— Իսկ և իսկ նրա պես լղրճուկ մի բան էր,— պատմում էր նա Շվեյկին։— Դե՛հ, ես էլ սուսուփուս գողեգող մոտեցա հետևից, գլխարկը գլխից ցած գցեցի ու ասում եմ. «Բարև, Ֆրանտա»։ Իսկ այդ ապուշը վերցնի ու սկսի սուլել։ Պարեկն ինձ բռնեց ու տարավ։ Հնարավոր է,— ենթադրեց հոժարականը,— որ այդ ժամանակ սխալմամբ մի երկու անգամ վզակոթին հասցրել եմ, բայց, իմ կարծիքով, դա նշանակություն չունի, որովհետև սխալմունքը միանգամայն բացահայտ է։ Նա ինքն ընդունում է, որ ես ասել եմ. «Բարև, Ֆրանտա», մինչդեռ իր անունը Անտոն է։ Գործը պարզ է։ Ինձ կարող է վնասել միայն այն, որ հոսպիտալից փախել եմ, և եթե հիվանդանոցային մատյանի գործը բացվի… Երբ ինձ բանակ էին կանչում, ես այստեղ, Բուդեյովիցիում, առաջուց մի սենյակ էի վարձել ու աշխատում էի ռևմատիզմ ձեռք բերել։ Երեք անգամ իրար հետևից կոնծում, իսկ հետո քաղաքից դուրս էի գալիս, անձրևի տակ առվի մեջ պառկում ու սապոգներս հանում։ Բայց բան դուրս չէր գալիս։ Հետո ձմռանը մի ամբողջ շաբաթ գիշերով գնում էի Մալշայում լողանալու, բայց բոլորովին ուրիշ բան ձեռք բերի. ես եղբա՛յր, այնպես կոփվեցի, որ դրանից հետո բակում ամբողջ գիշերը պառկում էի ձյան վրա և, երբ առավոտյան տնեցիներն ինձ արթնացնում էին՝ ոտքերս այնքան տաք էին լինում, որ կարծես վալենկաներով էի պառկել։ Գոնե անգինա ընկնեի։ Չէ՛, ոչ մի բան դուրս չէր գալիս։ Դատարկ գրիպն ի՞նչ է, դա էլ չկարողացա ձեռք բերել։ Ամեն աստծու օր գնում էի «Պորտ-Արտուր», այնտեղ իմ կոլեգաներից ոմանք արդեն սերմնագեղձերի բորբոքում էին ձեռք բերել, նրանց արդեն վիրահատում էին, իսկ ես առաջվա պես խմում էի։ Պարզապես բախտս չէր բանում, եղբայր։ Վերջապես մի անգամ «Վարդի մոտ» պանդոկում ծանոթացա Գլուբոկոյում ապրող մի հաշմանդամի հետ, որն ինձ աոաջարկեց գնալ իր բնակարանը, նա երաշխավորում էր, որ հաջորդ օրն իսկ ոտքերս կուռչեն, իսկը դույլեր կդառնան։ Նա տանը շպրից ու ենթամաշկային ներարկման ասեղ ուներ։ Եվ, իսկապես, Գլուբոկոյից ես հազիվ տուն հասա։ Չխաբեց, ոսկի՜ մարդ էր։ Վերջապես մկանային ռևմատիզմ ձեռք բերի։ Ձեռաց հոսպիտալ ուղարկեցին, և գնա քե՜ֆ արա։ Հետո բախտն ինձ մի անգամ էլ ժպտաց։ Բուդեյովիցիի հոսպիտալ էին տեղափոխել իմ մի ազգականին՝ Ժիժկովում ապրող բժիշկ Մասակին։ Միայն նրան եմ պարտական, որ հոսպիտալում այդքան երկար մնացի։ Ես, թերևս, այնտեղ մնայի մինչև ծառայությունից ազատվելս, բայց այն չարաբաստիկ «Krankenbuch[29]
»-ով ինքս իմ գործը փչացրի։ Այդ ժամանակ մի հիանալի բան էի մտածել, մի գրասենյակային մեծ մատյան էի ճարել, կազմին պիտակ կպցրել ու վրան գրել. «Krankenbuch des 91 Reg.»[30], ինչպես հարկն է գծել էի սյունակներն ու մնացած բաները։ Այդ մատյանի մեջ գրանցում էի հնարովի անուններ, բուժվողի հիվանդությունը, ջերմաստիճանը։ Ամեն օր բժշկի շրջայցից հետո, անամոթաբար մատյանը թևիս տակ դրած, դուրս էի գալիս քաղաք։ Հոսպիտալի դարպասի մոտ միշտ էլ աշխարհազորայիններ էին հերթապահում, այնպես որ այդ տեսակետից էլ ապահով էի. ցույց եմ տալիս մատյանը, իսկ նրանք ինձ պատիվ են տալիս։ Սովորաբար գնում էի հարկային վարչությունում ծառայող մի չինովնիկի մոտ, նրա տանը շորս փոխում, քաղաքացիական հագուստ հագնում ու դնում գարեջրատուն։ Այնտեղ, մեր ընկերական շրջանում, մենք ամեն տեսակ դավաճանական բաներ էինք խոսում։ Շատ չանցած ես այնքան լկտիացա, որ այլևս քաղաքացիական շոր չէի հագնում և քաղաքում ու պանդոկներում ման էի դալիս զինվորական լրիվ համազգեստով։ Հոսպիտալ վերադառնում ու մահճակալիս վրա պառկում էի միայն լուսադեմին, իսկ եթե պատահում էր, որ գիշերը պարեկը կանգնեցնում էր ինձ, ցույց էի տալիս Իննսունմեկերորդ գնդի «Krankenbuch»-ը, և այլևս ինձ ոչ մի հարց չէին տալիս։ Հոսպիտալի դարպասի մոտ էլ առանց մի խոսք ասելու ցույց էի տալիս մատյանը և միշտ բարեհաջող հասնում մահճակալիս… Այնպես էի անպատկառացել, եղբայր, որ կարծում էի, թե ինձ ոչ ոք ոչինչ անել չի կարող, մինչև որ այն գիշեր հրապարակի կամարաշարի տակ տեղի ունեցավ ճակատագրական սխալս։ Այդ սխալն ինձ պարզ կերպով ցույց տվեց, որ, ընկերս, ոչ բոլոր ծառերն են բոյ քաշում ու երկինք հասնում։ Գոռոզությանը հետևում է անկումը։ Ի՞նչ է փառքը։ Ծո՛ւխ։ Նույնիսկ Իկարը իր թևերն այրեց։ Մարդ ասածն ուզում է հսկա լինել, բայց իրականում զիբիլ է։ Հապա, եղբայր։ Ինձ խրատ լինի, որ սրանից հետո պատահականության վրա հույս չդնեմ, այլ օրը երկու անգամ, առավոտյան ու երեկոյան ինքս իմ ձեռքով ռեխս ջնջխեմ ու ասեմ, զգուշությունը ավելորդ բան չէ, իսկ անչափավորությունը վնասում է մարդու։ Վակխանալիաներից ու օրգիաներից հետո միշտ վրա է հասնում բարոյական խումարը։ Դա, եղբա՛յր, բնության օրենքն է։ Մի մտածիր, է՜, թե ինչպես ամբողջ գործս փչացրի։ Ախր կարող էի արդեն Felddienstunfähig[31] լինել։ Մարդ այդպիսի հովանավորությո՜ւն ունենա։ Հիմա հանգիստ ընկած կլինեի որևէ շտաբի զորամասերի համալրման գրասենյակում… Բայց իմ սեփական անզգուշությունն ինձ կործանեց։Իր խոստովանությունն հոժարականը ավարտեց այս հանդիսավոր խոսքերով.