— Դուք կրալուպցի եք, ճի՞շտ է։ Դե ուրեմն, գրեցեք տուն, Կրալուպի, որ դուք անհետ կորչելու եք, միայն թե աշխատեցեք որքան կարելի է զգույշ գրել։ Բայց գուցե գերադասում եք ծանր վիրավոր լինել, մնալ լարափակոցների տակ պառկած։ Դուք այդպես գեղեցիկ, կոտրված ոտքով, պառկած եք ամբողջ օրը։ Գիշերը թշնամին լուսարձակներով լուսավորում է մեր դիրքերը և ձեզ հայտնաբերում։ Ենթադրելով, թե դուք հետախուզական ծառայություն եք կատարում, նա սկսում է ձեզ վրա նռնակներ ու արկեր տեղալ։ Դուք բանակին մեծ ծառայություն եք մատուցում, քանի որ թշնամու զորքը ձեզ վրա այնքան ռազմամթերք կգործադրի, որքան գործադրում է մի ամբողջ գումարտակի վրա։ Այդ բոլոր պայթյուններից հետո ձեր մարմնի մասերն ազատ ճախրում են մթնոլորտում, իրենց պտույտներով ճեղքում օդը։ Նրանք երգում են հաղթանակի մեծ երգը։ Կարճ ասած, յուրաքանչյուրը կստանա իրենը, և մեր գումարտակից յուրաքանչյուրը աչքի կընկնի, այնպես որ մեր պատմության փառավոր էջերը կլցվեն հաղթանակներով։ Թեև ես շատ էլ չէի ցանկանա դրանք լցնել, բայց ոչինչ չեմ կարող անել, ամեն ինչ պետք է արվի ջանասիրաբար, որպեսզի մեզնից հիշատակ մնա։ Այդ ամենը պետք է ավարտված լինի նախքան այն, երբ, ասենք, սեպտեմբեր ամսին, մեր գումարտակից պարզապես ոչինչ չի մնա, բացի պատմության փառապանծ էջերից, որոնք ճանապարհ կգտնեն դեպի Ավստրիայի բոլոր հպատակների սրտերը և նրանց կպատմեն, թե բոլոր նրանք, ովքեր այլևս չեն տեսնելու իրենց հայրենի տունը, մարտնչել են հավասարապես արիաբար ու խիզախաբար։ Այդ դամբանականի վերջին մասն ես արդեն կազմել եմ, պա՛ն Վանեկ։ Հավե՜րժ հիշատակ ընկածներին։ Միապետության նկատմամբ նրանց տածած սերը ամենից սուրբ սերն է, քանզի մղել է դեպի մահ։ Թող նրանց անունները հիշվեն հարգանքով, ինչպես, օրինակ, Վանեկի անունը։ Իսկ նրանք, ովքեր ամենից ավելի են վշտացած իրենց կերակրողների մահով, թող հպարտությամբ սրբեն իրենց արցունքները, քանզի ընկածները մեր գումարտակի հերոսներն են։
Հեռախոսավար Խոդոունսկին և խոհարար Յուրայդան մեծ հետաքրքրությամբ էին լսում հոժարականի հաղորդումը նրա կողմից պատրաստվող՝ գումարտակի պատմության մասին։
— Մոտ եկեք, պարոնա՛յք,— խնդրեց հոժարականը, թերթելով իր ձեռագիրը։— Էջ տասներեքերորդ, «հեռախոսավար Խոդոունսկին ընկավ սեպտեմբերի երեքին, գումարտակի խոհարար Յուրայդայի հետ միասին»։ Հիմա լսեցեք ծանոթագրություններս. «Անօրինակ հերոսություն։ Առաջինը, երեք օր շարունակ մնալով հեռախոսի մոտ, իր կյանքի գնով բլինդաժում պաշտպանում է հեռախոսալարը։ Երկրորդը, տեսնելով թշնամու կողմից մեր թիկունքն անցնելու վտանգը, եռացող սուպի կաթսան ձեռքին նետվում է թշնամու վրա, խուճապ առաջացնում թշնամու շարքերում։ Երկուսն էլ մեռնում են գեղեցիկ մահով։ Առաջինը պայթում է ֆուգասից, երկրորդը մեռնում է այն հեղձուցիչ գազերից, որ խոթում են նրա քթի տակ, երբ նա այլևս պաշտպանվելու ոչ մի միջոց չունի։ Երկուսն էլ մեռնում են՝ բացականչելով. «Es lebe unser Batalionskommandant!»[103]
։ Գերագույն հրամանատարությանը մնում է ոչ այլ ինչ, քան ամեն օր հրամանով մեզ շնորհակալություն հայտնել, որպեսզի մեր բանակի մյուս զորամասերն էլ իրազեկ լինեն մեր գումարտակի սխրագործություններին և նրանից օրինակ վերցնեն։ Ես կարող եմ ձեզ համար մի քաղվածք կարդալ բանակին տրված հրամանից, որը կարդացվել է բանակի բոլոր զորամասերում։ Դա շատ նման է էրցհերցոգ Կառլի այն հրամանին, որ նա արձակել է 1805 թվին, երբ իր բանակով կանգնած է եղել Պադուայի մոտ, որտեղ նրան մի լավ ջարդել են։ Դե ուրեմն, լսեցեք, թե ինչ պիտի կարդան մեր գումարտակի, այդ խիզախ, ամբողջ բանակի համար օրինակելի զորամասի մասին․ «Հուսով եմ, որ ամբողջ բանակը օրինակ կվերցնի վերոհիշյալ գումարտակից և նրանից փոխ կառնի սեփական ուժերի և արիության նկատմամբ ունեցած այն հավատը, այն անդրդվելիությունը վտանգի ժամին, այն անօրինակ հերոսությունը, այն սերն ու հավատը պետերի նկատմամբ, մի խոսքով, այն բոլոր առաքինությունները, որոնցով աչքի է ընկնում այդ գումարտակը և որոնք նրան մղում են դեպի զարմանքի արժանի սխրանքներ հանուն մեր միապետության բարօրության և հաղթանակի։ Թող բոլորը հետևեն նրա օրինակին»։Վագոնի այն անկյունից, որտեղ պառկած էր Շվեյկը, լսվեց մի հորանջ և քնի մեջ ասվող այս խոսքերը․ «Դուք իրավացի եք, պանի Մյուլլեր, երբեմն մարդիկ զարմանալի կերպով իրար նման են լինում։ Կրալուպիում Յարոշ անունով մի մարդ կար, որը ջրհորների վրա պոմպեր էր շինում։ Այդ Յարոշը շատ նման էր Պարդուբիցիում ապրող ժամագործ Լեյգանցին, սա էլ իր հերթին զարմանալի նման էր իչինցի Պիսկորին, իսկ այդ չորսը միասին նման էին մի անհայտ ինքնասպանի, որին կախված և բոլորովին քայքայված վիճակում գտան Ինդրժիխով Հրադեցի մոտ, մի լճակի մեջ, ուղղակի երկաթուղու հողաթմբի տակ, որտեղ, հավանաբար, նա իրեն գնացքի տակ էր գցել…»։— Եվս մի նոր անուշիկ հորանջ, և բոլորը լսեցին շարունակությունը․ «Մնացած բոլորին դատապարտեցին մեծ տուգանքի, իսկ վաղը, պանի Մյուլլեր, լապշա եփեցեք․․․»― Շվեյկը շրջվեց մյուս կողքի վրա և նորից սկսեց խռմփալ։ Այդ ժամանակ խոհարար-օկուլտիստ Յուրայդայի և հոժարականի միջև վիճաբանություն սկսվեց ապագան գուշակելու մասին։