Շվեյկը ճշտորեն կատարեց հրամանը և, ուղեգծերի վրայով անցնելիս տեսավ պորուչիկ Լուկաշին, որը հետ ու առաջ էր քայլում երկաթուղու պաստառի վրա, հուսալով, որ սպայական խոհանոցից իրեն էլ բաժին կհասնի։ Պորուչիկ Լուկաշը չափազանց տհաճ վիճակի մեջ էր, քանի որ նա և պորուչիկ Կիրշները ժամանակավորապես մի ընդհանուր սպասյակ ունեին։ Այդ տղան հոգ էր տանում միայն իր տիրոջ միասին և կատարյալ սաբոտաժ անում, երբ բանը վերաբերում էր պորուչիկ Լուկաշին։
— Ո՞ւմ համար եք տանում, Շփեյկ,— հարցրեց խեղճ պորուչիկը, երբ Շվեյկը գետին դրեց շինելի մեջ փաթաթած իրերի մի ամբողջ կույտ՝ սպայական խոհանոցից կռվով առած ռազմաավարը։
Շվեյկի լեզուն մի պահ կապ ընկավ, բայց նա արագ տիրապետեց իրեն և իր պարզ ու շիտակ դեմքով հանգիստ պատասխանեց․
— Համարձակվում եմ զեկուցել, ձեզ համար, պարոն օբեր-լեյտենանտ։ Միայն թե չեմ կարողանում իմանալ, թե որտեղ է ձեր կուպեն, և, բացի դրանից, չգիտեմ, թե գնացքի պարետը չի՞ առարկի, որ ես գնամ ձեզ հետ։ Շա՜տ խոզ մարդ է։
Պորուչիկ Լուկաշը հարցականորեն նայեց Շվեյկին, որը շարունակեց մտերմավարի ու բարեհոգաբար.
— Իսկական խոզ է, պարոն օբեր-լեյտենանտ։ Երբ նա շրջագայում էր գնացքը, ես նրան անմիջապես զեկուցեցի, թե արդեն ժամը տասնմեկն է, իմ նստելու ժամանակն արդեն անցել է, և ես պետք է գտնվեմ հորթերի վագոնում և կամ ձեզ մոտ։ Իսկ նա չափազանց կոպիտ կերպով խոսքս կտրեց, թե, մեջ մի ընկիր և մնա տեղդ նստած։ Ասաց, թե այդպիսով գոնե ձեզ նորից չեմ խայտառակի։ Պարո՛ն օբեր-լեյտենանտ։— Շվեյկը տառապյալի կերպարանքով ծռմռեց բերանը։— Կարծես երբևէ ես ձեզ խայտառակել եմ, պարոն օբեր-լեյտենանտ։
Պորուչիկ Լուկաշը հառաչեց։
— Երբևէ չի պատահել, որ ես ձեզ խայտառակեմ,— շարունակեց Շվեյկը։— Եթե մի բան էլ պատահել է, ապա պարզապես եղել է պատահականություն, «աստվածային նախախնամություն», ինչպես ասաց Պելգրժիմովում ապրող ծերունի Վանիչեկը, երբ նրան երեսունվեցերորդ անգամ բանտ նստեցրին։ Ես երբեք ոչ մի բան դիտմամբ չեմ արել։ Ես միշտ ջանացել եմ, որ ամեն բան ավելի հաջող ու ավելի լավ անեմ։ Մի՞թե ես մեղավոր եմ, որ դրանից մենք երկուսս օգուտի փոխարեն միայն ցավ ու տառապանք ենք տեսել։
― Միայն թե լաց մի լինեք, Շվեյկ,— մեղմորեն ասաց պորուչիկ Լուկաշը, երբ նրանք երկուսով մոտեցան շտաբի վագոնին։— Ես այնպես կանեմ, որ դուք նորից ինձ մոտ լինեք։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ես լաց չեմ լինում։ Միայն թե շատ ցավում եմ, որ մենք երկուսս այս պատերազմում և ամբողջ աշխարհում ամենադժբախտ մարդիկ ենք և երկուսս էլ դրանում մեղք չունենք։ Երբ միտք եմ անում, թե որքան դաժան է բախտը, որ ես, ի ծնե այդպես ջանասեր լինելով…
— Հանգստացեք, Շվեյկ։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, որ եթե ենթակարգությունը չլիներ, ես կասեի, թե ոչ մի կերպ չեմ կարող հանգստանալ, բայց, համաձայն ձեր հրամանի, արդեն բոլորովին հանգստացա։
— Դե՛հ, մտեք, ուրեմն, վագոն։
— Ճիշտ այդպես, արդեն մտնում եմ, պարոն օբեր-լեյտենանտ։
Մոստի զինվորական ճամբարում գիշերային լռություն էր։ Զինվորները բարաքներում ցրտից սրթսրթում էին, մինչդեռ սպայական տաքացրած բարաքների լուսամուտներն անտանելի շոգից կրնկի վրա բաց էին։
Առանձին օբյեկտների մոտ լսվում էին քայլելով իրենց քունը վանող պահակների ոտնաձայները։
Ներքևում, գետափին, իր պայծառ լույսերով շողշողում էր նորին մեծության մսի պահածոների գործարանը։ Այնտեղ աշխատում էին զօր ու գիշեր։ Պահածոներ պատրաստելու համար վերամշակում էին ամեն տեսակ թափոններ։ Քամին մինչև ճամբար էր հասցնում փթող ջլերի, սմբակների ու ոսկորների գարշահոտությունը, որոնցից սուպի պահածոներ էին պատրաստում։
Այն լքված տաղավարից, որտեղ խաղաղ ժամանակ մի լուսանկարիչ լուսանկարում էր այդտեղ՝ զինվորական հրաձգարանում իրենց ջահելությունն անցկացնող զինվորներին, երևում էր Լիտավայի հովիտը, և մի էլեկտրական կարմիր լապտեր առկայծում էր «Եգիպտացորենի կողրի մոտ» պոռնկատան մուտքի առաջ։ 1918 թվին, Շոպրոնիի մեծ զորախաղերի ժամանակ, էրցհերցոգ Ստեփանն իր այցելությամբ պատվել էր այդ պոռնկատունը, որտեղ ամեն օր հավաքվում էր սպայությունը։
Դա ամենապերճաշուք հասարակաց տունն էր, ուր շարքայիններն ու հոժարականները մուտք չունեին. նրանք այցելում էին «Վարդագույն տուն»-ը, որի կանաչ լապտերներն ևս տեսանելի էին լուսանկարչի լքված տաղավարից։
Ըստ աստիճանների կատարված այդ սահմանազատումը պահպանվեց և ռազմաճակատում, երբ միապետությունն իր զորքերին այլևս չէր կարող օգնել ոչ այլ ինչով, քան միայն շտաբներին կից գործող դաշտային պոռնկատներով, որոնք կոչվում էին պուֆեր։ Այդպիսով, գոյություն ունեին կայսրա-թագավորական սպայական պուֆեր, կայսրա-թագավորական ենթասպայական պուֆեր և շարքայինների կայսրա-թագավորական պուֆեր։
Լիտավայի Մոստ քաղաքը շողում էր իր լույսերով։ Լիտավայի մյուս ափին իրենց լույսերով շողում էին Կիրալուհիդան, Ցիսլայտանիան և Տրանսլայտանիան։ Այդ երկու քաղաքներում էլ, հունգարական և ավստրիական, նվագում էին գնչուական կապելաներ, մարդիկ երգում էին, պարում ու խմում։ Սրճարաններն ու ռեստորանները պայծառորեն լուսավորված էին։ Տեղական բուրժուաներն ու չինովնիկները իրենց հետ սրճարաններ ու ռեստորաններ էին տանում իրենց կանանց ու հասած աղջիկներին, և ամբողջ Լիտավայի Մոստը, Bruck an der Leite[68]
, ինչպես և Կիրալուհիդան իրենցից ներկայացնում էին ոչ այլ ինչ, եթե ոչ մի վիթխարի համատարած պոռնկանոց։Սպայական բարաքներից մեկում Շվեյկը սպասում էր իր պորուչիկ Լուկաշին, որն երեկոյան գնացել էր քաղաքային թատրոն և դեռ չէր վերադարձել։ Շվեյկը նստած էր պորուչիկի արդեն բացած անկողնու վրա, իսկ նրա դիմաց, սեղանի վրա, նստել էր մայոր Վենցելի սպասյակը։