― Kehrt euch ― marschieren ― marsch![97]
― հրամանարկեց պորուչիկ Լուկաշը։Շվեյկը դիմեց դեպի կայարանի շենքի հետևը, ճանապարհին մտքում կրկնելով իր էքսպեդիցիայի բոլոր առաջադրանքները․ կոնյակը պետք է լինի լավը, ուստի անհրաժեշտ է նախապես համը տեսնել։ Կոնյակն արգելված բան է, ուստի պետք է զգույշ լինել։
Դեռ նոր էր նա կառամատույցից թեքվել, երբ նորից դեմ առավ պոդպորուչիկ Դուբին։
— Ի՞նչ ես այստեղ քարշ գալիս,― նետվեց նա Շվեյկի վրա։— Դու ինձ ճանաչո՞ւմ ես։
— Համարձակվում եմ զեկուցել,— պատասխանեց Շվեյկը, պատիվ տալով,— ես չէի ցանկանա ձեզ ճանաչել վատ կողմից։
Պոդպորուչիկ Դուբն այդ պատասխանից գազազեց, բայց Շվեյկը կանգնած էր հանգիստ, ձեռքը հովարին դրած, և շարունակում էր․
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, ես ուզում եմ ձեզ ճանաչել միայն լավ կողմից, որպեսզի դուք ինձ չլացացնեք, ինչպես վերջերս բարեհաճեցիք արտահայտվել։
Այդ հանդգնությունից պոդպորուչիկ Դուբի գլուխը պտույտ եկավ, և նա զայրույթից հազիվ կարողացավ գոռալ․
— Չքվի՛ր այստեղից, սրիկա։ Մենք դեռ քեզ հետ կխոսենք։
Շվեյկը հեռացավ կառամատույցից, իսկ պոդպորուչիկ Դուբը, ուշքի գալով, հետևեց նրան։ Կայարանի շենքի հետևում, ուղղակի ճանապարհի եզրին, գլխիվայր դրված էին մի քանի խոշոր զամբյուղներ, դրանց վրա՝ զանազան քաղցրավենիների տափակ մաղախներ, որոնք այնպիսի անմեղ տեսք ունեին, որ կարծես այդ բարիքները պատրաստված էին արտաքաղաքային զբոսանքի գնացող դպրոցականների համար։ Այնտեղ կային տյանուշկաներ, վաֆլիի գլանիկներ, թթու պաստեղի մի կիտուկ, այստեղ-այնտեղ երևում էին սև հացի և ակներևաբար նժույգային ծագում ունեցող երշիկի պատառիկներ։ Խոշոր զամբյուղների տակ պահված էին զանազան ոգելից խմիչքներ՝ կոնյակի, օղու, ռոմի, գիհօղու և ամեն տեսակ լիկյորների ու թրմօղիների շշեր։
Հենց այդտեղ էլ, ճամփեզրյա առվի մյուս կողմում, կար մի փոքրիկ կրպակ, որտեղ և կատարվում էր արգելված ապրանքի առևտուրը։
Զինվորները նախ սակարկում էին զամբյուղների մոտ․ պեյսավոր[98]
մի հրեա անմեղ տեսք ունեցող զամբյուղի տակից հանում էր օղին և կապայի տակ թաքցրած, տանում փայտյա կրպակը, որտեղ զինվորը շիշն աննկատ խոթում էր շալվարի մեջ կամ ծոցը դնում։Ահա դեպի այդտեղ դիմեց Շվեյկը, մինչդեռ պոդպորուչիկ Դուբը, մոլի խուզարկուի պես, կայարանից հետևում էր նրան։
Շվեյկն ամեն ինչ գնեց առաջին իսկ զամբյուղի մոտ։ Նախ կոնֆետ գնեց, վճարեց ու խոթեց գրպանը, և այդ միջոցին պեյսավոր վաճառողը փսփսալով նրան ասաց․
― Schnaps hab’ ich auch, gnädiger Herr Soldat։[99]
Բանակցություններն արագ ավարտվեցին։ Շվեյկը մտավ կրպակ, սակայն վճարեց միայն այն բանից հետո, երբ պեյսավոր պարոնը շիշը բացեց և նա համը տեսավ։ Նա կոնյակից գոհ մնաց և, շիշը ծոցը դնելով, քայլերն ուղղեց դեպի կայարան։
― Որտե՞ղ էիր, սրիկա,— նրա ճանապարհը կտրեց պոդպորուչիկ Դուբը։
— Համարձակվում եմ ղեկուցել, պարոն լեյտենանտ, գնացել էի կոնֆետ առնելու։— Շվեյկը ձեռքը խոթեց գրպանը և մի բուռ կեղտոտ, փոշոտված կոնֆետներ հանեց,— եթե պարոն լեյտենանտը չի զզվի․․․ ես փորձել եմ, լավն են։ Պովիդլոյի դուրեկան համ ունեն, պարոն լեյտենանտ։
Մունդիրի տակից արտագծվում էին շշի կլորավուն ձևերը։
Պոդպորուչիկ Դուբը ձեռքով թփթփացրեց Շվեյկի կուրծքը․
― Այդ ի՞նչ ես տանում, սրիկա։ Հանի՛ր։
Շվեյկը հանեց դեղնավուն պարունակություն ունեցող շիշը, որի էտիկետկային սևով սպիտակի վրա գրված էր, «Cognac»[100]
։— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ,— ասաց Շվեյկը բոլորովին չշփոթվելով,— այս կոնյակի շշի մեջ մի քիչ խմելու ջուր եմ լցրել։ Երեկվա այն գուլյաշից հետո սիրտս ծարավից այրվում է։ Միայն թե ջրհորի ջուրը, ինչպես տեսնում եք, պարոն լեյտենանտ, մի տեսակ դեղնավուն է։ Ըստ երևույթին, երկաթ է պարունակում։ Այդպիսի շուրը առողջության համար շատ օգտակար է։
— Քանի որ այդքան ծարավ ես, Շվեյկ,— դիվորեն քմծիծաղելով ասաց պոդպորուչիկ Դուբը, ցանկանալով ըստ հնարավորին երկարաձգել այդ տեսարանը, որ պետք է ավարտվեր Շվեյկի կատարյալ պարտությամբ,— ուրեմն մի կուշտ խմիր։ Խմիր այդ բոլորը միանգամից։
Պոդպորուչիկ Դուբն արդեն պատկերացնում էր, թե ինչպես Շվեյկը մի քանի կում կանի և այլևս ի վիճակի չի լինի խմելու, իսկ նա՝ պոդպորուչիկ Դուբը, կատարյալ հաղթանակ տարած, կասի․ «Մի քիչ էլ ինձ տուր, ես էլ եմ ծարավ»։ Ապա պատկերացնում էր, թե ինչ արտահայտություն կունենա խարդախ Շվեյկի դեմքն այդ ահեղ ժամին, թե հետո ինքը զեկուցագիր կներկայացնի և այլն։
Շվեյկը բացեց շիշը, դրեց բերանին, և խմիչքը կամ կումի հետևից անհետացավ նրա կոկորդի մեջ։
Պոդպորուչիկ Դուբը քար կտրեց։ Շվեյկը նրա աչքի առաջ, առանց աչքը ճպելու, խմեց բոլորը, դատարկ շիշը խճուղու վրայով շպրտեց լճակի մեջ, թքեց և, կարծես մի բաժակ հանքային ջուր էր խմել, ասաց․
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, այս ջուրն իրոք որ երկաթահամ է։ Վլտավայի Կամիկայում մի պանդոկապետ ամռանը իր այցելուների համար շատ հասարակ ձևով երկաթաջուր էր պատրաստում։ Ջրհորի մեջ հին պայտեր էր գցում։
— Ես քեզ հին պայտեր ցույց կտամ։ Ցույց տուր, թե ո՞ր ջրհորից ես վերցրել այդ ջուրը։
— Այստեղից շատ հեռու չէ, պարոն լեյտենանտ, ա՛յ, այն փայտյա կրպակի հետևումն է։
— Առաջ ընկիր, սրիկա՛, ես ուզում եմ տեսնել, թե ինչպես ես քայլում։
«Շատ զարմանալի է,— մտածեց պոդպորուչիկ Դուբը,— մարդ այս սրիկայից ոչինչ չի իմանա»։
Շվեյկը քայլում էր հույսն աստծո վրա դրած։ Մի ներքին ձայն նրան ասում էր, թե առջևում պետք է ջրհոր լինի, և այդ պատճառով բոլորովին չզարմացավ, երբ իսկապես այնտեղ ջրհոր գտնվեց։ Դեռ ավելին, խողովակն էլ սարքին էր։ Նրանք մոտեցան ջրհորին։ Շվեյկն սկսեց ճախարակն աշխատեցնել, և ջրհան խողովակից դեղնավուն ջուր հոսեց։