Մարդատար գնացքի ժամանումից առաջ երրորդ կարգի ռեստորանը լցվեց զինվորներով ու քաղաքացիներով։ Մեծամասնություն էին կազմում տարբեր գնդերի, զենքի տարբեր տեսակների և տարբեր ազգությունների պատկանող զինվորները։ Պատերազմի փոթորիկը նրանց բոլորին բերել հասցրել էր Թաբորի լազարեթները, և հիմա նրանք նորից ռազմաճակատ էին գնում։ Գնում էին ձեռք բերելու նոր վերքեր, նոր խեղումներ ու հիվանդություններ, գնում էին, որ Արևելյան Գալիցիայի տրտում տափարակներից մեկում իրենց համար վաստակեն մեկական փայտյա շիրիմախաչ, որի վրա դեռ շատ տարիներ հետո քամու ու անձրևի տակ կթփրտա ավստրիական զինվորի քրքրված գլխարկն իր ժանգոտած կոկարդով։ Երբեմն այդ գլխարկի վրա կթառի մի ծեր ագռավ և կմտաբերի անցած տարիների ճոխ խնջույքները, երբ այստեղ նրա համար բացված սեղանը միշտ ծածկված էր մարդկային համեղ դիակներով և ձիերի լեշերով, կմտաբերի, որ այն գլխարկի տակ, որի նմանակի վրա ինքը թառել է, ամենից համեղը մարդկային աչքերն էին…
Տառապանոք խաչվելու թեկնածուներից մեկը, որին վիրահատությունից հետո լազարեթից դուրս էին գրել, տիղմի և արյան բծերով ծածկված կեղտոտ մունդիրով, նստեց Շվեյկի կողքին։ Նվաղած, խիստ նիհար ու տրտմադեմ մի զինվոր էր դա։ Սեղանի վրա դնելով իր փոքրիկ կապոցը, նա գրպանից հանեց քրքրված քսակն ու սկսեց փողը հաշվել։ Հետո նայեց Շվեյկին ու հարցրեց․
— Magyarul?[2]
— Չեխ եմ, ընկեր,— պատասխանեց Շվեյկը,— խմել չե՞ս ուզում։
― Nem tudom, baratom[3]
․— Հոգ չէ, ընկեր,— համեցեք արեց Շվեյկը, իր գարեջրով լի գավաթը հրելով տրտմադեմ զինվորի կողմը։
Զինվորը հասկացավ, խմեց ու ասաց.
— Köszönöm szivesen[4]
.Այնուհետև նա նորից սկսեց աչքի անցկացնել իր քսակի պարունակությունը և ի վերջո հառաչեց։ Շվեյկը հասկացավ, որ մաջարն հաճույքով գարեջուր կպատվիրեր, բայց փողը հերիք չի անում, ուստի ինքը նրա համար մի գավաթ գարեջուր պատվիրեց։ Մաջարը նորից շնորհակալություն հայտնեց և սկսեց ձեռքերի շարժումներով ինչ-որ բան պատմել, ցույց տալով գնդակից վիրավորված իր ձեռքը, և ավելացրեց միջազգային լեզվով.
— Պիֆ-պա՛ֆ։
Շվեյկը ցավակցաբար օրորեց գլուխը, իսկ ապաքինվածների անձնախմբին պատկանող այդ տկար զինվորը ձախ ձեռքը պահեց գետնից կես մետր բարձր և, երեք մատը վեր բարձրացնելով, Շվեյկին հայտնեց, թե երեք փոքր երեխա ունի։
— Ninc ամ-ամ, ninc ամ-ամ[5]
,— շարունակեց նա, ցանկանալով ասել, թե նրանք տանը ուտելու բան չունեն։ Զինվորի աչքերից արցունքներ ցայտեցին, և նա աչքերը սրբեց շինելի կեղտոտ թևքով, որի վրա մի ծակ էր բացել այն գնդակը, որ նրան վիրավորել էր ի փառս հունգարացոց թագավորի։Բոլորովին զարմանալի չէ, որ այդ զվարճանքի ընթացքում հնգանոցը կամաց-կամաց հալվում էր, և Շվեյկը դանդաղորեն, բայց աներկբա փակում էր իր ճանապարհը դեպի Չեխական Բուդեյովիցի։ Իր լազարեթից դուրս գրված մաջար զինվորի խմած ամեն գավաթից հետո Շվեյկի համար գնացքի տոմս գնելու հնարավորությունը ավելի ու ավելի անհավանական էր դառնում։ Բոլդեյովիցի գնացող մի գնացք էլ անցավ կայարանով, իսկ Շվեյկը, սեղանի մոտ նստած, դեռ լսում էր, թե ինչպես հունգարացին կրկնում էր.
— Պիֆ-պա՛ֆ… Harom gvermek, ninc ham, eljen![6]
.Վերջին բառն ասելիս նա բաժակը խփեց Շվեյկի բաժակին․
— Դեհ, խմիր, մաջարի ծնունդ, մի՛ քաշվիր,— ասաց նրան Շվեյկը։— Երևի դուք մեզ այդպես չեք հյուրասիրի։
Հարևան սեղանից մի զինվոր ասաց, թե երբ իրենց 28-րդ գունդը ռազմաճակատ գնալիս հասել էր Սեգեդին, մաջարները ծաղրանքով ձեռքները վեր էին բարձրացնում, ցանկանալով հասկացնել, թե չեխերն անձնատուր են լինում։
Դա զուտ ճշմարտություն էր, սակայն, ըստ երևույթին, զինվորը վիրավորված էր այդ բանից, որը հետո սովորական երևույթ դարձավ չեխ զինվորների մեջ և որն հետագայում անում էին հենց իրենք՝ հունգարացիները, երբ արդեն զզվել էին հունգարիայի թագավորի շահերի համար տեղի ունեցող կոտորածից։
Հետո զինվորը վեր կացավ, նստեց Շվեյկի սեղանի մոտ և սկսեց պատմել, թե ինչպես իրենք Սեգեդինում հունգարացիներին մի լավ քոթակել ու դուրս են նետել մի քանի պանդոկներից։ Ըստ որում խոստովանեց, թե այդ հունգարացիները կռիվ անել կարողանում են և դանակով այնպես էին հարվածել իր մեջքին, որ անհրաժեշտ եղավ իրեն ուղարկել թիկունք՝ բուժվելու։
Հիմա զինվորը վերադառնում էր իր զորամասը, և, հավանաբար, գումարտակի հրամանատարը նրան կբանտարկի այն բանի համար, որ նա դանակի հարվածից հետո չի կարողացել մաջարի հախից գալ և բարձր պահել իր գնդի պատիվը։
— Ihre Dokumenten[7]
,— դիմեց Շվեյկին պարեկի պետը, մի ֆելդֆեբել, որին ուղեկցում էին չորս սվինավոր զինվորներ։— Ես տեսնել ցեզ, շարունակ նստել, խմել, չգնալ, միայն խմել, սինվո՛ր։
— Մոտս փաստաթուղթ չկա, ջանիկ,— պատասխանեց Շվեյկը։— Իննսունմեկերորդ գնդի պորուչիկ Լուկաշը հետը տարավ, իսկ ես մնացի այստեղ կայարանում։
― Was ist das Wort «ջանիկ»[8]
,— գերմաներեն հարցրեց ֆելդֆեբելը իր շքախմբի անդամներից մեկին, մի ծեր աշխարհազորայինի։ Վերջինս, որ, ըստ երևույթին, դիտմամբ իր ֆելդֆեբելին ամեն ինչ սխալ էր բացատրում, հանգիստ պատասխանեց.― «Ջանիկ»,― das Ist wie «Herr Feldwebel»[9]
.Ֆելդֆեբելը նորից սկսեց խոսել Շվեյկի հետ.
— Պաստատուխտ պարտավոր ամեն սինվոր։ Աոանց պաստատուխտ նստեցնել auf Bahnhofs-Militarkommando der lausigen Bursch, wie einen tollen Hund[10]
.Շվեյկին տարան կայարանին կից պարեկատունը։ Պահականոցում նա զտավ մի անձնախումբ, որի զինվորները նման էին այն ծեր աշխարհազորայինին, որն իր բնատուր թշնամու՝ պետ-ֆելդֆեբելի համար այնպես վարպետորեն գերմաներենի թարգմանեց «ջանիկ» բառը։