— Խիզախության հիանալի՜ օրինակ։ Եթե այդպես շարունակվի, մեր բանակում միայն նոր լծասարքեր կլինեն։ Մի անգամ ես Պրագայում «Պրագայի պաշտոնաթերթ» լրագրում սրանից ավելի լավ մի բան կարդացի այդ գումակային դեպքերի մասին։ Այնտեղ խոսքը վերաբերվում էր հոժարական դոկտոր Յոզեֆ Վոյանին, որը ծառայել է Գալիցիայում, Յոթերորդ եգերական գնդում։ Երբ բանը հասնում է սվինամարտի, նրա գլխին գնդակ է դիպչում։ Եվ ահա նրան տանում են վիրակապման կայան, իսկ նա գոռում է, թե թույլ չի տալ, որ մի քերծվածքի համար իրեն վիրակապեն, և իր ջոկատով նորից գրոհի է նետվում։ Այդ պահին արկը կտրում է նրա ոտնաթաթը։ Դարձյալ ցանկանում են նրան վերցնել ու տանել, բայց նա, ձեռնափայտին հենված, կաղեկաղ հասնում է կռվի գծին և սկսում ձեռնափայտով թշնամուց պաշտպանվել։ Իսկ այդ ժամանակ որտեղից որտեղ մի նոր նռնակ է թռչում-գալիս ու հակառակի պես պոկում նրա հենց այն ձեռքը, որով բռնել էր ձեռնափայտը։ Այդ ժամանակ նա, ձեռնափայտը մյուս ձեռքն է առնում և գոռում, թե դա նրանց վրա էժան չի նստի։ Աստված գիտե, թե այդ բոլորը ինչով կվերջանար, եթե շրապնելը նրան վերջնականապես չսպաներ։ Հնարավոր է, որ նա էլ Խիզախության համար արծաթե մեդալ ստանար, եթե շրապնելը նրա վերջը չտար։ Նրա գլուխը կտրվելուց հետո էլ մի որոշ ժամանակ գլորվել է ու գոռացել. «Շտապիր, զինվո՛ր, պարտքդ կատարել, թեկուզ մահն ուզի գլխիդ սավառնել»։
— Ինչե՜ր ասես չեն գրում թերթերում,— ասաց պահակախմբի անդամներից մեկը։— Վայ թե այդ խմբագիրն ինքը ցնդեր, եթե տեսներ, թե այստեղ ինչ է կատարվում։
Աշխարհազորայինը թքեց։
— Չեսլավի մեր գնդում Վիեննայից եկած մի գերմանացի խմբագիր կար։ Պրապորշչիկ էր։ Չէր ուզում մեզ հետ չեխերեն խոսել, բայց երբ նրան ուղարկեցին այն երթային վաշտը, որտեղ բոլորը չեխեր էին, չեխերեն խոսել սովորեց։
Բաց դռան առաջ երևաց ֆելդֆեբելի դեմքը, որը զայրույթ էր արտահայտում, և նա գոռաց.
— Wenn man soll drei Minuten weg, da hört man nichts anderes, als «Ցեխերեն, ցեխեր»[11]
։Եվ դիմելով, հավանաբար, դեպի բուֆետ, Շվեյկին մատնացույց անելով, աշխարհազորային ենթասպային ասաց, որ այդ ոջլոտ սրիկային տանի պոդպորուչիկի մոտ, հենց որ նա գա։
— Երևի պարոն պոդպորուչիկը նորից զվարճանում է կայարանի հեռագրչուհու հետ,— ասաց ենթասպան ֆելդֆեբելի գնալուց հետո։— Արդեն երկու շաբաթ է, որ նրանից ձեռք չի քաշում և ամեն օր հեռագրատնից գալիս է սատանայի պես գազազած և ասում.
— Das ist aber eine Hure, sie will nicht mit mir schlafen[12]
.— Ի՛նչ արած, ախպե՛րս, ստիպված պիտի լինես գնալ նրա մոտ,— կարեկցեց Շվեյկին ենթասպան։― Քիչ ահել ու ջահել զինվորներ չեն անցել նրա ձեռքի տակով։— Եվ Շվեյկին տարավ գրասենյակ, որտեղ ցաք ու ցրիվ թղթերով ծածկված սեղանի առաջ նստած էր մի մոլեգնադեմ երիտասարդ պոդպորուչիկ։
Տեսնելով ենթասպայի ուղեկցությամբ ներս մտնող Շվեյկին, նա բազմանշանակ ծոր տվեց.
— Ըհը՜․․․
Ենթասպան զեկուցեց.
— Պատիվ ունեմ զեկուցելու, պարոն լեյտենանտ, այս մարդուն կայարանում բռնել են փաստաթղթեր չունենալու համար։
Պոդպորուչիկը գլխով արեց դեմքի այնպիսի արտահայտությամբ, որ կարծես դեռևս տարիներ առաջ նա նախատեսել էր, թե հենց այդ օրը և հենց այդ ժամին Շվեյկին կայարանում պիտի բռնեին փաստաթղթեր չունենալու համար։
Ասենք, այդ րոպեին ով էլ որ նայելու լիներ Շվեյկին, պետք է հանգեր այն եզրակացության, թե հնարավոր բան չէ, որ այդպիսի արտաքին ունեցող մարդու մոտ որևէ փաստաթուղթ լինի։ Շվեյկն այնպիսի տեսք ուներ, որ կարծես ընկել էր երկնքից կամ այլ մոլորակից և հիմա միամիտ զարմանքով դիտում էր նոր, իրեն անծանոթ մի աշխարհ, որտեղ նրանից ինչ-որ հիմար, իր համար անհասկանալի փաստաթղթեր են պահանջում։
Նայելով Շվեյկին, պոդպորուչիկը մի րոպե մտածեց, թե ինչ ասի։ Ի վերջո հարցրեց.
— Կայարանում ի՞նչ էիք անում։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, սպասում էի Չեխական Բուդեյովիցիի գնացքին, որպեսզի ընկնեի իմ Իննսունմեկերորդ գունդը, պորուչիկ Լուկաշի մոտ, որի սպասյակն եմ, և որին ստիպված էի լքել, քանի որ ինձ տուգանքի գործով ուղարկեցին կայարանապետի մոտ, որովհետև կասկածում էին, թե ես վթարային արգելակով կանգնեցրել եմ ճեպընթաց գնացքը։
— Գլուխս մի թըլսորեք,— գոռաց պոդպորուչիկը,— խոսեցեք կապակցված ու կարճ և հիմարություն մի դուրս տաք։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, հենց այն իսկ րոպեից սկսած, երբ ես ու պարոն պորուչիկ Լուկաշը նստեցինք ճեպընթաց գնացքը, որը մեզ պետք է ըստ հնարավորին արագ հասցներ մեր Իննսունմեկերորդ հետևակ գունդը, մեր բախտը բերեց. նախ կորավ մեր ճամպրուկը, իսկ հետո, խոսքս չմոռանամ, մի բոլորովին քաչալ պարոն գեներալ մայոր․․․
— Himmelherrgott[13]
,— թառանչելով հայհոյեց պոդպորուչիկը։― Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, անհրաժեշտ է, որ սիրտս հին ներքնակի պես կամաց-կամաց դատարկվի, որպեսզի կարողանաք ամբողջ եղելությունը պատկերացնել, ինչպես ասում էր հանգուցյալ կոշկակար Պետրլիկը, երբ իր աշակերտին կաշեփոկով դաղդղելուց առաջ հրամայում էր, որ շալվարն իջեցնի։
Պոդպորուչիկը զայրույթից սկսեց փնչալ, իսկ Շվեյկը շարունակեց․
— Պարոն քաչալ գեներալ-մայորին ես ինչ-որ պատճառով դուր չեկա, դրա համար էլ պարոն պորուչիկ Լուկաշն ինձ վռնդեց միջանցք։ Իսկ հետո միջանցքում ինձ մեղադրեցին այն բանի մեջ, որի մասին ձեզ արդեն զեկուցեցի։ Մինչև գործը կպարզվեր, անտեր-անտիրական մնացի կառամատույցում։ Գնացքը գնաց, պարոն պորուչիկը, ճամպրուկներով ու երկուսիս բոլոր փաստաթղթերով, նույնպես գնաց, իսկ ես մնացի առանց փաստաթղթերի և թափառում էի անապաստանի պես։