջանա ավելի շուտ, քան մենք ենթադրում ենք։
— Իսկ Թուրքիան ի՞նչ է անում,— հարցրեց գայլուկի մեծածախ առևտրականը, մտածելով, թե ինչից սկսի, որ կարողանա մոտենալ այն գործի էությանը, որի համար եկել է։
— Թուրքերը շատ լավ են դիմանում,— պատասխանեց պորուչիկը, նորից նրան մոտեցնելով սեղանին։— Թուրքական պառլամենտի նախագահ Հալիլ-բեյը և Ալի-բեյը եկել են Վիեննա։ Դարդանելի թուրքական բանակի հրամանատար է նշանակված մարշալ Լիման ֆոն Զանդերսը։ Գոլց փաշան Կոնստանդնուպոլսից եկել է Բեռլին։ Մեր կայսրը շքանշաններով պարգևատրել է Էնվեր փաշային, փոխ-ծովակալ Իսսեդ փաշային ու գեներալ Ջևադ փաշային։ Բավակա՜ն շատ պարգևներ այդքան կարճ ժամանակում։
Մի որոշ ժամանակ բոլորն անխոս նստած էին իրար դիմաց, մինչև որ պորուչիկը հարկ համարեց ճնշող լռությունը խզել հետևյալ բառերով.
— Ե՞րբ եք բարեհաճել գալ, պան Վենդլեր։
— Այս առավոտ։
— Շատ ուրախ եմ, որ դուք ինձ գտաք տանը։ Ճաշից հետո ես միշտ գնում եմ զորանոց և ամբողջ գիշերն այնտեղ մնում։ Ես գիշերն եմ աշխատում։ Իսկ քանի որ բնակարանը, իսկապես ասած, ամբողջ օրը դատարկ է մնում, հնարավորություն ունեի տիկնոջն առաջարկել իմ հյուրընկալությունը։ Քանի դեռ նա Պրագայում է, նրան ոչ ոք չի անհանգստացնի։ Ի սեր վաղեմի ծանոթության…
Գայլուկավաճառը հազաց։