— Ահա այդ երկաթաջուրը, պարոն լեյտնենանտ ,― հաղթականորեն ասաց նա։
Նրանց մոտեցավ մի ահաբեկված պեյսավոր տղամարդ, և Շվեյկը նրան գերմաներեն խնդրեց մի բաժակ բերել, որպես թե պարոն լեյտենանտը ցանկանամ է խմել։
Պոդպորուչիկ Դուբը այնքան էր շշմել, որ մի լիքը բաժակ ջուր խմեց, որից հետո բերանում ձիու մեզի և թրիքի համ մնաց։ Իր գլխին եկածից միանգամայն հիմարացած, նա մի բաժակ ջրի համար պեյսավոր հրեային հինգ կրոն տվեց և, դառնալով Շվեյկին ասաց․
— Ի՞նչ ես նայում, տո՛ւն կորիր։
Հինգ րոպե հետո Շվեյկն հայտնվեց շտաբի վագոնում, որտեղ գտնվում էր պորուչիկ Լուկաշը, ձեռքի խորհրդավոր շարժումով նրան վագոնից դուրս կանչեց և ասաց․
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ես մի հինգ, ամենաշատ տասը րոպեից հետո բոլորովին հարբած կլինեմ և իմ վագոնում կընկնեմ ու կքնեմ։ Համարձակվում եմ խնդրել, պարոն օբեր-լեյտնենանտ, որ դուք առնվազն երեք ժամ ինձ չկանչեք և ոչ մի հանձնարարություն չտաք, քանի դեռ քունս չեմ առել։ Ամեն ինչ կարգին է, միայն թե պարոն լեյտենանտ Դուբը ինձ բռնեց։ Ես նրան ասացի, թե դա ջուր է, և ստիպված եղա իր ներկայությամբ մի շիշ կոնյակն ամբողջովին խմել, որպեսզի ապացուցեի, որ իսկապես ջուր է։ Ամեն ինչ կարգին է։ Համաձայն ձեր ցանկության, ես ոչինչ չմատնեցի և զգույշ եղա։ Բայց հիմա, համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, արդեն զգում եմ, որ ոտքերս ծալվում են։ Սակայն, համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, ես խմելու սովոր եմ, քանի որ պարոն ֆելդկուրատ Կացի հետ միասին․․․
― Չքվիր, անզգամ,— գոռաց պորուչիկ Լուկաշն առանց զայրանալու, բայց այդ ժամանակ պոդպորուչիկ Դուբը նրան թվաց առնվազն հիսուն տոկոսով ավելի անհամակրելի, քան մինչ այդ։
Շվեյկը զգուշաբար մտավ իր վագոնը և, պառկելով իր շինելի և իրերի տոպրակի վրա, դիմելով ավագ գրագրին ու մնացած բոլորին՝ ասաց․
— Եղել է, չի եղել մի մարդ։ Մի անգամ նա թունդ հարբել է և խնդրել, որ իրեն չարթնացնեն․․․
Այդ ասելուց հետո նա շրջվեց կողքի վրա և սկսեց խռմփալ։
Շուտով ամբողջ վագոնը լցվեց նրա արտաշնչած ոգելից շոգիներով, այնպես որ խոհարար-օկուլտիստ Յուրայդան ռունգներով օդը ներծծելով՝ ասաց․
— Գրողը տանի, կոնյակի հոտ է գալիս։
Ծալովի սեղանի առաջ նստած էր հոժարական Մարեկը, որն այդքան ձախորդություններից հետո, վերջապես, հասել էր գումարտակի ռազմական պատմագրի պաշտոնին։
Նա այժմ առաջուց հեղինակում էր գումարտակի սխրանքները, և երևում էր, որ ապագայի մեջ թափանցելը նրան մեծ բավականություն է պատճառում։
Ավագ գրագիր Վանեկը վաղուց հետաքրքրությամբ հետևում էր, թե ինչպես հոժարականը ջանադրաբար գրում է և հետն էլ լիակոկորդ քրքջում։ Նա վեր կացավ ու կռացավ դեպի հոժարականը, որը սկսեց նրան բացատրել․
— Գումարտակի պատմությունն առաջուց գրելը շատ զվարճալի բան է։ Այստեղ գլխավորն այն է, որ ամեն ինչ զարգանա սիստեմատիկաբար։ Ամեն ինչի մեջ պետք է սիստեմ լինի։
— Սիստեմատիկ սիստեմ,— հարեց ավագ գրագիր Վանեկը, սկեպտիկորեն ժպտալով։
— Այո ,— անփութորեն ասաց հոժարականը,— սիստեմատիկացված սիստեմատիկ սիստեմ գումարտակի պատմությունը գրելիս։ Մենք չենք կարող հենց սկզբից մեծ հաղթանակ տանել։ Ամեն ինչ պետք է զարգանա աստիճանաբար, ըստ որոշակի պլանի։ Մեր գումարտակը չի կարող համաշխարհային պատերազմը շահել միանգամից։ Nihil nisi bene[101]
։ Ինձ նման կշռադատող պատմագրի համար գլխավորը ամենից առաջ մեր հաղթանակների պլանը կազմելն է։ Ահա, օրինակ, այստեղ նկարագրում եմ, թե ինչպես քիչ է մնում, որ մեր գումարտակը (դա տեղի կունենա մոտավորապես մի երկու ամիս հետո) անցնի ռուսական սահմանը, որը պաշտպանում են թշնամու ուժեղ ջոկատներ, օրինակ, Դոնի գնդերը։ Այդ ժամանակ թշնամու մի քանի դիվիզիաներ շրջանցում են մեր դիրքերը։ Առաջին հայացքից թվում է, թե մեր գումարտակը կորած է, թե մեզ լապշա կդարձնեն, և ահա կապիտան Սագները գումարտակին հրաման է տալիս․ «Աստված չի կամենում, որ մենք կորչենք, ուրեմն փախչենք»։ Մեր գումարտակը ճղում է, բայց թշնամու դիվիզիան, որ մեզ շրջանցել է, տեսնում է, որ մենք, իսկապես ասած, սլանում ենք իր վրա։ Նա խելակորույս պուկ է տալիս, փախչում մեզնից և առանց մի կրակոցի ընկնում մեր բանակի ռեզերվային զորամասերի ձեռքը։ Ահա, ճիշտն ասած, այդտեղից էլ սկսվում է մեր գումարտակի իսկական պատմությունը։ Աննշան դեպքը, մարգարեաբար ասած, պան Վանեկ, ունենում է հեռուն գնացող հետևանքներ։ Մեր գումարտակը գիմում է դեպի հաղթանակից հաղթանակ։ Հետաքրքիր է, թե մերոնք ինչպես են հարձակվելու քնած թշնամու վրա․ դա նկարագրելու համար անհրաժեշտ է, որ պատմագիրը տիրապետի «Պատկերազարդ ռազմական թղթակից»-ի ոճին, մի ժուռնալ, որ ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ լույս էր տեսնում Վիլեմեկի հրատարակությամբ։