Գայլուկավաճառը լռեց։ Լռությունը խզեց պանի Կետին, որ պատրաստ էր մեկնելու։
— Ճամպրուկներս ի՞նչ անենք։
— Ես կգամ դրանք տանելու, Կետի,— ասաց գայլուկավաճառը, գոհ մնալով, որ գործը վերջացավ առանց որևէ անսպասելի արարմունքի ու անախորժ տեսարանի։— Եթե ուզում ես բան-ման գնել, ապա գնալու ժամանակն է։ Գնացքը մեկնում է երկուսն անց քսանին։
Ամուսինները մտերմաբար հրաժեշտ տվին պորուչիկին։ Գայլուկավաճառը խիստ ուրախ էր, որ այդ ամենը վերջացավ, և նախասենյակում պորուչիկին հրաժեշտ տալիս ասաց.
— Եթե, աստված չանի, պատերազմում ձեզ վիրավորեն, եկեք մեզ մոտ ապաքինվելու։ Ամենայն հոգատարությամբ կխնամենք։
Վերադառնալով ննջարան, որտեղ պանի Կետին հագնվել էր ճանապարհի համար, պորուչիկը լվացարանի վրա գտավ չորսհարյուր կրոն և հետևյալ երկտողը.
«Պարո՛ն պորուչիկ, դուք չկարողացաք ինձ պաշտպանել այդ կապիկից, իմ ամուսնուց, այդ որակյալ ապուշից։ Թույլ տվիք, որ նա ինձ վերցնի ու տանի ձեր բնակարանում ընկած որևէ իրի պես։ Բացի դրանից, դուք ձեզ թույլ տվիք նրան ասել, թե իբր ինձ առաջարկել եք ձեր հյուրընկալությունը։ Հուսամ, որ ձեզ ծախսի տակ գցել եմ ոչ ավելի, քան սույնին կցված չորսհարյուր կրոնը, որը խնդրում եմ կիսեք ձեր սպասյակի հետ»։
Պորուչիկ Լուկաշը, երկտողը ձեռքին, մի րոպե կանգնած մնաց, ապա դանդաղ պատռեց թուղթը, ժպտալով նայեց լվացարանի վրա դրված փողին և, նկատելով, որ պանի Կետին հայելու առջև սանրվելիս հուզմունքից սեղանի վրա մոռացել է սանրը, վերջինս միացրեց իր ֆետիշ-մասունքների հավաքածուին։
Ճաշից հետո վերադարձավ Շվեյկը, որ գնացել էր պորուչիկի համար պինչեր ճարելու։
— Շվե՛յկ,― ասաց պորուչիկը,— ձեր բախտը բանել է։— Այն դաման, որ ապրում էր ինձ մոտ, գնաց։ Նրան տարավ իր ամուսինը։ Իսկ այն բոլոր ծառայությունների համար, որ դուք մատուցել եք նրան, նա լվացարանի վրա թողել է չորսհարյուր կրոն։ Դուք պետք է ինչպես հարկն է շնորհակալություն հայտնեք նրան, ինչպես և նրա ամուսնուն, որովհետև փաստորեն դա ամուսնու փողն է, որը կինը վերցրել է ճանապարհի համար։ Ես կթելադրեմ ձեր նամակը։
Եվ նա թելադրեց.
«Ողորմա՛ծ պարոն․ Բարեհաճեցեք իմ խորին շնորհակալությունը հաղորդել ձեր տիկնոջն այն չորսհարյուր կրոնի համար, որ նա ինձ նվիրել է իր Պրագայում եղած ժամանակ իրեն մատուցած ծառայություններիս համար։ Այն ամենը, ինչ ես արել եմ նրա համար, արել եմ հաճույքով և այդ իսկ պատճառով չեմ կարող ընդունել այդ փողը և ուղարկում եմ․․․»։ Դե՛հ, շարունակեցեք գրել, Շվեյկ։ Ի՞նչ եք մլմլում։ Որտե՞ղ կանգ առա։
— «․․․և ուղարկում եմ․․․»— ողբերգական բեկբեկուն ձայնով շշնջաց Շվեյկը։
— Այդպե՛ս, շատ լավ է․ «․․․և ուղարկում եմ խորին հարգանացս հավաստիքներով հանդերձ։ Հղում եմ հարգալից ողջույն և համբուրում ձեր տիկնոջ ձեռքը։ Յոզեֆ Շվեյկ, պորուչիկ Լուկաշի սպասյակ…»։ Պատրա՞ստ է։
— Բնավ ոչ, պարոն օբեր-լեյտենանտ, ամսաթիվը չկա։
«20-ը դեկտեմբերի, 1914 թիվ»։ Այդպես։ Իսկ հիմա ծրարի վրա գրեցեք հասցեն, վերցրեք այդ չորսհարյուր կրոնը, տարեք փոստ և ուղարկեցեք նույն հասցեով։
Եվ պորուչիկ Լուկաշն սկսեց ուրախ-ուրախ մի արիա սուլել «Մարդաթող այրին» օպերայից։
— Հա՛, մի բան էլ, Շվեյկ,— ասաց պորուչիկը, երբ Շվեյկը գնում էր փոստ։— Ի՞նչ եղավ այն շունը, որին գտնելու էիք գնացել։
— Մի հարմար շուն կա, պարոն պորուչիկ։ Զարմանալի գեղեցիկ շուն է։ Բայց ձեռք բերելը դժվար կլինի։ Այնուամենայնիվ, գուցե վաղը բերեմ։ Կծում է։
VI
Պորուչիկ Լուկաշը վերջին բառը լավ չլսեց, մինչդեռ այդ բառը շատ նշանակալից էր։
«Շան որդին բռնում է ինչից որ պատահի»— ուզում էր կրկնել Շվեյկը, բայց ի վերջո մտածեց. «Իսկապես ասած, պորուչիկի ի՞նչ գործն է դա։ Նա ուզում է շուն ունենալ, և ուզածը կստանա»։
Հեշտ է, իհարկե, ասել․ «Ինձ մի շուն բերեք»։ Չէ՞ որ ամեն մի շնատեր աչալուրջ հետևում է իր շանը, նույնիսկ ոչ զտարյուն շանը։ Նույնիսկ այն Քուչիկին, որն իր պառավ տիրուհու ոտքերը տաքացնելուց բացի ուրիշ ոչ մի բանի ընդունակ չէ, տիրուհին սիրում է ու պաշտպանում։
Շունն ինքը, մանավանդ զտարյուն շունը, բնազդաբար զգում է, որ մի գեղեցիկ օր իրեն թռցնելու են իր տիրոջ ձեռքից։ Նա շարունակ ապրում է վախենալով, որ իրեն կգողանան, անպայման կգողանան զբոսանքի ժամանակ։ Օրինակ, շունը հեռու է վազում տիրոջից, սկզբում զվարճանում, թռվռում է, խաղ անում ուրիշ շների հետ, թռչում է նրանց վրա, նրանք էլ իր վրա, հաշվի չառնելով ոչ մի բարոյականություն, հոտոտում է թումբերը, ոտքը վեր բարձրացնում ամեն մի անկյունում։ Ի դեպ, այդ բանն անում է նաև մանրավաճառուհու մոտ դրված կարտոֆիլի զամբյուղի վրա,— մի խոսքով, ուզածին պես կյանք է վայելում։ Աշխարհը նրան, ինչպես այն պատանուն, որ հաջող է հանձնել հասունության քննությունը, թվում է հիրավի գեղեցիկ։
Բայց հանկարծ դուք նկատում եք, որ նրա կայտառությունն իսպառ չքանում է. շունն սկսում է զգալ, որ ինքը կորած է։ Այդ ժամանակ նրան հուսահատություն է պատում։ Նա վախեցած հետ ու առաջ է վազում փողոցում, քթով հոտվտում, վնգստում և, բոլորովին հուսահատված, պոչը ոտքերի արանքը քաշած, ականջները դեպի ետ ծալած, սկսում է փողոցի մեջտեղում դեսուդեն նետվել, ինքն էլ չիմանալով, թե ուր։
Եթե նա կարողանար խոսել, ապա անպայման կգոռար. «Հիսո՛ւս Քրիստոս, ինձ գողանալու են»։