Սրանից մի քանի տարի առաջ Սվիտավա կայարանի պետն էր պան Վագները։ Համա՜ թե անխիղճ մարդ էր։ Ամեն մի դատարկ բանի համար ստորադրյալների հոգին հանում էր, սակայն ամենից շատ նեղում էր սլաքավար Յունգվիրտին, մինչև որ խեղճը հուսահատությունից վազեց ու իրեն գցեց գետը։ Բայց կյանքին վերջ տալուց առաջ Յունգվիրտը կայարանապետին մի նամակ էր գրել, թե գիշերները պիտի վախեցնի նրան։ Ե՛ս իմ հոգին, սուտ չեմ ասում։ Եվ ասածը արեց։ Եվ ահա գիշերը կայարանապետը նստած է հեռագրական ապարատի մոտ, մեկ էլ հանկարծ հնչում է զանգը, և նա ընդունում է հետևյալ հեռագիրը. «Ի՞նչ հալի ես, սրիկա, Յունգվիրտ»։ Դա շարունակվեց մի ամբողջ շաբաթ, և կայարանապետը ի պատասխան այդ ուրվականի հեռագրի, սկսեց բոլոր ուղղություններով ուղարկել հետևյալ պաշտոնական հեռագիրը. «Ներիր ինձ, Յունգվիրտ»։ Իսկ գիշերն ապարատը նրա համար թխկթխկացրեց այսպիսի մի պատասխան. «Կախվիր կամրջի մոտի սիմաֆորից։ Յունգվիրտ»։ Կայարանա պետը կատարեց նրա պահանջը։ Հետո դրա համար ձերբակալեցին հարևան կայարանի հեռագրիչին։ Տեսնո՞ւմ եք, երկնքի և երկրի միջև այնպիսի բաներ են տեղի ունենում, որոնց մասին մենք նույնիսկ գաղափար չունենք։
Գնացքը, մոտեցավ Թաբոր կայարանին, և Շվեյկը կոնդուկտորի հետ գնացքից իջնելուց առաջ, ինչպես պահանջվում էր զեկուցեց պորուչիկ Լուկաշին.
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ինձ տանում են կայարանապետի մոտ։
Պորուչիկ Լուկաշը չպատասխանեց։ Նրան համակել էր մի կատարյալ անտարբերություն։
«Թքել եմ ամեն ինչի վրա,— անցավ նրա մտքով,— և՛ Շվեյկի, և՛ դիմացս նստած ճաղատ գեներալ-մայորի վրա։ Ինձ մնում է հանգիստ նստել գնացքում, Բուդեյովիցիում իջնել գնացքից, գնալ զորանոց և առաջին իսկ երթային վաշտի հետ մեկնել ռազմաճակատ, ռազմաճակատում ճակատս դեմ անել թշնամու գնդակին և հեռանալ այս թշվառ աշխարհից, ուր Շվեյկի նման մի սրիկա է թրև գալիս»։
Երբ գնացքը կանգ առավ, պորուչիկ Լուկաշը լուսամուտից դուրս նայեց և կառամատույցում տեսավ Շվեյկին, որը կայարանապետի հետ լուրջ խոսակցությամբ էր տարված։ Նա շրջապատված էր մի բազմությամբ, որի մեջ կարելի էր նկատել երկաթուղայինների համազգեստներ։
Պորուչիկ Լուկաշը հառաչեց։ Բայց դա ափսոսանքի հառաչ չէր։ Երբ նա տեսավ, որ Շվեյկը մնաց կառամատույցում, սրտանց ուրախացավ։ Հիմա նույնիսկ ճաղատ գեներալ-մայորը նրան այնքան էլ գարշելի հրեշ չէր թվում։
Գնացքն արդեն վաղուց էր փնչում Չեխական Բուդեյովիցիի ուղղությամբ, իսկ Թաբորի կայարանի կառամատույցում Շվեյկին շրջապատող բազմությունը չէր նվազում։
Շվեյկն ապացուցում էր իր անմեղությունը և այնքան համոզեց բազմությանը, որ մի տիկին նույնիսկ ասաց․
— Դարձյալ զինվորներից են կպել։
Հասարակությունը համաձայնեց այդ կարծիքին, իսկ մի պարոն, դիմելով կայարանապետին, ասաց, թե Շվեյկի փոխարեն ինքը կվճարի քսան կրոն տուգանքը և թե համոզված է, որ այդ զինվորն անմեղ է։
— Հապա նայեցեք նրան,— ցույց տվեց նա Շվեյկի դեմքի անմեղունակ արտահայտությունը, որ կարծես բոլորին ասում էր, «Բարի՛ մարդիկ, ես մեղավոր չեմ»։
Այնուհետև հայտնվեց մի ժանդարմ, բազմության միջից դուրս, բերեց ինչ-որ քաղաքացու, ձերբակալեց ու տարավ, ասելով․ «Ես ձեզ ցույց կտամ, թե ինչ ասել է ժողովրդին գրգռել։ Ես ցույց կտամ, թե ինչպես «զինվորներից չի կարելի պահանջել, որ հաղթանակ տանեն Ավստրիայի համար, երբ նրանց հետ այդպես են վարվում»»։
Տարաբախտ քաղաքացին այլ արդարացում չգտավ, բացի այն անկեղծ խոստովանությունից, թե ինքը Ստարա Բաշնյայում մսագործ է և բոլորովին «այն չէր ուզում ասել»։
Այդ միջոցին այն բարի պարոնը, որ հավատում էր Շվեյկի անմեղությանը, կայարանի գրասենյակում նրա փոխարեն վճարեց տուգանքը, նրան տարավ երրոդ կարգի բուֆետը, հյուրասիրեց գարեջրով և, պարզելով որ Շվեյկի բոլոր վկայականները և զինվորկան երկաթուղային տոմսը գտնվում են պորուչիկ Լուկաշի մոտ, մեծահոգաբար նրան հինգ կրոն տվեց՝ տոմս գնելու և մնացած ձախքերի համար։
Հրաժեշտ տալիս նա վստահաբար Շվեյկին ասաց.
— Եթե ռուսներին գերի ընկնեք, զինվո՛ր, իմ կողմից բարև կանեք Զդոլբունովի գարեջրագործ Զեմանին։ Ահա ձեզ իմ ազգանունը։ Խելամիտ եղեք և ռազմաճակատում երկար չմնաք։
— Հանգիստ եղեք,— պատասխանեց Շվեյկը,— ամեն մարդ կուզենա ուրիշ երկրներ տեսնել, և այն էլ ձրի։
Շվեյկը մենակ մնաց սեղանի մոտ և սկսեց կամաց-կամաց խմել այն հնգանոցը, որ ստացել էր բարեգործից։
Իսկ այդ ժամանակ կառամատույցում նրանք, որ ներկա չէին եղել Շվեյկի և կայարանապետի խոսակցությանը, այլ միայն հեռվից տեսել էին հավաքված բազմությունը, իրար պատմում էին, թե մի լրտես են բռնել, որը լուսանկարում էր կայարանը։ Սակայն այդ պատմությունը հերքեց մի տիկին, ասելով, թե ոչ մի լրտես չի եղել, այլ պարզապես, ինչպես ինքը լսել է, մի դրագուն կանացի զուգարանի մոտ սրախողխող է արել մի սպայի, որը փորձել էր զոռով զուգարան խցկվել դրագունի սիրուհու հետևից, որը եկել էր իր սիրածին ճանապարհ դնելու։
Պատերազմական ժամանակի ջղագրգռության համար բնորոշ այդ ֆանտաստիկ վարկածներին վերջ դրին ժանդարմները, որոնք կայարանը մաքրեցին կողմնակի անձանցից։
Իսկ Շվեյկը շարունակում էր խմել, խանդաղատանոք մտածելով իր պորուչիկի մասին. «Տեսնես մի բան կանի՞, երբ հասնի Չեխական Բուդեյովիցի և ամբողջ գնացքում իր սպասյակին չգտնի»։